«Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ն ստեղծում է էկոլոգիական գոտի Արմաշի արհեստական լճերի հարևանությամբ

«Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ն  ստեղծում է էկոլոգիական գոտի Արմաշի արհեստական լճերի հարևանությամբ

ԷկոԼուր

«Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Մաթևոսյանը մտադիր է Արմաշի արհեստական լճերի հարևանությամբ էկոլոգիական գոտի ստեղծել: Նոյեմբերի 23-ին այդ նպատակին ընդառաջ Տիգրան Մաթևոսյանը Արմաշ համայնքի վարչական տարածքում, իր հողամասի սահմանի երկայնքով և Արմաշի արհեստական լճերի հարևանությամբ՝ նախկին խոտհարքերում, ծառատունկ է իրականացրել:

Սեփական միջոցներով տնկվել է բարդի և ուռենի տեսակի 87 ծառ: Եվս 34 տնկի նախատեսվում է տնկել խրամատային եղանակով: Որոշ ժամանակ անց էլ կիրականացվի ևս հարյուր ծառի տնկում: Բոլոր տնկիները աճեցվել են Տիգրան Մաթևոսյանի սեփական տնկարանում՝ երկու տարվա ընթացքում: Ծառատնկման աշխատանքներին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև ֆեյսբուքյան բնասեր օգտատերեր:

Լճերին հարող տարածքը «Birdlife International» միջազգային կազմակերպության կողմից քարտեզագրված է որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: ԷկոԼուրի հետ զրույցում Տիգրան Մաթևոսյանը հայտնեց, որ նպատակին հասնելու՝ էկոաշխարհ ստեղծելու համար արդեն իսկ ձեռք է բերել 3,5 հա հողատարածք: «Նպատակ ունեմ այդ տարածքը դարձնել վայրի թռչունների համար ապաստարան: Մոտ 15-20 հա լրացուցիչ հող է պետք: Հետագայում այդ տարածքում պետք է թույլ չտրվի որսորդների մուտքը: Մարդիկ կարող են գալ այդտեղ, թռչնադիտարկում իրականացնել: Էկոտուրիզմ կզարգացնենք, վրանային ճամբար կլինի: Շրջայցը կիրականացվի միայն ձիերով. մեքենայի շարժիչի ձայնը թռչուններին անհանգստացնող երևույթ է»,- ԷկոԼուր-ին ասաց Տիգրան Մաթևոսյանը:

Լուսանկարը և տեսանյութը՝ Տիգրան Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից



15:16 Նոյեմբեր 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news