ԷկոԼուր
2020 թ-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու ծրագիրն ակտիվ կազմակերպչական աշխատանքների փուլում է: Այս մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը «Արմենպրես» մամուլի ակումբում անցկացված ասուլիսի ժամանակ:
«Քարտեզագրվել են այն տարածքները, որտեղ պետք է իրականացվեն տնկումները: Խոսքը պետական անտառային հողերի մասին է: Ավելի մանրամասն արդեն ուսումնասիրվել են Հայաստանի հյուսիսում գտնվող տարածքները. 2000 հեկտարից ավելի տարածք արդեն ուսումնասիրվել է: Առաջիկայում կսկսենք համապատասխան նախագծերի մշակումները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը», - ասաց Վարդան Մելիքյանը:
Նա նշեց, որ տնկանյութի ձեռքբերման նպատակով ակտիվ քննարկումներ են տարվում միջազգային գործընկերների հետ. «Տնկանյութի ձեռք բերման հետ կապված նամակներ էին ուղղվել Բելառուս, Ռուսաստան, Լեհաստան, Ղազախստան, Վրաստան և Իրան: Արդեն հիմնականում ունենք պատասխաններ: Ռուսաստանից առաջիկայում ենք սպասում պատասխանի:
Բելառուսից ստացել ենք պատասխան, որ կարող են տրամադրել մինչև 10 միլիոն սոճի, մինչև 1 միլիոն կեչի: Ղազախստանից ստացել ենք տեսակների մեծ ցանկ, մեզ համար թե պիտանի, թե ոչ ցանկալի տեսակների: Այժմ աշխատում ենք Լեհաստանի հետ, նախատեսում ենք նաև համագործակցել Ֆինլանդիայի հետ: Առաջարկները ներառում են թե վճարովի, թե անվճար տնկիներ», - նշեց նախարարի տեղակալը:
Ըստ Վարդան Մելիքյանի՝ տնկիների արժեքները դեռ չեն քննարկվել:
«10 միլիոնի ծրագրից անկախ անտառտնկումների համար ունենք բյուջեից հատկացված է 424 միլիոն դրամ: Իսկ 10 միլիոնի համար բյուջեից գումարներ չեն ծախսվելու: 1 տնկին ծառ դարձնելու համար անտառում պետք է ընդհանուր 1 դոլար, 5-6 տարի հետո մենք 10 միլիոն դոլար պետք է ծախսենք այս բոլորն անտառի շարք անցկացնելու համար, մի գուցե և ավելի երկար:
Այս տարվա բյուջեն 3-4 միլիոն դոլար է՝ կախված տնկիների արժեքից, որովհետև մնացած աշխատանքները և ծառայությունները պետություն-մասնավոր համագործակցության միջոցով ենք ուզում կազմակերպել», - ասաց Վարդան Մելիքյանը:
Նա շեշտեց, որ ծառերը տնկվելու են այն տարածքներում, որտեղ ոռոգման անհրաժեշտություն չկա: 100 տոկոսանոց կպչողականություն չեն խոստանում: Հայաստանում 60-65 տոկոսն արդեն համարվում է հաջողված:
Մելիքյանը նաև նշեց, որ թեպետ հայտարարված է, որ մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 10-ին, այնուամենայնիվ, շատ բան կախված է եղանակային պայմաններից: Ժամանակացույցն ավելի հստակ կլինի օգոստոսին:
Իսկ աշխատուժը, ըստ փոխնախարարի, լինելու է անվճար: Աշխատանքներին ներգրավվելու են պետական հաստատությունների, անտառային ոլորտի աշխատակիցները, ինչպես նաև կամավորները:
Փետրվար 06, 2020 at 17:19