«Քարահունջ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Քարահունջ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Քարահունջ» փոքր ՀԷԿ: «Քարահունջ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Քարահունջ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Գորիս գետի (Վարարակ) վրա, որի երկարությունը 29 կմ է: «Քարահունջ» ՓՀԷԿ-ը շահագործում է «ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀԷԿ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Քարահունջ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012 թ-ին:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х Х=46022'30.3'', Y=39027'16.3'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և նախագծի` H=978մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=46023'55.8'', Y=39026'38.3'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, ՀԾԿՀ-ի և նախագծի, H=795մ է:
• ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի տվյալների, 178.2 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.2 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի1660կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի փետրվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 8.58879925 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 21.03.2012- 21.03.2027 թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 15.04.2015-21.02.2027 թթ.:
• Գլխամասում կառուցված է բետոնե ջրթափ պատավար: Ջրահավաք ավազանից ջուրը լցվում է տղմազտարան, որտեղից իրականացվում է ՓՀԷԿ-ի ջրառը:
• Դիտարկման պահին բնապահպանական ելքն ապահովում էր պատվարի միջոցով: Ձկնանցարանը բացակայում էր: «Քարահունջ» ՓՀԷԿ-ի տնօրենի կողմից տրված տեղեկատվության համաձայն` հուլիս ամսի հեղեղների պատճառով ձկնանցարանը քանդվել է, կառուցվելու է նոր ձկնանցարան: Նախագծով նախատեսված է եղել 8 անկումներով, յուրաքանչյուրը 0.3 մ բարձրությամբ, 1.0 մ լայնությամբ աստիճանաձև ձկնանցարան:
• Աղբապահ ցանցերում կուտակված էր ջրաբերուկներից հավաքված աղբ և տարբեր տեսակի առարկաներ` անվադողեր, կենցաղային աղբ և այլն: Ջուրը աղտոտված էր տարբեր տեսակի թափոններով և իրերով:
• Աղբորսիչի երկարությունը 525 սմ է, բարձրությունը` մոտ 1 մ: Ճաղերի միջև հեռավորությունը` 2-2.5 սմ:
• «Քարահունջ» ՓՀԷԿ-ը տարվա բոլոր ամիսներին Գորիս գետից վերցնում է 29.98միլիոն մ3 ջուր` գետում ապահովելով 0.04մ3/վ բնապահպանական թողք:
• Ջրի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:
• Ջրընդունիչում, տղմազտարանում կար ջրաչափ քանոն, որի միջոցով կարգավորվում էր ՓՀԷԿ-ի ջրառը և բնապահպանական ելքը: Ջրաչափը բացակայում է:
• Գորիս գետում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չեն հայտնաբերվել: Հարկ է նշել, որ գետի աղտոտվածության պատճառով այստեղ անբարենպաստ պայմաններ են ստեղծված ձկների կենսագործունեության համար:
• ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի 1740,0մ, 1224,0 մ է, ըստ նախագծի, 1550մ և 1224մ: Խողովակաշարի տրամագիծը ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի`1,2մ, 1,0մ է:
• Գետի վրա կառուցված «Վարարակն» (դերիվացիայի երկարությունը` 2263 մ), «Քարահունջ» ՓՀԷԿ (դերիվացիայի երկարությունը` 1740,0, 1224,0 մ), «Վ.Ա.Լ.» (դերիվացիայի երկարությունը` 580,7 մ), «Սեկա» (դերիվացիայի երկարությունը` 1450,0մ, 1200,0 մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (8457.7մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 29.16 %:
• ՓՀԷԿ-ից վերև գտնվող գետահատվածում Ակներ, Գորիս, Վերիշեն, Քարահունջ համայնքների կենցաղային աղբը և կոյուղաջրերը լցվում են գետը՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և նպաստում սարքավորումների կոռոզիային:
• Կայանում տեղադրված է չինական, «Պելտոն» տիպի երեք հիդրոագրեգատ` յուրաքանչյուրը` 600կվտ հզորությամբ, տուրբինների տեսակը` ՇՇ 200-Հ-100, գեներատորները` սինքրոն: Կայանում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
• ՓՀԷԿ-ը ՋԹ-ով սահմանված 1200 լիտր/վրկ առավելագույն ջրաքանակով ապրիլ-մայիս ամիսներին ստանում է 1600կՎտ նախագծային հզորությունը: Նվազագույնը 300լ/վրկ ջրաքանակով ստանում են 520 կՎտ հզորություն: Ագրեգատորները հնարավորություն ունեն աշխատելու քիչ ջրաքանակով. ՕԳԳ-ն բարձր է:
• ՓՀԷԿ-ը Տրանսֆորմատոր չունի, միանում է անմիջապես էներգահամակարգին:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Քարահունջ» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 8825167կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• ՓՀԷԿ-ի տարածքը կանաչապատված է:
• Իրականացված է ռեկուլտիվացիա:
• Սողանքային երևույթներ չկան:
• ՓՀԷԿ-ն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:
• Ազատ ջրօգտագործման պահանջները կատարվում են:
• Կառուցվել է սեպտիկ հորով զուգարան:
• Տեսչական ստուգումներ ՓՀԷԿ-ում չեն անցկացվել:
• ՓՀԷԿ-ում աշխատում է 8 հոգի Գորիս և Քարահունջ համայնքներից:
• Գետի օգտագործվող հատվածում ոռոգման համար սահմանված ռեժիմ չկա, սակայն «ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀԷԿ» ընկերությունը ՓՀԷԿ-ի գետահատվածում բնակիչներին 5 փականներով տալիս է ոռոգման ջուր:
• ՓՀԷԿ-ի աղմուկը մոտակա համայնքներին չի խանգարում:

Առաջարկություններ

- Վերակառուցել գետի վրա կառուցված ջրընդունիչը` կառուցելով նորմատիվներին համապատասխան ձկնանցարան, որն անկախ ՓՀԷԿ-ի ջրառից կապահովի բավարար պայմաններ բնապահպանական եքի առաջնահերթ անցկացման և ձկների հուսալի տեղաշարժի համար:
- Գետ բաց թողնվող բնապահպանական ելքի անարգելք անցկացման համար անհրաժեշտ է ջրընդունիչ հանգույցում /ձկնանցարան, պատվար/ պարբերաբար իրականացնել ջրաբերուկների մաքրման աշխատանքներ:
- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատակիցների միջոցով կնքված առցանց հաղորդման ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակի և բնապահպանական ելքի կարգավորումն ու վերահսկումը:
- ՓՀԷԿ-ի ագրեգատները վերազինել ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգով, որը կայուն մակարդակի վրա կպահի ջրառի քանակը և քիչ ջրաքանակով կապահովվի բարձր արդյունավետություն:
- Խողովակաշարի մուտքամասում տեղադրել մանրաբջիջ ճաղավանդակ` մանրաձկների մուտքը խողովակաշար արգելելու համար, ինչպես նաև վերականգնել նախագծով նախատեսված ձկնանցարանը:
- Գետի հունում հակասանիտարական վիճակի վերացման համար մշակել Ակներ, Գորիս, Վերիշեն, Քարահունջ համայնքների կողմից աղբահանության և աղբահեռացման ծրագրեր: Անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ այդ հարցը կարգավորելու համար:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Դեկտեմբեր 11, 2017 at 18:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր