ԷկոԼուր
«Էյ Թի Փի» հիմնադրամը անտառվերականգնման և համայնքային ծառատունկի ծրագրերի շրջանակներում այս տարի տնկել է 248491 ծառ, որոնցից 7450-ը պտղատուներ: Մասնավորապես Տաշիրում աշնանային անտառվերականգման աշխատանքների արդյունքում տնկվել է 160.000-ից ավելի ծառ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին «Էյ Թի Փի» հիմնադրամից
«Մենք հպարտ ենք ձեռք բերած արդյունքներով։ 1994թ-ից ի վեր տնկված ծառերի թիվը, ներառյալ աշնանային տնկումները կազմում է 5 464 991։ Այս թիվը շարունակաբար աճում է, քանի որ մենք ջանասիրաբար աշխատում ենք բարելավել Հայաստանի շրջակա միջավայրը՝ ծառեր տնկելու և բնապահպանական կրթություն ապահովելու միջոցով»,- ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը։
Ծառերը արտադրվում են «Էյ Թի Փի»-ի 4 տնկարանում։ Հիմնադրամը բացի աճեցնելուց, ծառերը գնում է նաև իր մրցանակակիր միկրոձեռնարկատիրությունների վրա հիմնված տնամերձ տնկարաններից։ «Այս տարի տնկարանային տնամերձների թիվն ավելացել է ևս 19 ընտանիքով։ Ծրագիրն աշխատում է հետևյալ կերպ. բնակիչներին բաժանվում են սերմեր և տրամադրում անվճար խորհրդատվություն, որից հետո «Էյ Թի Փի»-ն կրկին գնում է արդեն աճեցրած բուսակներն ու վերատնկում մոտակա մարզերում»,- ասել է Ջինմարի Փափելյանը։
2017թ-ին «Էյ Թի Փի»-ն արտադրել է մոտ 680000 կգ միրգ։ Ամեն տարի «Էյ Թի Փի» հիմնադրամը ժամանակավոր աշխատանքով է ապահովում մոտ 150 մարդու:
Դեկտեմբեր 05, 2017 at 16:18