Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Դալմայի այգիների շարունակական ոչնչացման» գործը

Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Դալմայի այգիների շարունակական ոչնչացման» գործը

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ին, «Հոդված 3» ակումբում (Զարուբյան 32), Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Դալմայի այգիների շարունակական ոչնչացման» գործը:

Դալմայի այգիները Երևանի ամենամեծ և ամենահին պտղատու այգիներն էին, որոնք զբաղեցնում էին 750 հա տարածք՝ պարփակված Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Կիլիկիա թաղամասի միջև։ Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է Վանի թագավորության Ռուսա Բ արքայի գահակալության ժամանակահատվածով։ Այստեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից գինի են պատրաստել։

Մինչև 2000թ. Դալմայի այգիներն ընդգրկված էին Հայաստանի պետական հուշարձանների ցանկում: Սակայն իշխանությունների կողմից կամայականորեն չեղյալ համարվեց այգու հուշարձանի կարգավիճակը, և ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետարանին արտոնություն տվեց` քաղաքաշինական ծրագրեր իրականացնել այդ տարածքում: Չգնահատվեց նախատեսվող գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցությունը բուսական ու կենդանական աշխարհի, լանդշաֆտների, օդի, ջրերի, ընդերքի, հողի, կլիմայական պայմանների վրա: Ոտնահարվեցին տեղի հողօգտագործողների իրավունքները, ոչնչացվեցին պատմամշակութային արժեքներ:

Դալմայի այգիների տարածքի մասնատման ու սեփականաշնորհման, այգիները՝ որպես բնապատմական ու պատմամշակութային տարածք ոչնչացնելու կամ դրան նպաստելու վերաբերյալ որոշումները կայացվել են ՀՀ օրենսդրության ու միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումներով:

Հանրությունը Դալմայի այգիների ապօրինությունների դեմ պայքարում է արդեն 20 տարի, սակայն անօրինական գործունեությունը շարունակվում է առ այսօր:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն և «Դալմա-Սոնա» հիմնադրամը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համագործակցությամբ կազմակերպում են Բնապահպանական հանրային դատավարություն՝ բարձրաձայնելու մարդկանց իրավունքների խախտումները, Դալմայի այգիներում կատարված և կատարվող ապօրինությունները, ճանաչելու դրանք որպես հանցագործություն և մեղավորներին պատասխանատվության կանչելու:

17:19 Փետրվար 05, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news