Էկոլոգիական աղետ Սիբիրում, այրվում է ավելի քան 3 միլիոն հեկտար անտառ. Վլադիմիր Պուտինի հրամանով մարման աշխատանքներին կներգրավվի բանակը

Էկոլոգիական աղետ Սիբիրում, այրվում է ավելի քան 3 միլիոն հեկտար անտառ. Վլադիմիր Պուտինի հրամանով մարման աշխատանքներին կներգրավվի բանակը

ԷկոԼուր

Մեկ շաբաթից ավելի է Ռուսաստանի Սիբիրում անտառները հայտնվել են կրակի մեջ, այրվում է ավելի քան 3 միլիոն հեկտար անտառ: Ինչպես հայտնում է ՌԴ-ի նախագահի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պուտինի հրամանով մարման աշխատանքներին կներգրավվի բանակը:

Հրդեհների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարված Կրասնոյարսկի երկրամասում, Իրկուտսկի շրջանում, մասամբ նաև Բուրյաթիայում և Յակուտիայում:

www.svoboda.org-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսսը հայտարարել է՝ հրդեհները բնական երևույթներ են, որոնց դեմ պայքարելն անիմաստ է, երբեմն, անգամ վտանգավոր:

www.sibreal.org-ի փոխանցմամբ՝ ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնել է Կրասնոյարսկ և տեղական իշխանությունների հետ խորհրդակցություն անցկացրել: Նա նշել է, որ հրդեհների մարումը՝ տեղական իշխանությունների պատասխանատվությունն է: Ըստ ՌԴ-ի վարչապետի՝ մարդկանց կյանքին սպառնացող վտանգ չկա, բայց պետք է թույլ չտալ հրդեհների տարածումը:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ այս տարի ամբողջ Ռուսաստանի տարածքում մեծ է եղել հրդեհների առաջացման վտանգը, իսկ Սիբիրում դրանք հասել են հսկայական ծավալների, որովհետև ժամանակին չեն մարվել, ինչպես արվել է մյուս շրջաններում, հայտնում է tass.ru-ն:

Բնապահպանները Սիբիրի անտառային հրդեհներն անվանել են աննախադեպ էկոլոգիական աղետ մարդկության համար: Ըստ www.svoboda.org-ի՝ Գրինփիսը նախաձեռնել է ստորագրահավաք՝ պահանջելով ռուսական իշխանություններից հրատապ միջոցներ ձեռնարկել Սիբիրի անտառների հրդեհները մարելու ուղղությամբ: Շուրջ 800 հազար մարդ արդեն միացել է ստորագրահավաքին:

Ռուս հասարակական, քաղաքական գործիչ Անատոլի Բիկովը հաղորդավար Մաքսիմ Շեւչենկոյի հետ զրույցում առաջ է քաշել վարկած, որ Սիբիրում անտառային հրդեհների միջոցով կոծկվում են ապօրինի անտառհատումները, որպեսզի չկարողանան հաշվել օրինական և անօրինական հատումների ծավալները: Մաքսիմ Շեւչենկոն իր հերթին առաջ է քաշում վարկած, որ ապօրինի հատված փայտանյութը տեղափոխվում է Չինաստան, և դա արվում է տեղական իշխանությունների հովանու ներքո:

Անտառային հրդեհների դեմ պայքարում Ռուսաստանին իր օգնությունն է առաջարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Պուտինը նշել է, որ անհրաժեշտության դեպքում կընդունի ԱՄՆ-ի օգնությունը, հաղորդում է Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքը:



16:55 Օգոստոս 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news