Մշակվում է ՀՀ-ում կայուն անտառկառավարման չափանիշների և ցուցանիշների ցանկը

Մշակվում է ՀՀ-ում կայուն անտառկառավարման չափանիշների և ցուցանիշների ցանկը

ԷկոԼուր

Կառավարության, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների 30 ազգային փորձագետներ մշակում են Հայաստանում կայուն անտառկառավարման չափանիշները և ցուցանիշները: Աշխատանքներն ընթանում են սեպտեմբերի 13-ից` Երևանում մեկնարկած «Կովկասում և Միջին Ասիայում կայուն անտառկառավարման հաշվետվողականության համակարգեր» թեմայով աշխատաժողովի շրջանակներում:

Անտառների կայուն կառավարման ցուցանիշները կարող են կարևոր տեղեկատվություն տրամադրել Հայաստանի անտառային ռեսուրսների վերաբերյալ և նպաստել ապացույցների հիման վրա քաղաքականության մշակմանը։ Ցուցանիշների կիրառումը կնպաստի Հայաստանի անտառների իրավիճակի մշտադիտարկմանը, գնահատմանն ու հաշվետվություններ մշակելուն, անտառների հետ կապված քաղաքականությունը հզորացնելուն և անտառների կայուն կառավարումը խթանելուն: Այս կարծիքին է ECE/FAO–ի անտառաբուծության բաժնի փոխտնօրեն Եկրեմ Յազիցինը:

Շատ երկրներ արդեն իսկ ընդունել և սկսել են կիրառել անտառների կայուն կառավարման իրենց ազգային չափանիշները և ցուցանիշները, և Հայաստանը միանում է այդ երկրների շարքին:
Փորձագետները չափանիշների և ցուցանիշների մշակման գործում օգտվում են միջազգային փորձից: Աշխատաժողովի ընթացքում Վրաստանից և Էստոնիայից ժամանած մասնագետները ներկայացրեցին իրենց երկրների կայացած փորձը:

Սեպտեմբերի 15-ին կամփոփվեն կատարված աշխատանքների արդյունքները, որին կհաջորդեն Հայաստանում կայուն անտառկառավարման չափանիշները և ցուցանիշների նախանական ցանկի հանրային քննարկումները:

Մինչ 2019 թվականը Հայաստանը պետք է ունենա կայուն անտառկառավարման չափանիշների և ցուցանիշների վերջնական ցանկը:

Աշխատաժողովը կազմակերպել են ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (UNECE) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):

19:50 Սեպտեմբեր 14, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news