Ծառատունկ Եռաբլուրում և բնության հատուկ պահպանվող տարածքներում

Ծառատունկ Եռաբլուրում և բնության հատուկ պահպանվող տարածքներում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարել է «Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակ», որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և Եռաբլուրում՝ շուրջ 80 հեկտարի վրա, իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ տնկելով 165 հազար տնկանյութ։ Միջոցառումներն իրականացվում են նաև ծառատունկ-շաբաթօրյակների միջոցով:

«Հայ-բելառուսական բարեկամության անտառի» հիմնման նպատակով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության անտառների կառավարման հանրապետական «Բելգոսլես» ձեռնարկության միջև կնքված պայմանագրի համաձայն, ազգային պարկի տարածքում՝ շուրջ 10 հեկտարի վրա իրականացրել են 60 հազար սոճենու տնկման աշխատանքներ: Տնկիները բերվել են Բելոռուսի հանրապետությունից: «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնել է, որ ազգային պարկում ապրիլի 16-ին մեկնարկել է և 21-ին ավարտվել է սոճենիների տնկման աշխատանքներ: Ապրիլի 21-ին ծառատունկ է իրականացվել Ծովագյուղ համայնքի հարակից տարածքում: Անտառտնկման ենթակա բոլոր տարածքները ցանկապատված են փշալարերով, ինչը պաշտպանում է տնկիները ընտանի կենդանիներից և էականորեն բարձրացնում է դրանց կպչողականությունը։ 2 հեկտար տարածքի վրա տնկման աշխատանքներ են իրականացվել նաև «Սևան» ազգային պարկի Մարտունու տարածաշրջանում, որտեղ տնկվել են 3-5 տարվա սոճենու տնկիներ։

ՀՀ բնապահպանության նախարարությունը բելառուսական «Բելգոսլես» ընկերությունից ստացված սոճենու տնկանյութից 200 հատ հատկացրել է Եռաբլուրին Ապրիլյան պատերազմի զոհերի համար նախատեսված պուրակի հիմնման նպատակով։ Առաջարկը ստացվել էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկի՝ Արմենակ Ուրֆանյանի ծնողի կողմից։ Եռաբլուրում ծառատնկման արարողությանը մասնակցել են հերոսի հարազատները, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման զինծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները՝ նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանի գլխավորությամբ։

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում ապրիլի 21-ի ծառատունկ-շաբաթօրյակներիժամանակ ևս երկու հեկտարի վրա իրականացվել է 2000 տնկանյութի տնկման միջոցառումներ։
ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեն մինչև մայիս ամիսը 25 հեկտար տարածքի վրա իրականացնելու է 75 հազար տնկանյութի անտառտնկման, անտառվերականգնման և խնամքի ընթացիկ աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

14:54 Ապրիլ 26, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news