Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործը

Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործը

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի հունիսի 24-ին` ժամը 12:00-ին,  «ԻԲԻՍ» հյուրանոցի «Կարին» սրահում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1) Բնապահպանական  հանրային դատարանը կքննի «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա»  գործը՝ ըստ լրագրող Թեհմինե Ենոքյանի դիմումի:

Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության էքստենսիվ զարգացման, նոր տեխնոլոգիաների չներդրման, օգտակար հանածոների արդյունահանման էժան տեխնոլոգիաների շարունակական կիրառման արդյունքում մեծ քանակությամբ հազվագյուտ և ցրված էլեմենտների չկորզման և հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլի  չապահովման արդյունքում Հայաստանի համար ստեղծվել են լուրջ մարտահրավերներ, որոնց հաղթահարումը պահանջում է ահռելի գումարներ: Առանձին դեպքերում հանքարդյունաբերության հետևանքներն ուղղակի անհնարին կլինի վերացնել։

Հայաստանում տարեցտարի ավելանում են ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով աղտոտված հողատարածքները, գետերը, գյուղմթերքը: Գյուղատնտեսական նշանակության, անտառային հողերը վերածվում են հանքարդյունաբերական ենթակառուցվածքների, լցակույտերի տարածքների:

Հանքարդյունաբերության ոլորտը չի ապահովում շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները, և սա տեղի է ունենում պետության կողմից հանքարդյունաբերական բիզնեսի նկատմամբ թույլ հսկողության և վերահսկողության պայմաններում: Իր հերթին Հայաստանում գործող օրենսդրությունը թույլ է տալիս հանքարդյունաբերական բիզնեսին չնչին գումարներ վճարել բնության աղտոտման, պատճառած վնասի դիմաց, չվճարել երկրի տարածքում գտնվող պոչամբարներում կուտակված 1 միլիարդ տոննա և ավելի հանքարդյունաբերական թափոնների համար:

Մինչ օրս պաշտոնապես հաստատված չէ հանքարդյունաբերության ազդեցությունը մարդու առողջության վրա այն դեպքում,երբ միջազգային կառույցների ուսումնասիրությունները և գիտական գրականությունը հիմնավորում են ծանր մետաղների ազդեցությունն առողջության վրա:

Հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ նախկին կառավարության, ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունների, Բնապահպանության տեսչական մարմնի մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:

14:36 Հունիս 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news