Կառավարությունը 6 միլիոն դրամ կհատկացնի «Հայանտառին»՝ կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու նախագծի կազմման նպատակով

Կառավարությունը 6 միլիոն դրամ կհատկացնի «Հայանտառին»՝ կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու նախագծի կազմման նպատակով

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը 6 միլիոն դրամ կհատակցնի «Հայանտառ» ՊՈԱԿ–ին՝ Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու համար անհրաժեշտ նախագծա–նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար։ Նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի № 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին գումար հատկացնելու մասին» որոշման նախագծին:

Նախագծի համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երևանի անտառպետության 56 հա-ից 45 հա-ը ծառապատվել է, ինչը դեռևս անտառի շարք չի փոխանցվել։ «Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Արդյունքում ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդնումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում»,- նշված է փաստաթղթի մեջ։

Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ կլինի 120 միլիոն դրամ գումար։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը գործադիրի անդամներին հայտնել է, որ Նորքի անտառներում, կախված հողերի որակից ու տարածքի թեքությունից, վերարտադրողականությունը չափազանց ցածր է. «Կաթիլային համակարգի ներդրման արդյունքում անտառվերականգնման աշխատանքներն այս տարածքում ավելի արդյունավետ կլինեն։ Նույնիսկ սեփականաշնորհված հատվածներում սահմանվելու է կանաչապատման նվազագույն ցուցանիշ, որը սեփականատերերը ստիպված կլինեն ապահովել»,- նշել է նա։

 

13:10 Նոյեմբեր 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news