Դալմայի այգիների իրական տերերը. արխիվային փաստաթղթեր

Դալմայի այգիների իրական տերերը. արխիվային փաստաթղթեր

www.aravot.am

Երեւան քաղաքի Դալմայի այգիների հողօգտագործողներից բացի կան մարդիկ, որոնց նախնիներն այգիներում սեփականության իրավունքով հողեր են ունեցել: Դա են վկայում արխիվային բացառիկ փաստաթղթերը:

Սաթենիկ եւ Մարիամ Շահխաթունի քույրերի պապիկը՝ Արմենակ Ղամբարյանը, որը գինեգործ է եղել, 1934 թվականին իր 12.4 հազար քմ մակերեսով հողակտորը վարձակալության է տրամադրել ԽՍՀՄ-ին, որպեսզի կոլտնտեսության համար մշակեն: 1992 թ.-ին «Голос Армении» թերթում քույրերը տեսել են հայտարարություն, որ Դալմայի այգիների սեփականատերերին էր վերաբերում: Ըստ հայտարարության, սեփականատերերը պետք է պետությանը ներկայացնեին իրենց փաստաթղթերը, որպեսզի հողերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվեր: Սաթենիկ Շահխաթունին պատմեց, որ այդ ժամանակ ստեղծվել էր Դալմայի հողերը տնօրինած մարդկանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն: Այդ ժամանակներից քույրերը պայքարում են իրենց ժառանգության համար: Նրանք ունեն 1934 թ.-ին թվագրված փաստաթուղթ, որը փաստում է, որ հողակտորը պատկանել է իրենց պապիկին:

928 թվականին ստորագրված առքուվաճառքի պայմանագիրը

Շահխաթունի քույրերը մինչեւ 2018 թ.-ին տեղի ունեցած հեղափոխությունը եւ դրանից հետո շարունակում են պայքարել իրենց ժառանգության համար: Ամիսներ առաջ դիմել են հանրապետության նախագահին, ապա գնացել քաղաքապետարան, սակայն որեւէ շոշափելի արդյունքի չեն հասել: Աշոտ Իսաբեկյանի ձեռքում է հոր պապիկի ստորագրությամբ փաստաթուղթը, որի համաձայն ինքը 1912 թվականին հողակտոր է գնել Դալմայի այգիներում: Աշոտ Իսաբեկյանը նկարագրելով իր նախնիներին պատկանած հողակտորի տեղը, նշեց, որ այն գտնվում էր Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Մոնթե Մելքոնյան  փողոցն ընկնող հատվածում: Ըստ  փաստաթղթի, հողակտորն ունեցել է 7 հեկտար մակերես:

Աշոտ Իսաբեկյանը մանկուց գիտեր, որ իր պապիկի հայրը հող է ունեցել Դալմայի այգիներում, սակայն բոլորովին վերջերս է կարողացել Ազգային արխիվում գտնել այդ ամենը հավաստող փաստաթուղթը: Դա գտնելուց հետո իրավական գործընթաց է սկսել: Նախ կազմել է իր եւ պապիկի հոր կապը հաստատող փաստաթղթերի ցանկը: «Արխիվից գտել եմ հորս պապի ծննդյան վկայականը, հետո իր երեք աղջիկների ծննդյան վկայականները, որտեղ նշված է եղել Մկրտիչ Թադեւոսովի անունը, հետո գալիս է հորս ծննդյան վկայականը, որտեղ գրված է, որ ինքն իր մոր ժառանգն է, հետո արդեն իմ ծննդյան վկայականն է, որտեղ գրված է՝ հայրս ով է»,- պատմեց Աշոտ Իսաբեկյանն ու հավելեց, որ այդ ամենից հետո գնացել է նոտար, որպեսզի ժառանգության հանգամանքը հաստատի, սակայն նոտարն ուզել է նաեւ պապի հոր պապիկի մահվան վկայականը: Աշոտ Իսաբեկյանն այժմ արխիվում փնտրում է այդ մահվան վկայականը:

«Յուրի Վարդանյանը, որ հաղթեց ՄԻԵԴ-ում, արդեն նախադեպ կա: Սա կարեւոր հարց է,  պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ստանա, ԱԺ-ն ուզում է փաստահավաք խումբ ստեղծի, որ այդ հարցերին անդրադառնա: Չպետք է անհատական լինի որոշումը, օրենք պետք է լինի»,- նշեց Աշոտ Իսաբեկյանը։ 

Մարի ՉԱՔՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Շահխաթունի քույրերի պապիկին պատկանած հողակտորի գծագիրը, հարեւան հողերի սեփականատերերի տվյալները:

Հետաքննությունն իրականացվել է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի աջակցությամբ «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կանաչ արդարություն» ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության եւ/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները:


15:10 Դեկտեմբեր 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news