Էներգետիկայի զարգացումը Հայաստանում. հասարակական գնահատական

Էներգետիկայի զարգացումը Հայաստանում. հասարակական գնահատական

ԷկոԼուր

Ինչ տեմպերով է Հայաստանում զարգանում էներգետիկան, ովքեր են համակարգի խոշոր խաղացողները և ինչ պահանջներ ունի հասարակությունը կառավարությունից: Այս հարցերին Թբիլիսիում անցկացված «Էներգետիկ նախագծերը և մարդկանց իրավունքների խախտումները Հարավային Կովկասում» խորագրով կոնֆերանսի ժամանակ անդրադարձավ «ԷկոԼուր» ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:

Նա ներկայացրեց, որ Հայաստանը սեփական ռեսուրսներով ապահովում է իր էներգետիկ պահանջարկը 8.3 %-ով: Մնացած 91,7 %-ը ներկրված էներգառեսուրսներ են: 2017 թ-ին Հայաստանում արտադրվել է 7 միլիարդ 762.9 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Դրանցից 2 միլիարդ 619.6 միլիոն կՎտ/ժ կամ մոտ 34 %-ն արտադրել է ՀԱԷԿ-ը, 2 միլիարդ 853,1 միլիոն 316,9 կՎտ/ժ կամ մոտ 37 %-ը` իրանական գազով գործող ջերմաէլեկտրակայանները , 2 միլիարդ 299,7 միլիոն կվտ/ժ կամ մոտ 29 %-ը` ՀԷԿ-երը: Դրանից 882.9 միլիոն կվտ/ժ կամ մոտ 11 %-ն արտադրել են փոքր ՀԷԿ-երը:

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Հայաստանում առկա միակ էներգետիկ ռեսուրսը կապված է ռուսական ընկերությունների կամ նրանց հետ փոխկապակցված ընկերությունների հետ (բացառությամբ Որոտանի կասկադի):

Այսպես, սպառողներին էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունը մենաշնորհատեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է: 2015 թ-ին այս ընկերության էներգետիկ ակտիվները և Հրազդանի ՋԷԿ-ը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» էներգոհոլդինգից գնեց «Տաշիր» ընկերությունների խումբը, որը գլխավորում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր գործընկերները «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան է, ռուսական «ՏՎԷԼ» միջուկային վառելիքային ընկերությունը, ռուսական և ինժեներական «Ատոմէներգանախագիծ» ընկերությունը, ՄԱԳԱՏԷ-ն, Եվրահանձնաժողովը:

Եվս մեկ էներգետիկ կառույց` Երևանի ՋԷԿ-ը, վերակառուցումից հետո պատկանում է «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան» պետական ընկերությանը:

Սևան-Հրազդանի հիդրոկասկադի 100% ակցիաները պատկանում են ռուսական «Ռուս Հիդրո» ընկերությանը: Հիդրոկասկադը ներառում է Հրազդան գետի վրա կառուցված 7 էլեկտրակայան, որոնք օգտագործում են Սևանա լճի ջուրը:

Որոտանի հիդրոկասկադը սեփականաշնորհվել է 2015 թ-ին «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերության կողմից: Այն ներառում է Տաթևի, Շամբի և Սպանդարյանի ՀԷԿ-երը ու 5 ջրամբար` Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Թոլորսի և Անգեղակոթի:

Իսկ 28 ՄՎտ հզորությամբ «ՁորՀԷԿ»-ը, որը կառուցվել է Ձորագետ գետի վրա 1932 թ-ին, կառավարության որոշմամբ համարվում է փոքր ՀԷԿ, ունի արտոնյալ սակագին` 7-8 անգամ բարձր, քան մյուս խոշոր ՀԷԿ-երը: «ՁորաՀԷԿ»-ի սեփականատերը «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերությունն է, որի միակ բաժնետերը «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է:

Խոսելով էներգետիկայի զարգացման առաջնահերթությունների մասին, փորձագետը հայտնեց, որ գեներացված աղբյուրներով առաջին տեղում ՀԱԷԿ-ն է, երկրորդ` ՀԷԿ-երը, երրորդ` ՋԷԿ-երը: Իսկ վառելիքի մատակարարման առումով` միջուկային վառելիքը, բնական գազը, մազութը:

«2017 թ-ին Հայաստանում արտադրվել է 6 %-ով ավելի էլեկտրաէներգիա, քան 2016 թ-ին: Ընդ որում, ՋԷԿ-երում արտադրվել է 11 %-ով ավելի էլեկտրաէներգիա: 10 %-ով ավելի էլեկտրաէներգիա արտադրել է ՀԱԷԿ-ը: Սա նշանակում է, որ կանաչ էներգետիկան շարունակում է մնալ թղթերի վրա, և փոխարենը զարգանում է «շագանակագույն» էներգետիկան», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը:

Նա նշեց, որ այսօր փաստացի ՀԱԷԿ-ի խնդիրը բաց է մնում, հատկապես ԵՄ-ի հետ Հայաստանի նոր համաձայնագրի լույսի ներքո, որով նախատեսվում է ՀԱԷԿ-ի փակումը: Թեպետ առանց այդ համաձայնագրի էլ պարզ է, որ հին էներգաբլոկը չի կարող հավերժ շահագործվել: Էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծն ուղեկցվում է նաև այլորոշումներով` թափոնների և աշխատած միջուկային վառելիքի թաղման, անվտանգության միջոցառումների, ՀԱԷԿ-ի արդիականացման մասին և այլն:

«Ներկայում ռուսական ընկերությունները փոխարինում են հնացած սարքավորումները նորերով, իսկ ՄԱԳԱՏԷ-ն սթրեսային փորձարկումներ է իրականացնում: Ինչ վերաբերում էնոր բլոկը կառուցելու կամ չկառուցելու որոշմանը, այն Հայաստանը չի ընդունում բավարար միջոցների բացակայության պատճառով», - շեշտեց Վիկտորյա Բուռնազյանը:

Ինչ վերաբերում է հիդրոէներգետիկայի առաջնահերթություններին, այստեղ դրված է ամբողջ հիդրոպոտենցիալի յուրացումը` մոտ 300 ՄՎտ կարողությամբ: Այդ թվում միջին հզորությամբ էլեկտրակայանները` Մեղրի ՀԷԿ, Շնող ՀԷԿ, Լոռիբերդ ՀԷԿ և մի քանի փոքր ՀԷԿ-եր:

Փորձագետի խոսքով` արդեն 3-րդ տարին է` կառավարության սեղանին դրված է ՀԷԿ-երի սարքավորումների արդիականացման նախագիծը: Խնդիրը նրանում է, որ արդիականացումը պետք է համապատասխանի Եվրասիական միության ստանդարտներին: Սա նշանակում է, որ սարքավորումների և արտադրող երկրների ընտրության հարցում Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են լինելու:

«Մեղրի» ՀԷԿ 2016 թ-ին պետք է արդեն շահագործման հանձնվեր: Սակայն տարբեր պատճառներով ՀԷԿ-ի շինարարությունը հետաձգվում է: «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով հետաքրքրված է նաև իսպանական «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը:

Շնող ՀԷԿ-ի կառուցման համար տեխնիկական առաջադրանքը պատրաստ է: 2017 թ-ին հայազգի գործարարները հայտարարեցին «Հայաստանի ներդրողների ակումբ» պայմանագրային ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին: Ներդրումային նախագծերից մեկը պետք է լիներ «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը, որը մտադիր էր ֆինանսավորել «Տաշիր կապիտալ»ին պատկանող «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերությունը: Նաև համագործակցության հուշագիր ստորագրվեց ամերիկյան «The Robbins Company» ընկերության հետ: Շինարարությունը հարցի տակ է, քանի որ չկան կոնկրետ ֆինանսական պարտավորություններ:

Փոքր ՀԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդեցություն չունեն և ծառայում են բացառապես սեփականատերերին հարստացնելու նպատակով: «183 փոքր ՀԷԿ արտադրում է ամբողջ արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 11-12 %-ը: Գետերը, որոնց վրա հնարավոր է նոր ՀԷԿ-եր կառուցել, փաստացի չեն մնացել: Սեփականատերերը կառուցում են կասկադներ, ավելացնում են արտադրողականությունը լրացուցիչ ջրային աղբյուրների հաշվին, որպես կանոն, մայրական աղբյուրների, որոնք ձևավորում են ջրային ավազանը: Մինչև 1 ՄՎտ հզորությամբ ՓՀԷԿ-երը չեն անցնում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Արդյունքում ունենում ենք նոր ՓՀԷԿ` ցածր արտադրողականությամբ և շատ մեծ ազդեցությամբ շրջակա միջավայրի վրա, մասնավորապես, ջրային էկոհամակարգերի և ջրավազանների ոչնչացմամբ, ՇՄԱԳ-ի բացակայությամբ»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը:

Նա նշեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի այլընտրանքային այլ աղբյուրները կազմում են ամբողջ էլեկտրաէներգիայի 1 %-ը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ներկայում ուսումնասիրում է Սյունիքի մարզում երկրաջերմային էլեկտրակայանների կառուցման հնարավորությունը:

2017 թ-ին իսպանական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հայաստանում նախատեսվում է 100-150 ՄՎտ հզորությամբ հողմակայանների կառուցում: Ընկերությունն արդեն սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքները:

2018 թվականին նախատեսվում է կառուցել 8 արդյունաբերական արևային կայան: Այս ոլորտի խոշոր նախագծերից մեկը 55 ՄՎտ հզորությամբ «Մասվիկ -1» ֆոտովոլտային կայանի կառուցումն է:

Տաքանալու համար աղբյուր Հայաստանի բնակչությունն օգտագործում է անտառը: Էներգիայի աղբյուրներում կենսազանգվածի կշիռը կազմում է 5.1 %:

ՄԱԶԾ-ԳԷՖ-ի «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի համաձայն` Հայաստանում տարեկանօգտագործվում է շուրջ 1.5 միլիոն խ/մ փայտանյութ, որի մեծ մասը օգտագործվում է որպես վառելափայտ:

Հայաստանի անտառները նախատեսված չեն արդյունաբերական հատումների համար, քանի որ ունեն բացառապես պաշտպանիչ գործառույթ: Դրա լուծումը գազի սակագնի կարգավորումն է: Գազի հետ համեմատած` այսօր ապօրինի հատված ծառի արժեքը 30 %-ով ավելի էժան է:

Որպես լուծում հարկավոր է կենտրոնանալ Եվրոպայի էներգետիկ քաղաքականության վրա` գազի մատակարարման մենաշնորհից կախվածության նվազեցման,էներգաարդյունավետության, էներգախնայողության ծրագրերի ուժեղացման, ցածր ածխածնային նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար, կողմնորոշվել ՀԱԷԿ-ի հարցում` օգտագործելով ԵՄ-ի փորձը: Սահմանել էներգետիկ անվտանգության խնդիրների շրջանակը` ելնելով Կլիմայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագրի պահանջներից և դրույթներից և դարձնել դրանք առաջնահերթություն նաև էներգետիկ քաղաքականության համար:

13:47 Մարտ 19, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news