Ազատամուտ համայնքում գործող փայտածուխի արտադրամասերը կիրառում են ոչ արդյունավետ տեխնոլոգիա՝ բարձր վնասակարությամբ

Ազատամուտ համայնքում գործող փայտածուխի արտադրամասերը կիրառում են ոչ արդյունավետ տեխնոլոգիա՝ բարձր վնասակարությամբ

ԷկոԼուր

ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում գործող փայտածուխի արտադրամասերը կիրառում են ոչ արդյունավետ տեխնոլոգիա՝ բարձր վնասակարությամբ: Սա պարզել է ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում վերջերս տեղծված փայտածուխի արտադրամասերի գործունեությունը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովը: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին ՀՀ Տավուշի մարզպետարանից:

Հունիսի 4-ին հանձնաժողովի անդամները հանդիպել են փայտածուխ արտադրողների հետ։ Համայնքում փայտածուխի արտադրությամբ զբաղվող 26 տնտեսվարողից հանդիպմանը մասնակցել են 12-ը: Ապօրինի անտառահատումները կանխելու նպատակով հանձնաժողովի անդամները ձեռներեցներին հորդորե լեն վառելափայտ գնելիս պահանջել դրա օրինականությունը հաստատող փաստաթղթեր։ Առաջարկվել է նաև օգտագործել կոնվեկցիոն վառարաններ, որի արդյունքում կբարձրանա արտադրության օգտակար գործողության գործակիցը, իսկ ծխի երկրորդական այրման արդյունքում արտանետումները կնվազեն: Այդ վառարանի մոտավոր արժեքը 200 000 դրամ է:

Հանձնաժողովի անդամ Գագիկ Աղբալյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի Տավուշի մարզային կառույցին խնդրել ենք մեկշաբաթյա ժամանակահատվածում Ազատամուտի բժշկական կենտրոնից վերցնել տվյալներ, համեմատել դրանք նույն բնակլիմայական պայմաններում գտնվող մեկ այլ համայնքի տվյալների հետ, որպեսզի հասկանանք փայտածուխի արտադրամասերն ինչ ազդեցություն ունեն սուր շնչառական հիվանդությունների դինամիկայի վրա: Տավուշը զգայուն տարածք է: Այստեղ զարգացման ոլորտներ են համարվում գյուղատնտեսությունը,զբոսաշրջությունը, բայց ոչ անտառարդյունաբերությունը կամ մարդկանց առողջության հաշվին բիզնես գործունեությունը: Բիզնեսը կարևոր է, բայց ռիսկերը նվազեցնելու պայմանով»:

Հանձնաժողովը Ազատամուտում օդի որակի լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժին: Այն իր հերթին պետք է դիմի Շրջակա միջավայրի նախարարություն՝ հորդորելով նախարարությանն իրականացնել պահանջվող մոնիթորինգը:

Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վերջին՝ 2017թ-ի տվյալների համաձայն՝ Տավուշի մարզում մթնոլորտային օդ անշարժ աղբյուրներից արտանետվել է 21 523.8 տոննա վնասակար նյութ, որից ոչ մի տոկոսը չի որսացվել: Այս ցուցանիշով Տավուշը Հայաստանում երրորդ մարզն է Լոռիից ու Կոտայքից հետո:

Հունիսի 5-ին տեղի ուենցած Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ասուլիսին, ԷկոԼուրի այն հարցին, թե փայտածուխի արտադրության ոլորտում նախարարությունն ինչ քայլեր է պատրաստ կատարել՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով, նախարարը պատասխանեց, որ եթե գործունեությունն օրինական է և ունի արտանետում, ապա պետք է սահմանային արտանետումների թույլտվություններ ստանան: «Իսկ եթե ապօրինի գործունեություն են իրականացնում, ապա այդ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ապօրինի գործունեության նկատմամբ գործառույթներ ունեցող կառույցներին»:

Փայտածուխի արտադրամասերի գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովը արդեն իսկ նախաձեռնել է օրենսդրության մեջ փայտածուխի արտադրության ոլորտում առկա բացթողումների ուսումնասիրությունը, որից հետո առաջարկություն կներկայացվի Ազգային ժողով և ՀՀ կառավարություն կարգավորումներ, արտադրության համար նորմատիվներ սահմանելու համար:

18:11 Հունիս 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news