
ԷկոԼուր
ԷկոԼուրը շարունակում է հրապարակել փորձագետների և հասարակական գործիչների կարծիքները` բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) հետ համատեղ անտառների միասնական կառավարման հարցի և այս ուղղությամբ ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ:
Իր կարծիքն է ներկայացնում « Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:
«Անտառների կառավարման կարգավիճակը հարկավոր է բարձրացնել մինչև Անտառտնտեսության կոմիտե, որը չի մտնի գյուղատնտեսության նախարարության կազմ, քանի որ գյուղատնտեսության նախարարությունը միանգամայն այլ գործառույթներ ունի (ԷկոԼուր` «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում են): Հնարավոր է, որ նոր կառույցը մտնի ՀՀ բնապահպանության նախարարության կազմ: Այստեղ ես առարկություններ եմ կանխատեսում, որ այս դեպքում կառաջանա շահերի բախում անտառօգտագործման և անտառի նկատմամբ վերահսկողության միջև: Բայց քանի որ Հայաստանի անտառներն ունեն բնապահպանական նշանակություն, նման որոշումն ավելի ընդունելի է: Անխոս, լավագույն լուծումը կլիներ ամենաբարձր մակարդակի կառույցի ստեղծումը` հաշվի առնելով այն վիճակը, որում հայտնվել են մեր անտառները ապօրինի հատումների պատճառով:
Սակայն, իմ կարծիքով, բոլորովին անընդունելի է անտառների կառավարման ընդհանուր համատեքստում դիտարկել ՀՀ բնապահպանության նախարարությունից ԲՀՊՏ-ների դուրս բերումը: Չի կարելի թույլ տալ անտառների և ԲՀՊՏ-ների մեխանիկական միավորումն ընդհանուր կառավարման ներքո, քանի որ ԲՀՊՏ-ներն իրարից անբաժան անտառային տարածքներ են, այլ լանդշաֆտներ են և կենսաբազմազանություն է:
ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմը և կառավարումը հիմնված են այնպիսի էկոլոգիական կոնվենցիաների սկզբունքների վրա, ինչպիսին է, օրինակ, «Կենսաբազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ազգային օրենսդրության սկզբունքների վրա` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք և այլն: Եթե հիմա կոտրեն ԲՀՊՏ-ների պահպանման և կառավարման վերաբերյալ մշակված որոշումները, ապա դա կարող է սպառնալ անդառնալի կորուստներով»:
18:59 Սեպտեմբեր 29, 2017