«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն «Արևիկ» ազգային պարկում նախատեսում է տնկել 4.26 հեկտար անտառ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն «Արևիկ» ազգային պարկում նախատեսում է տնկել 4.26 հեկտար անտառ

ԷկոԼուր

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պատվերով «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի տարածքում նախատեսվում է տնկել 4.26 հեկտար անտառ: Անտառը պետք է տնկվի Բողաքար գետի ափին հարող տարածքում: Անտառապատման աշխատանքների կատարողը «Կանաչ Դիզայն» ՍՊԸ-ն է:

Այսպիսով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը պետք է փոխհատուցի «Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման օդային գիծ և համապատասխան ենթակայան» կառուցման ծրագրի շրջանակներում անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասը:

Սյունիքի մարզի Մեղրի-Նորավան հատվածում՝ 101600քմ տարածքում, ոչնչացվելու է անտառային տարածք. հատվելու է 16110 հատ ծառ, մինչև 4սմ և մատղաշ ու բնական վերաճ՝ 17500 հատ: Ծրագրի նպատակն է ավելացնել Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի միջին տարեկան ծավալը: 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի համաձայն՝ անտառապաման համար կպահանջվի 12780 տնկանյութ, որից 6390-ը՝ կաղնի, 3195-ը՝ հացենի և թխկի, 3195-ը՝ տանձենի և խնձորենի:

Անտառապատման աշխատանքների իրականացման պարտադիր պայմաններն են.

• անտառտնկման աշխատանքների ժամանակ օգտագործել փակ արմատային համակարգով բարձրորակ տնկանյութ;

• ապահովել տնկարկների կպչողականությունը 60 %-ից ոչ պակաս:

Անհրաժեշտության դեպքում նախատեսված է կատարել դաշտամկների դեմ պայքարի աշխատանքներ:

««Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված «Արևիկ» ազգային պարկի Բողաքար գետի ափին հարող 4.26 հա տարածքի անտառապատում» նախագծի նախնական գնահատման հայտը ներկայացված է բնապահպանական փորձաքննության:

 

 

18:44 Ապրիլ 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news