ԷկոԼուր
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊՒ-ի կողմից իրականացվող կառուցապատումը:
Նամակի մեջ մասնավորապես նշված է.
«Ներկա պահին Երևանի Դալմայի այգիներում ընթանում է կառուցապատում, ՀՀ կառավարության 11.01.2018թ. թիվ 5-Ա որոշման հիման վրա:
Սույնով Ձեզ խնդրում ենք անհապաղ կասեցնել այդ շինարարության ընթացքը՝ անորոշ ժամանակով, ներքոնշյալ պատճառներով.
1. վերջին ժամանակներս, հանրությանը հայտնի դարձավ, որ տվյալ տարածքում առկա մի քանի պատմական հուշարձաններից մեկը, որոնք հանիրավի և դիտավորյալ ընդգրկված չեն եղել պատմա-մշակութային հուշարձանների ցանկում, շինարարների կողմից հողին է հավասարեցվել:
Այս մասին Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անդամ, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի Կենտրոն» ՀԿ Նախագահ Մարի Չաքրյանը, 02.12.2019թ. Տեղեկություն ստանալու Հարցմամբ, արդեն իսկ իրազեկել է ՀՀ գլխավոր դատախազին, որ նոյեմբերի 16-ից սկսած ՀՀ գրեթե բոլոր լրատվամիջոցները հայտարարել են այն մասին, որ Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի գինու հնձան է քանդվել: Ըստ լրատվականների հաղորդման՝ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակության արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար»: Այս ամենի արդյունքում ենթադրվում էր, որ համաձայն ՀՀ քր. Դատ. Օր-ի 175 և 176 հոդվածների, դատախազությունն ահնապաղ ձեռնամուխ պետք է լիներ քրեական գործեր հարուցելուն.
ա) պատմական հուշարձանի ոչնչացման,
բ) 1000-ամյակների պատմություն ունեցող լանդշաֆտի և պատմամշակութային հուշարձանի առկայության պայմաններում շինթույլտվություն տալու,
գ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի պահանջի խախտմամբ՝ ոչ ճշգրիտ և/կամ թերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցկացնելու և դրական եզրակացություն տալու,
դ) ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2019 թվականի հունվարի 9-ին տրված Փորձաքննական եզրակացության մեջ ներառված՝ հուշարձան հայտաբերվելու դեպքում շինարարությունը կասեցնելու պայմանը խախտելու /թիվ ԲՓ01 01.09.2019/,
ե) հուշարձանի վայրում կառուցապատում թույլատրելու գործերով:
2. Կառավարության վերոնշյալ 11.01.2018թ. թիվ 5-Ա որոշման 8.2 կետով սահմանված էր, որ «Պարկ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից պետք է փոխհատուցվեին «սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի նկատմամբ սահմանված կարգով օգտագործման իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև հողամասի փաստացի օգտագործողները»:
Ներկա պահին այդ կետը լիարժեք չի իրականացվում: Իրենց հողատարածքներում հողօգտագործողների կողմից կառուցված շենք-շինություններն առանց տերերի գիտության և ներկայության քանդվում են (հիմնականում ոչ աշխատանքային օրերին և ժամերին), տնային իրերը դուրս են շպրտվում, չպահպանելով ոչ մի օրենք և կարգ: Իրենց հողատարածքները և տները կամավոր լքել չցանկացող հողօգտագործողներին ահաբեկում են, եղել է նաև մեքենայով հողօգտագործողի վրա քշելու փորձ, ինչի առիթով Մալաթիայի ոստիկանությունում գործ է հարուցված:
Կառավարության հենց նույն որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրության մի շարք դրույթների խախտմամբ, որոնցից նշում ենք առայժմ միայն երկուսը.
ա. Ըստ ՀՀ օրենսդրության /ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքեր/, ինչպես նաև միջազգային պարտավորությունների (Օրհուսի կոնվենցիայով ստանձնած, որին Հայաստանը միացել է դեռևս 2001 թվականից), հողօգտագործողներին փոխհատուցելու խնդիրը պետք է կարգավորված և ավարտված լիներ նախքան կառավարության կողմից որոշումը կայացնելը: Ընդ որում՝ փոխհատուցումը պետք է կատարվեր՝ ելնելով միասնական, բոլորի համար ընդունելի սակագնով /ոչ պակաս՝ քան կադաստրային արժեքը/, և ոչ թե՝ կամայական, ինչպես որ արվել է որոշ հողօգտագործողների դեպքում:
Ըստ ՀՀ օրենքների և ՀՀ միջազգային պարտավորությունների (Օրհուսի կոնվենցիա), այդ որոշման ընդունմանը պետք է նախորդեր ոչ միայն հողօգտագործողների արդարացի, համարժեք և լիարժեք փոխհատուցումը, բնականաբար՝ նաև նրանց հասցվելիք վնասի նախնական հաշվարկը, նրանց ունեցած տարածքների վրա առկա ծառերի, բուսատեսակների, շենք-շինությունների գույքագրումը. գնահատումն ու հաշվառումը, որից ելնելով էլ պետք է հաշվարկվեր կառուցվելիք շինության, նախատեսվող գործունեության հեռանկարային տնտեսական օգուտի և վնասի փոխհաշվարկը, այլև շահագրգիռ հանրությունը պետք է որոշման ընդունման ամենավաղ փուլից ակտիվ և գործուն մասնակցություն ունենար այդ որոշման կայացմանը: Ինչն, ավաղ, չի արվել:
բ. Վերոնշյալ 11.01.2018թ. թիվ 5-Ա որոշում ընդունվել է ՀՀ օրենքների կոպիտ խախտումով, առանց նախնական ՇՄԱԳ և ՇՄԱՓ փաստաթղթերի, առանց տվյալ տարածքը որևէ նպատակով օգտագործելու համար հիմք հանդիսանալիք Պետական ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ /դրական/ եզրակացության:
Այդ եզրակացությունը կազմվել է կառավարության որոշումից ուղիղ մեկ տարի անց՝ 09.01.2019թ., /այն էլ՝ թերի ու բազմաթիվ օրենքների խախտմամբ/:
1. ՀՀ Ազգային ժողովի 2004թ. մարտի 9-ի որոշմամբ, Հայաստանը վավերացրել է Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան` սկիզբ դնելով Հայաստանում բնական և ձեռակերտ լանդշաֆտների պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացի իրականացմանը և, ի թիվս Եվրոպայի Խորհրդի 37 անդամ երկրների՝ պարտավորվելով իրագործել Կոնվենցիայով սահմանված դրույթները: Հնագետների պնդմամբ Դալմայի այգիներում կա առնվազն 3000 ամյա խաղողի այգիների լանդշաֆտ, որը մասամբ արդեն ոչնչացվել է, մնացածն է ոչնչացման եզրին է: Հետևապես խախտվել են այս կոնվենցիայի դրույթները:
1. Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության 1.12.2019թ. թիվ 34/14-1/29043-19 գրության ՝ ԿԳՄՍ Աշխատանքային խումբը վիճարկվող տարածքում իրականացրել է դաշտային աշխատանքներ և հետազոտություններ, ինչի արդյունքում փաստել են, որ նշված տարածքում առկա են պատմական, հնագիտական, ազգագրական և ճարտարապետական արժեք ունեցող օբյեկտներ, որոնց կապակցությամբ առաջարկ է ներկայացված. կազմել այդ շինությունների վկայագրերը՝ դրանց պատմա-մշակութային հուշարձանի կարգավիճակ տալու նպատակով: Այնուհանդերձ շինարարական աշխատանքները չեն դադարեցվել և պատմական արժեքները շարունակում են ոչնչանալ:
1. Պետական փորձաքննական եզրակացության (թիվ ԲՓ01 01.09.2019) Փորձաքննական պահանջներ բաժնի 4-րդ պարբերության մեջ ամրագրված է, որ «Ծրագրի» շրջանակներում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում պատմամշակութային և հնագիտական շերտերի ի հայտ գալու դեպքում՝ հետագա աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան մասնագետի՝ հնագետի եզրակացությունն ստանալուց հետո: Ինչը նշանակում է, որ շինարարական աշխատանքները պետք է դադարեցվեին, մինչև հնագետի կողմից եզրակացություն ստանալը:
1. ՀՀ Հողային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների զբաղեցված հողամասերը համարվում են պատմական և մշակութային հողեր: Եվ այդպիսի հողամասերի վրա արգելվում է դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն:
Ելնելով վերոգրյալից.
խնդրում ենք Ձեր անմիջական և արագ միջամտությունը նշված տարածքում շինարարությունը անհապաղ կասեցնելու համար, մինչև բարձրացված խնդիրների կարգավորումը, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ կառավարության նոր որոշման կայացումը և դատախազության կողմից քրեական գործի հարուցումը»:
Պետական կառույցների ղեկավարներին նամակ ուղարկելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 19-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցած «Հանրային դատավարությունը որպես սոցիալ-էկոլոգիական խնդիրների բարձրաձայնման և մեղավորներին պատասխանատվության կանչելու նոր մեխանիզմ» թեմայով քննարկման ժամանակ:
Նամակը ստորագրել են հետևյալ հասարակական կազմակերպությունները.
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Դալմա-Սոնա» հիմնադրամ
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
«Կանաչ Հայաստան» ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Հայկական հասարակական տեխնոլոգիական ակադեմիա» ՀԿ
Դեկտեմբեր 20, 2019 at 15:45