Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է. Հայաստանի անտառների խնդիրները

Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է. Հայաստանի անտառների խնդիրները

ԷկոԼուր

Մարտի 21-ին աշխարհում նշվում է Անտառների միջազգային օրը: 2018 թ-ի թեման է «Անտառները և կայուն քաղաքները»:

Հայաստանի անտառների հիմնական խնդիրներն են.

  • ապօրինի հատումները
  • անտառային սեկտորի կառավարման և վերահսկման համար բավականաչափ մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների բացակայությունը
  • անտառատնկումների համար ֆինանսների բացակայությունը
  • բիզնեսի և ենթակառուցվածքների զարգացման համար անտառահատումների թույլատրումը
  • անտառների գույքագրման բացակայությունը, անտառային հողերի և կադաստրային քարտեզների անհամապատասխանությունը:

Ապօրինի հատումները

Հայաստանը սակավանտառ երկիր է, անտառածածկը պաշտոնական տվյալներով կազմում է 11.2 %, իսկ անկախ փորձագետների հաշվարկներով՝ 7-ից 10 %: Ապօրինի հատումների արդյունքում Հայաստանի անտառները կորցրել են արժեքավոր ծառատեսակները: Բազմաթիվ բարձրարժեք անտառներ, որոնք հատվել են անկախությունից հետո, փոխարինվել են կոճղաշիվային անտառներով: Նկատվում է անտառային տարածքների դեգրադացում:

«Այսօր ապօրինի ծառահատումները մեր երկրում, ցավոք, չափազանց մեծ ծավալի են հասել: Ոչ միայն ստվերային գործունեություն, այլ նաև անխնա հատումներ են իրականացվում առանց մասնագիտական մոտեցման, այլ կերպ ասած, անտառը գերշահագործվում է ապօրինի գործողությունների արդյունքում: Մենք պետք է անտառից հանենք բիզնեսը, պետք է նվազեցվի վառելափայտի պահանջարկն անտառամերձ համայնքներում ջերմախնայող տեխնոլոգիաների ներդրման, մարդկանց եկամուտների բարձրացման միջոցով, որպեսզի նրանք ի վիճակի լինեն ապահովել ջեռուցում էներգիայի այլ աղբյուրներով», - Անտառների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:

Անտառահատումներն օրինականացնելու նպատակով որոշվել է ավելացնել օրինական հատումների ծավալը: Պաշտոնական տվյալներով` 2018 թ-ին օրինական հատումների ծավալը կկազմի 90 596 խմ: Սա շուրջ 3 անգամ ավելին է վերջին 10 տարում եղած օրինական հատումների ծավալից:  

ՀՀ բնապահպանության նախարարության կազմում ստեղծված Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանի կարծիքով` օրինական հատումների ծավալների ավելացումը անտառին վնաս չի տալու: 

«Օրինական հատումներն ավելանալու են, և դա չի նշանակում, որ վնաս է լինելու անտառին: Օրինական հատումները միտված են` պայքարելու ապօրինի անտառհատումների դեմ. հատատեղիների քանակն ավելացնում ենք` եկամուտներն ավելացնելու, անտառը խնամելու նպատակով: Քիչ հատումը դա լավ բան չի. եթե կա հատման ենթակա ծառ, այդ ծառը պետք է հատվի:  Նախկին տարիներին հատվել են ապօրինի ձևով, ավելի շատ է հատվել, քան այսօր օրինական կհատվի: Շատ բազմակողմանի ուսումնասիրություն է կատարվելու, ընտրվելու են այն տեղերը, որոնք հատման ենթակա են, խանգարում են անտառին, անտառի բնական վերաճին: Իսկ ապօրինի հատումով մարդը կտրում է այնտեղից, որտեղից իրեն հարմար է: Դա իրական վնաս է: Այդ հատումների արդյունքում մենք կհիմնենք ավելի մեծ անտառածածկ տարածքներ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Միքայել Մանուկյանը:

Նշենք, որ ՄԱԶԾ-ԳԷՀ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի տվյալներով` Հայաստանում տարեկան սպառվում է 1.5 միլիոն խմ վառելափայտ:  Եթե ՀՀ կառավարությունը շարունակաբար ավելացնի օրինական հատումների ծավալը երկրում առկա փայտանյութի պահանջարկը բավարարելու և հատումներն օրինականացնելու համար, ապա Հայաստանն ընդհանրապես կկորցնի իր անտառները, որոնք արտադրական նշանակություն չունեն, ունեն պաշտպանիչ նշանակություն:

Ֆինանսավորման, ռեսուրսների բացակայություն

Պետբյուջեից վերջին 10 տարիներին գումարներ չեն տրամադրվել անտառատնկման համար: Նույնիսկ ապօրինի անտառահատումների դիմաց պետբյուջե մուտքագրված գումարները չեն ուղղվել անտառվերականգնման նպատակին: Հայաստանում այս ժամանակահատվածում անտառատնկումներ իրականացվել են հիմնականում միջազգային կազմակերպությունների դրամական միջոցներով: Յուրաքանչյուր անտառապահի պահպանությանն է հանձված 700- 1500 հեկտար անտառի պահպանություն, որը նա պետք է իրականացնի ոտքով կամ ձիով, դրա համար վարձատրվի մոտ 150 ԱՄՆ դոլլարի չափով:

Պաշտոնական տվյալների համաձայն` 2004-2015թթ ընթացքում անտառմշկույթների ցանքս և տնկում իրականացվել է ընդամենը  3666 հա տարածքում, օժանդակում անտառի բնական վերաճին հանքայնացման միջոցով` 5786 հա տարածքում, օժանդակում անտառի կոճղաշիվային վերաճին` 8124 հա տարածքում, օժանդակում անտառի բնական վերաճին ցանկապատման միջոցով` 14032 հա տարածքում: Այս աշխատանքներն իրականացվել են հիմնականում 2004-2008թթ ընթացքում:

Անտառային հրդեհներ

Անտառային հրդեհները հատկապես շատ էին 2017թ-ին: «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով 2017 թ-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցումբռնկված հրդեհի արդյունքում այրվել  է ընդհանուր 1716,3 հա տարածք, որից արգելոցի սահմաններից դուրս այրված տարածքը կազմել է 74,66 հա: Վայոց ձորի մարզում բռնկվածհրդեհի ադյունքում այրվել է ընդհանուր 609.016 հա տարածք: Բյուրականում  բռնկված հրդեհն ընդգրկել է մոտ 762 հա տարածք, որտեղ ցածր, չափավոր-ուժեղ և բարձրաստիճաններով այրվել է մոտ 597 հա տարածք: Ընդհանուր այրվել է 2922.316 հա տարածք: Նշենք, որ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով 2012-2016 թթ. բռնկված հրդեհների արդյունքում գումարային այրվել 364.6 հա անտառածածկ տարածք:

Բիզնեսի և ենթակառուցվածքների զարգացման համար անտառահատումների թույլատրումը

Անտառի վրա մեծ ազդեցություն ունի նաև բիզնեսը: Բիզնես գործունության համար անտառահատումներ իրականացնող բիզնեսը պատշաճ չի կատարում իր առջև դրված անտառատնկման պարտավորությունը: Մասնավորապես, «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման և ենթակառուցվածքների կառուցման համար պետք է պաշտոնապես հատվի 357 հա անտառ, փոխարենը տնկվի 714 հեկտարը: Ընկերության տվյալներով տնկվել է 562 հեկտար անտառ, որից 31 հա-ը՝ այգետունկի ծրագրիշրջանակում: Տնկված անտառի միջին կպչողականությունը կազմել է 61%: Սակայն տնկված անտառը իրականում որոշ տեղերում գոյություն չունի:

Պատշաճ անտառատնկման աշխատանքներ չեն իրականացնում նաև փոքր ՀԷԿ-երը: Մասնավորապես, Արփա գետի ավազանում ՓՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված էր իրականացնել 442 ծառի հատում, սակայն ՓՀԷԿ-երի կողմից հատված ծառերի փոխարեն չի իրականացվել բավարար քանակությամբ ծառատունկ:

Կադաստրային տվյալների անճշտություններ

Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում հյուսիս-արևելյան 18.600 հեկտար համայնքային անտառներ կադաստրային քարտեզներում նշված են եղել որպես այլ հողատեսքեր: Մինչդեռոչ անտառային հողային կատեգորիաների 13.200 հեկտար տարածքը  քարտեզագրվել է որպես անտառ: Այս խնդիրը 2010թ-ին արձանագրվեց նաև ՀՀ Կոտայքի մարզում:

Հայաստանի անտառային ոլորտում բարեփոխումների, պատշաճ կառավարման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության կազմում 2017թ-ի վերջին ստեղծվել է Անտառային պետական կոմիտե, որի ուսերին է ընկնելու Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունը` երկրի անտառածածկը մինչև 2050 թվականը հասցնել 20.1 տոկոսի:

20:52 Մարտ 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news