Արտակարգ իրավիճակ Վայոց ձորում, այրվում են Արտավանի գիհու բնական անտառները

Արտակարգ իրավիճակ Վայոց ձորում, այրվում են Արտավանի գիհու բնական անտառները

ԷկոԼուր

Սույն թվականի օգոստոսի 10-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած խոտածածկ տարածքում: Հրդեհը տարածվելով ընդգրկել է գիհու անտառային տարածքները: Ինչպես ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը, ով գտնվում է այժմ Արտավանում, դեռ հրդեհը չի հաջողվել մարել: «Ծառերը մեկը մյուսի հետևից կպնում են, մի ամբողջ էկոհամակարգ է ոչնչանում: Գիհու այս բնական ռելիկտային անտառներն անվերադարձ կորցնում ենք, դժվար թե հնարավոր լինի նորից այդ անտառը վերականգնել: Ամբողջ մանր ֆանունան, անողնաշարավոր կենդանիները ոչնչանում են, հատկապես այն կենդանատեսակները, որոնք լոկալ են իրենց կենսակերպով և որոնց բնորոշ չէ մեծ տարածությունների վրա տեղափոխվելը: Գիշատիչ թռչունները պտտվում են գլխավերևումս: Ոչնչանում է նրանց կենսամիջավայրը: Այնտեղ, որտեղ ես եմ, այս տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ չեն տարվում, հավանաբար, բոլոր ուժերը կենտրոնացրել են այն տարածքների վրա, որտեղից հրդեհը կարող է մոտենալ համայնքներին: Հիմա անտառը ծխում է ու քամին նպաստում է, որ այն կրկին բռնկվի և տարածվի: Այս հրդեհը մի քանի տասնամյակների կտրվածքով իր մասշտաբով ամենախոշորն է Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Լյուբա Բալյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` օգոստոսի 11-ի ժամը 14:00-ի դրությամբ այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում է մոտ 250 հա:

Ժամը 10:25-ի դրությամբ այրվում է 14 էլեկտրական սյուն, ինչի հետևանքով հոսանքազրվել է Արտավան գյուղը:


Օգոստոսի 11-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, զինված ուժերի 165 զինծառայող, ոստիկանության 73 աշխատակից:

Դեպքի վայրում են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը՝ տեղում իրավիճակային կառավարում իրականացնելու համար, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ. Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի պետը և Արտավանի գյուղապետը, անտառտնտեսության՝ 40, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 35, Եղեգնաձորի բաժնի՝ 27, Ջերմուկի բաժնի՝ 11, մարզպետարանի՝ 20 աշխատակիցներ և Արտավան գյուղի բնակիչներ (մոտ 100 հոգի):

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ) և 1 տրակտոր։

Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:

Լուսանկարներն ու տեսանյութերը` Լյուբա Բալյանի



14:31 Օգոստոս 11, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news