1.5 միլիարդ դրամի վնաս` ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով

1.5 միլիարդ դրամի վնաս` ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով

ԷկոԼուր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 մասնաճյուղում տևական ժամանակ մեծ ծավալների ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Դեպքերի կապակցությամբ հարուցել է 4 քրեական գործ, իսկ որպես մեղադրյալ ներգրավվել է 13 անձ, որոնց թվում են.

- ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

- ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բույսերի կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

- ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

- «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետագայում կիրառվել է գրավ,

- ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության նախկին տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,

- ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բույսերի կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալին կաշառք ստանալու հարցում օժանդակած անձը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,

- ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

- «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 3 անտառապետեր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին.

- ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով /5 դրվագ/ և 296-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի ծառահատումներ կատարելու համար թույլտվություն ստանալու համար «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության պաշտոնատար անձանց կաշառք տված անձին, որի նկատմամբ քննիչի միջնորդության հիման վրա դատարանը որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ միաժամանակ թույլատրելի ճանաչելով գրավը, սակայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին՝ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության անտառապահը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-ի 3-րդ մասի 2-րդ կետով /5դրվագ/, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պետությանը պատճառված վնասի չափերը հետևյալն են. Սյունիքի անտառտնտեսությունում` 9 միլիոն 771.750 ՀՀ դրամ, որից 4 միլիոն 589.000 ՀՀ դրամի վնասը վերականգնվել է: Նոյեմբերյանի անտառտնտեսությունում` 12 միլիոն 490.500 ՀՀ դրամ, Եղեգնուտի` 99 միլիոն 845.583 ՀՀ դրամ, Ստեփանավանի` 97 միլիոն 174.500 ՀՀ դրամ, Արծվաբերդի` 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ, Դսեղի` 637 միլիոն 959.000 ՀՀ դրամ, Իջևանի` 128 միլիոն 238.000 ՀՀ դրամ, Սևքարի` 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախոզական միջոցառումներ՝ հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց պարզելու, յուրաքանչյուր անձի արարքին համարժեք իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

12:39 Փետրվար 08, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news