Հայաստանի բնապահպանական ոլորտի առաջնահերթ խնդիրների վերաբերյալ առաջարկություններ ուղարկվեցին ՀՀ վարչապետին

Հայաստանի բնապահպանական ոլորտի առաջնահերթ խնդիրների վերաբերյալ առաջարկություններ ուղարկվեցին ՀՀ վարչապետին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանական խնդիրներով անհանգստացած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ոլորտի առաջնահերթ խնդիրների կարգավորմանն ուղղված առաջարկություններ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք ակնկալում են, որ այդ առաջարկությունները կներգրավվեն ՀՀ կառավարության ծրագրում:

Առաջարկությունները ներկայացնում ենք ստորև:

Բնապահպանության ոլորտի վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկությունները`ուղղված ՀՀ կառավարությանը

1. Հրաժարվել կոլեկտիվ պատասխանատվությունից` կառավարության անդամներին և գերատեսչությունների պատասխանատուներին պարտավորեցնել կրել պատասխանատվություն իրենց ստորագրությամբ իրականացվող քաղաքականության համար, որպեսզի բարձրանա հաշվետվողականությունը քաղաքացիական հասարակության առաջ:

2. Ապահովել ՀՀ կառավարության, նախարարությունների և պետական գերատեսչությունների գործունեության թափանցիկությունը`հաստատելով անխափան կապ զանգվածային լրատվության միջոցների հետ:

3. Առաջադրված խնդիրների և առաջարկությունների քննարկման համար անցկացնել ՀՀ կառավարության ներկայացուցիչների հանդիպումներ քաղաքացիական հասարակության հետ:

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Նոր հանքավայրեր

4. Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին տրված 2016թ-ի ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննական դրական եզրակացությունը` պայմանավորված Ամուլսարի ծրագրում ի հայտ եկած նոր հանգամանքներով (Ավստրալական «Blue Minerals Consultancy», ամերիկյան «Buka Environmental» և կանադական «Clear Coast Consulting, Inc.» ընկերությունների ուսումնասիրությունն ու տրված եզրակացություններ) և դադարեցնել Ամուլսարի ծրագիրը:

5. Ճանաչել կառավարության և «Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատվությունը Լոռու մարզի Շնող համայնքի տարածքում շրջակա միջավայրի ոչնչացման, անդրսահմանային ջրերի (Դեբեդ գետ) աղտոտման, տեղի բնակչության սոցիալական մակարդակի իջեցման համար, գնահատել պատճառված վնասների չափերը, ապահովել վնասների համարժեք գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե, ընկերության ղեկավարությանը պարտավորեցնել` ներկայացնելու հողերի, անտառների ոչնչացման, ջրերի աղտոտման կանխարգելմանն ուղղված նոր պլան և պարտավորեցնել փոխհատուցում վճարել տեղի բնակիչներին պատճառված վնասների դիմաց:

6. Դադարեցնել նոր հանքերևակումների հաշվին հանքարդյունաբերության էքստենսիվ զարգացման գործընթացը` ապահովելով ՀՀ որդեգրած կայուն զարգացման ճանապարհը:

7. Դադարեցնել բնության հատուկ պահպանվող տարածքներում և նրանց պահպանման գոտիներում հանքերի շահագործումը և հանքավայրերի հետազոտությունները։

Հին հանքավայրեր

8. Դադարեցնել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի, Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի, Շամլուղի պղնձի հանքավայրի, Ախթալայի բազմամետաղային հանքավայրի, Սոտքի ոսկու հանքավայրի, Շահումյանի ոսկի բազմամետաղային հանքավայրի ինտենսիվ շահագործումը արդյունահանման ծավալների մեծացման հաշվին այնքան ժամանակ, մինչև չվերացվեն շրջակա միջավայրին պատճառված վնասները և չներկայացվեն շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող և վերացնող մեխանիզմներ:

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

9. Արգելել Սևանա լճից հավելյալ ջրառը: Ոռոգման սեզոնին Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերի բնակիչներին ջրով ապահովելու նպատակով վերանայել Ջրային տնտեսության պետական կոմիտեի`հողագործներին ջրով ապահովելու քաղաքականությունը, հասնել ոռոգման համակարգում ջրի կորուստների վերացմանը կամ զգալի նվազեցմանը:

10. Հրապարակային դարձնել Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխանի բուծման ծրագրի մշտադիտարկման արդյունքները` ներառյալ Սևանա լճի աղտոտման ուսումնասիրության արդյունքները և Սևանի իշխանի պոպուլիացիայի վրա ազդեցության ուսումնասիրության արդյունքները:

11. Արգելել փոքր ՀԷԿ-երի կառուցումը և շահագործումը Սևանա լիճ թափվող գետերի վրա:

ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

Փոքր ՀԷԿ-եր

12. Դադարեցնել փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում հիդրոռեսուրսի անվերահսկելի օգտագործման գործընթացը, լիցենզավորումը և ջրի թույլտվությունների ձևակերպումը, վերանայել փոքր ՀԷԿ-երի արտոնությունների տրամադրման քաղաքականությունը, արգելել ջրային ավազաններ ձևավորող մայրական աղբյուրների օգտագործումը էներգետիկ նպատակներով, սահմանել ձկնապաշտպան կառույցներին ներկայացվող նոր պահանջներ և նորմատիվներ, գործող և նախատեսվող ջրամբարների համար նախատեսել ձկնուղի կառույցներ:

13. Բարձրացնել փոքր ՀԷԿ-երի գործունեության թափանցիկությունը`իրականացնելով փոքր ՀԷԿ-երի էկոանձնագրավորում:

14. Ապահովել բնության հուշարձանների պահպանման ռեժիմը և վերկանգնել բնության հուշարձան Շաքիի ջրվեժի շուրջօրյա հոսքը, արգելել նրա ջրերի օգտագործումը հիդրոէներգետիկ նպատակներով:

ՀԱԷԿ

15. Բարձրացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը, հուսալի, անվտանգ պահեստավորել ռադիոակտիվ թափոնները ու օգտագործված միջուկային վառելիքը:

16. ՀԱԷԿ-ից 10 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող համայնքներին տալ ազդակիր համայնքի կարգավիճակ և կազմակերպել շտապ քննարկումներ այդ համայնքներում անվտանգության հարցերի և սոցիալական ծրագրերի ներդրման համար:

Անտառ/Վառելիք

17. Դադարեցնել բոլոր տեսակի հատումներն անտառներում 5 տարի ժամկետով` նախատեսելով սոցիալական փաթեթ սակավ ապահովված ընտանիքներին էլեկտրականության և գազի ծախսերի համար:

18. Պետական ծրագրով իրականացնել լայնածավալ անտառատնկման և անտառապահպանման աշխատանքներ:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԱՂԵՏ

19. Որոշել այն անձանց պատասխանատվության աստիճանը, ովքեր թույլ են տվել Արարատյան դաշտի աղետը ստորգետնյա ջրերի գերշահագործման պատճառով, և նրանց պատասխանատվության ենթարկել էկոլոգիական հանցագործության համար: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հետագա օգտագործման նպատակահարմարությունը գնահետելու համար խելամիտ ժամկետներում ստեղծել պաշարները գնահատող հանձնաժողով և, ըստ ստացված արդյունքների, վերանայել ստորերկրյա ջրերը տնտեսական նպատակով օգտագործելու պետական քաղաքականությունը:

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ,
Կարեն Մանվելյան WWF-Հայաստան,
Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ
Արթուր Գրիգորյան, «Էկոիրավունք» ՀԿ
Լիանա Ասոյան, «Բլեջան ՀԿ»
Ռոզա Ջուլհակյան, անկախ փորձագետ
Սամվել Պիպոյան, անկախ փորձագետ
Թեհմինե Ենոքյան, Lragir.am կայք
Նարինե Կիրակոսյան, «էկո-մեդիա» բնապահպան լրագրողական ցանց
Էդվարդ Արզումանյան,անկախ փորձագետ
Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Մոնիկա Երիցյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

15:17 Մայիս 18, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news