Անտառտնկման բնագավառում գրանցված սոցիալական և բնապահպանական գործոնները՝ հիմնված «Էյ Թի Փի»-ի 25-ամյա փորձի վրա

Անտառտնկման բնագավառում գրանցված սոցիալական և բնապահպանական գործոնները՝ հիմնված «Էյ Թի Փի»-ի 25-ամյա փորձի վրա

Ջեյսոն Սոհիգյան, «Էյ Թի Փի»

Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանի կողմից մինչև 2050 թվականը երկրի անտառածածկի կրկնապատկման հանձնառությունը գրավել է հանրության և ոլորտի մասնագետների ուշադրությունը: Այս թեման լայն քննարկումների առարկա դարձավ նաև «Էյ Թի Փ ի» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպված «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով համաժողովի ընթացքում, որը տեղի ունեցավ 2019թ. -ի հոկտեմբերին:

Անտառվերականգնմանն ուղղված հավակնոտ այս նախաձեռնությունը լի է բազում մարտահրավերներով և հնարավորություններով: Անդրադառնալով դրանցից մի քանիսին՝ նշվեց տնկարանների ստեղծման, բույսերի և կենդանիների համար կենսամիջավայրի ընդլայնման և գլոբալ տաքացման դեմ շարժմանը միանալու անհրաժեշտությունը, քանի որ ծառերը մթնոլորտից կլանում են ածխաթթու գազ: Գագաթնաժողովի ժամանակ փորձագետները մտահոգություն արտահայտեցին տնկումների համար համապատասխան տարածքների սղության մասին: Ի դեպ, անտառտնկման ոլորտում, Հայաստանի կողմից իր երկարաժամկետ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 250000 հա տարածքի վրա ստեղծել նոր անտառներ:

Հաշվի առնելով Հայաստանի միկրոկլիմայական խիստ բազմազան պայմաններն ու անտառտնկման համար պիտանի տարածքների սահմանափակ լինելը՝ անհրաժեշտ է անտառվերականգնման և անտառապատման բնագավառում կիրառել հնարամիտ մոտեցումներ: Այս առումով, «Էյ Թի Փի»-ն իր գործունեության 25 տարվա ընթացքում հաջողությամբ տնկումներ է իրականացրել Հայաստանի բոլոր մարզերում և մտադիր է շարունակել և առաջատար դիրք գրավել Հայաստանի կայուն զարգացման գործընթացում: Համաժողովին մասնակցած Լիբանանի, Քենիայի և Իսրայելի փորձագետները ներկայացրին իրենց երկրներում անտառտնկման ոլորտում կիրառվող հնարամիտ և ստեղծարար մոտեցումների մասին:

Անտառվերականգնման (reforestation) և անտառապատման (afforestation) եզրույթները երբեմն կիրառվում են փոխարինաբար: Դրանք տարանջատելու համար հարկ է նշել, որ անտառվերականգնման դեպքում ծառեր տնկվում են նախկին անտառապատ տարածքներում, մինչդեռ անտառապատման դեպքում տնկումներն իրականացվում են այն հողատարածքներում, որտեղ նախկինում ծառեր չեն եղել:

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՄԻԱԿԱԶՄ ԱՆՏԱՌՆԵՐ ՏՆԿԵԼՈՒՑ

KKL-JNF իսրայելական ազգային հիմնադրամի անտառագետ Դոկտոր Օմրի Բոննեհը համաժողովի ընթացքում ներկայացրեց իր կազմակերպության փորձից որոշ օրինակներ, մասնավորապես նշելով, որ, օրինակ 1920-ից մինչև 1970թթ. Իսրայելում բացառապես տնկվում էին փշատերև անտառներ: Սակայն 1970-ական և 1990-ական թվականներին ինվազիվ վնասատուների պատճառով երկրում գրանցվեցին սոճիների զանգվածային չորացման դեպքեր, ինչը հանգեցրեց անտառային քաղաքականության մեջ որոշ փոփոխություններ մտցնելուն:

«Մենք հասկացանք, որ մեր բոլոր ուժերը միակազմ անտառներ տնկելու վրա կենտրոնացնելն այդքան էլ խելամիտ մոտեցում չէ կայուն անտառներ ձեռք բերելու համար: Հետևաբար, 1990 թվականին փոխեցինք մեր անտառային քաղաքականությունը: Նոր որոշման համաձայն՝ մեր նպատակն էր ստեղծել խառը, բազմաշերտ անտառներ, որոնք իրենց բուսական կազմով մոտ կլինեն բնական անտառներին», - նշեց Բոննեհը:

Վերոնշյալ փորձն ուսանելի է նաև մեր երկրի համար, որը դեռ խորհրդային դարաշրջանից ժառանգել է բավականին մեծ թվով միատեսակ անտառներ: Բանախոսը կոչ արեց Հայաստանին դասեր քաղել Իսրայելի օրինակից և միատարր անտառների փոխարեն ստեղծել խառն անտառներ: Այս խնդիրը բազմիցս արծարծվեց համաժողովի ընթացքում հայ և միջազգային փորձառու մասնագետների կողմից:

Պարոն Բոննեհն օրինակներ բերեց նաև Իսրայելի հարավում գտնվող անապատներից, որտեղ տարեկան տեղումների քանակը նույնն է, ինչ Երևանում: KKL-JNF իսրայելական ազգային հիմնադրամը վերականգնել է գերարածեցման և էրոզացված հողերի հետևանքով անապատացված այս տարածքները: Ավելին, նրանց հաջողվել է ծառեր տնկել գետերի հունի երկայնքով և ֆերմերին սովորեցրել, թե ինչպես կուտակել ջրի պաշարներ:

Գլխավոր բանախոսներից մեկ ուրիշը՝ Դոկտոր Էնթընի Դեյվիսը, իր ելույթի ընթացքում կրկին հիշեցրեց գագաթնաժողովի մասնակիցներին, որ ապագայի անտառների տեսլականն ուղղակիորեն կախված կլինի ներկայումս ընդունված որոշումներից: Ծառատեսակների ընտրության ու տնկման վայրի ճշգրիտ տեղակայման միջոցով Հայաստանի անտառվերականգմանն ուղղված աշխատանքները կարող են նպաստել համայնքների վերականգնման, զարգացման և էկոհամակարգերի խթանման գործընթացին:

«ՍՈՍԵԻ և ԱԼԵՆԻ» ԱՆՎԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՆՏԱՌԸ՝ ՈՐՊԵՍ «ԷՅ ԹԻ ՓԻ»-Ի ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿ

Հայաստանում ծավալած 25-ամյա գործունեության ընթացում «Էյ Թի Փի»-ն ավելի քան 30 տեղամասում տնկել է 1000 հա մակերես ընդգրկող նոր անտառներ: Անդրադառնալով այդ անտառներին՝ հարկ է նշել Ստեփանավանում գտնվող Սոսեի և Ալենի անվան հիշատակի անտառը:

«Նոր անտառներ հիմնելու համար «Էյ Թի Փի»-ն հիմնականում տարածքներ է փնտրում երկրի հյուսիսային շրջաններում: Հետևաբար, հերթական անգամ, երբ մենք դիմեցինք Ստեփանավանի քաղաքապետարանին անտառտնկման տարածքներ տրամադրելու խնդրանքով, մեզ առաջարկեցին շուրջ 17 հա մակերես զբաղեցնող այս տարածքը», - նշեց Հիմնադրամի անտառվերականգնման ծրագրի ղեկավար Նավասարդ Դադյանը:

Երկրի հյուսիսում անտառտնկումներ իրականացնելու Հիմնադրամի ընտրությունը պայմանավորված է Լոռու շրջանում գտնվող իր «Միրաք» ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանով: Այս տնկարանը հնարավորություն է ընձեռում բազմացնել և վերատնկել տվյալ կլիմայական պայմաններին հարմարեցված տնկիներ:

Սոսեի և Ալենի անվան անտառը՝ որպես կենդանի հուշահամալիր, ստեղծվել է 2013թ. -ին ավտովթարի հետևանքով զոհված երիտասարդ զույգի հիշատակին: Նրանց ընկերների և ընտանիքի անդամների կողմից այս ծրագրի իրականացման համար հավաքված դրամահավաքի շնորհիվ 2014թ. -ին տեղի ունեցան առաջին տնկումները, որին ներկա էին երջանկահիշատակ այս զույգի ընկերներից շատերը:

Ստեփանավանի աչքի ընկնող բլուրներից մեկի վրա սփռված այս տարածքը տեղացիների կողմից սիրված վայրերից է, քանի որ այստեղ է գտնվում հայկական հնագույն խաչքարերից մեկը: Համայնքում կա ընդամենը մեկ զբոսայգի, ուստի այս տեղանքը հնարավություն է ընձեռում բնակիչներին իրենց հանգիստը կազմակերպել նորատունկ անտառում: Ավելին, տարածքը նախկինում եղել է արոտավայր: Բարեբախտաբար, տարածքը միայն մասամբ էր ենթարկվել էրոզիայի, ուստի հողը պիտանի էր նոր անտառ ստեղծելու համար:

Սոսեի և Ալենի անվան հիշատակի անտառն ընդհանուր առմամբ բարելավում է տեղանքի էկոլոգիան: Հետագայում ժողովուրդը կկարողանա նաև սունկ հավաքել և ամռան շոգ օրերին իրենց հանգիստը կազմակերպել այստեղ: Նշեմ նաև, որ տեղի բնակչությունը տեղյակ է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բացասական ազդեցությունների մասին և կարևորում է անտառների դերը այս խնդրի լուծման գործում», - ավելացրեց Դադյանը:

Անտառտնկումների համար նոր տարածքներ ընտրելիս «Էյ Թի Փի»-ի մասնագետները նախապես հանդիպում են համայնքի ղեկավարության և բնակիչների հետ, որպեսզի ձեռք բերեն փոխադարձ համաձայնություն գյուղնշանակության այս կամ այն հողն օգտագործելու համար : Ի դեպ փոխադարձ համաձայնության և համագործակցության գործոնը շատ կարևոր է հետագայում տնկումների կայունությունն ապահովելու համար: Ստեփանավանի դեպքում, «Էյ Թի Փի»-ն իր ծրագրերի մասին տեղեկացնելու նպատակով հանիպել էր տեղացիների հետ և ստացել դրական արձագանք: Կենդանիների արածեցումից և այլ հնարավոր վտանգներից խուսափելու նպատակով նախքան տնկումներ իրականացնելը տարածքը նաև ցանկապատվել է: Ավելին, փորձագետները հողի ուսումնասիրության միջոցով կազմել են այդ տեղանքի հողակլիմայական պայմաններին հարմարեցված ծառատեսակների ցանկը:

Պարոն Դադյանն անդրադառնալով առաջին տարվա տնկումներին՝ նշեց հետևյալը. « Ի թիվս Սոսեի և Ալենի հարազատների և ընկերների՝ մեզ էին միացել նաև կամավորներով լի երկու ավտոբուս Լոռու մարզից և ևս մեկ մեծ ավտոբուս՝ Երևանից»:

2014թ. -ից մինչև 2019թ. -ն ընկած ժամանակահատվածում այս անտառում տնկվել է հիմնականում կաղնու, հացենու, սոճու և վայրի խնձորենու 73589 ծառ: Ծառերի կպչողականությունը կազմում է շուրջ 60 տոկոս, ինչն ավելին է, քան անտառտնկման ոլորտում ընդունված միջազգային միջին ցուցանիշը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը նախատեսում է մինչև 2050 թվականը կրկնապատկել երկրի անտառածածկը, անտառվերականգնման աշխատանքների մեջ ներգրավված յուրաքանչյուր կազմակերպության կողմից ցանկալի է կիրառվի այնպիսի օրինակ, ինչպիսին է «Էյ Թի Փի»- ի կողմից հիմնված Սոսեի և Ալենի հիշատակի անտառը: «Էյ Թի Փի» -ի փորձագետները պատրաստ են իրենց երկարամյա փորձառությամբ և գիտելիքներով կիսվելու բոլոր շահառու կողմերի հետ: Տարածքների մանրազնին ընտրության, համայնքների կողմից աջակցություն ստանալու և տնկիների շարունակական խնամքն ապահովելու շնորհիվ Հայաստանն ապագայում կունենա առողջ, փարթամ նոր անտառներ և կայուն էկոլոգիա:

19:44 Մարտ 17, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news