Ապօրինի անտառահատումների քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ

Ապօրինի անտառահատումների քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ: Հիշյալ քրեական գործի  շրջանակներում ևս 2 անձ  ներգրավվել է որպես մեղադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու և ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար:

Այսպես, նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի ծառահատումներ իրականացնելու թողտվության համար հիշյալ անտառտնտեսության պաշտոնատար անձինք՝ խմբով, նախնական համաձայնությամբ, 5 դրվագով ստացել են կաշառք:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2017 թվականի սկզբներին, «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձինք Գ.Ս.-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել` վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար, այն է՝ Գ. Ս.-ին թույլ են տվել անտառտնտեսության անտառային ֆոնդի տարածք հանդիսացող պահաբաժնում տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատումներ իրականացնել և իրացնել, որի համար ստացել են կաշառք: Պայմանավորվածության համաձայն` Գ. Ս.-ն 2017 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում` 5 տարբեր օրերի, իր կողմից հավաքագրված մի խումբ անձանց հետ անտառային պահաբաժնում ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր, իսկ փայտանյութը բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել անտառային տարածքից և իրացրել: Ապօրինի ծառահատում իրականացնելու և փայտանյութն իրացնելու յուրաքանչյուր դեպքում վերը նշված անտառտնտեսության պաշտոնատար անձինք` խմբով, նախնական համաձայնությամբ, Գ.Ս.-ից պահանջել և ստացել են կաշառք:

Այսպիսով, խմբով` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանցից Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ապօրինի ծառահատում իրականացնելու և կաշառք տալու համար Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, վերը նշված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների կողմից խմբով` նախնական համաձայնությամբ անտառապետերից կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Նշված քրեական գործով քննության ներկա փուլում ընդհանուր առմամբ 13 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

16:51 Փետրվար 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news