«Կոկ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Կոկ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Կոկ» փոքր ՀԷԿ: «Կոկ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Լուսաձոր համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է անդրսահմանային Աղստև գետի վրա, որի երկարությունը 133 կմ է, Հայաստանի տարածքում` 99կմ: «Կոկ» փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Կոկ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Կոկ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2017թ-ին:
• Փոքր ՀԷԿ-ը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցել, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն մինչև 1 Մվտ հզորությամբ ՓՀԷԿ-երը բնապահպանական փորձաքննություն չեն անցնում:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=45009'37,5'', Y=40055'51'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ, 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանք) տվյալի` H=599 մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=45009'54.1'', Y=40056'24,4'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ըստ ՀԾԿՀ-ի տվյալի, H=581մ է:
• ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի, 12.25մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի և ըստ ընկերության, 10 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունն, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 973 կՎտ է: Ըստ ընկերության` ՓՀԷԿ-ը առավելագույնը մայիս ամսին ապահովել է 840 կվտ: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ նախատեսվում է, որ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը պետք է կազմի 5.9 մլն.կՎտ.ժամ:
• ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` կառուցման սկիզբ, ավարտ- 16.03.2016- 16.03.2019թթ., Էլ. էներգ. արտադ. ժամանակահատվածի ավարտ 16.03.2034.թ, ՓՀԷԿ-ը հայտ է ներկայացրել շահագործման ջրօգտագործման թույլտվությունը ստանալու համար:
• Գլխամասում առկա է բետոնային ջրթափ պատվար։ Պատվարի համապատասխան թեքությունն ապահովված չէր: ՓՀԷԿ-ի տնօրինությանն առաջարկվեց գլխամասի պատվարի աջակողմյան մասում պատվարի մակարդակն իջեցնել, ինչը կապահովեր կայուն ջրթափ բնապահպանական ելքի համար, որն ընդունվեց տնօրինության կողմից:
• Գլխամասում առկա է աստիճանաձև /կասկադային/, բետոնե ձկնանցարան` 30.40 մ երկարությամբ, 1.20-1,50 մ լայնությամբ: Ձկնանցարանը կազմված էր 12 աստիճաններից, որոնցից յուրաքանչյուրում ձևավորում է փոքրիկ ավազան, որտեղ ջրի մակարդակը 10-ից մինչև 50 սմ է: Գետի մակերևույթի և ձկնանցարանի առաջին աստիճանի միջև եղած տարածությունը 60 սմ է, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում գետում բնակվող հատկապես մանր ձկնատեսակների տեղաշարժերի համար: Ընդհանուր առմամբ, գլխամասի ձկնանցուղին ավելի լիարժեք կարող է ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը, եթե առաջին աստիճանը հավասար լինի գետի մակարդակին:
• Առկա է աղբորսիչ ցանց՝ 10.5 մ երկարությամբ, որի ճաղերի միջև հեռավորությունը 3 սմ է: Ճաղերի միջև այդքան ճեղք ունեցող ցանցը չի կարող արգելել մինչև 15 սմ երկարությամբ ձկների հայտնվելը ցանցի մյուս կողմում:
• Գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, 2016-2017թթ. ուսումնասիրությունների հիման վրա գրանցվել են հետևյալ ձկնատեսակները՝
1. Կարմրախայտ Salmo trutta fario, (շատ հազնադեպ կարող է հանդիպել)
2. Արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii
3. Կուրի բեղաձուկ Barbus lacerta
4. Մուրծի Luciobarbus mursa
5. Կողակ Capoets sp.
6. Կուրի լերկաձուկ Oxynomaecheilus brandtii
7. Անդրկովկասյան սպիտակաձուկ Alburnus hohenackeri
8. Կուրի սպիտակաձուկ Alburnus filippii
9. Կովկասյան թեփուղ Squalius orientalis
10. Ոսկեգույն ծական Sabanejewia aurata /Ընդգրկված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/
11. Ծական Cobitis sp.
12. Արծաթափայլ կարաս Carassius gibelio /կլիմայավարժված տեսակ է/
13. Ամուրյան նրբաձկնիկ Psedorasbora parva /կլիմայավարժված տեսակ է/
14. Կարպ |Cyprinus carpio /գետ է ընկնում ֆերմերային փոքր տնտեսությունների լճակներից/
15. Ծիածանախայտ Parasamo mykiss /գետ է ընկնում ֆերմերային փոքր տնտեսությունների լճակներից/:
• ՓՀԷԿ-ի պողպատյա խողովակաշարի երկարությունն, ըստ ՀԾԿՀ-ի, 1150մ է, ըստ ընկերության` 1260 մ է: Խողովակաշարի տրամագիծը, ըստ ՀԾԿՀ-ի և ըստ ընկերության`2000մմ է: Ռեկուլտիվացիա արված չէ:
• Աղստև գետի վրա կառուցված են` «Աղստև 1» ՓՀԷԿ-ը (դերիվացիոն խողովակաշարի երկարությունը ըստ նախագծի` 5428մ), «Քեյէներջի» ՓՀԷԿ-ը (դերիվացիոն խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 865մ), «Կոկ» ՓՀԷԿ-ը, (դերիվացիայի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 1150մ): Գետի վրա կառուցված բոլոր ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 7.51 տոկոս:
• Կառուցման ՋԹ-ի համաձայն՝ «Կոկ» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել ջրառ՝ Աղստև գետում ապահովելով 1,08խմ/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին գետում բնապահպանական ելքն ապահովված էր ձկնանցարանով և պատվարից թողնվող ավելցուկային ելքով, որը կարգավորվում էր փականի միջոցով:
• Բնապահպանական թողքի հաշվարկման համար ջրաչափը բացակայում է:
• Գեներատորը սինքրոն է:
• Կայանում տեղադրված է տեղական «Խորդա» մակնիշի 3 ագրեգատ, աշխատում էին 2-ը:
• ՓՀԷԿ-ի սարքավորումներն ապահովում են կիսավտոմատ կառավարում:
• Ջրի մակարդակի ավտոմատ կառավարում ապահովված չէ:
• Տրանսֆորմատորային ենթակայանում առկա է մեկ տրանսֆորմատոր, յուղորսիչը բացակայում էր: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է:
• Կայանային հանգույցի տարածքը կանաչապատված չէր:
• Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագորմանը ներկայացվող պահանջների կատարված էին:
• Լանդշաֆտի խախտում, սողանքային երևույթները բացակայում էին:
• Ազատ ջրօգտագործման պահանջները կատարված էին:
• ՓՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցի մուտքամասում և ելքամասում կուտակված էր աղբ, որը ՓՀԷԿ-ի ներկայացուցչի պնդմամբ օրվա ջրաբերուկներից էր: Անջրթափանց հորը բացակայում է:
• Տեսչական ստուգումներ ՓՀԷԿ-ում չեն անցկացվել:
• Ըստ «Կոկ» ՍՊԸ-ի` ոռոգման ջրի խնդիր ՓՀԷԿ-ը չի առաջացնում:
• ՓՀԷԿ-ն ունի 6 աշխատակից:
• ՓՀԷԿ-ի աղմուկը մարդկանց չի խանգարում:
• ՓՀԷԿ-ը կառուցվել է KfW գերմանական բանկի վարկային միջոցներով:

Առաջարկություններ

- Աղստև գետի օգտագործվող հատվածում բոլոր տեսակ ձկների /մասնավորապես մանր ձկների/ բնականոն տեղաշարժի լիարժեք ապահովման համար անհրաժեշտ է վերակառուցել ձկնանցարանը` գետի մակարդակում, ձկնանցարանի սկզբնամասւմ կառուցելով ևս մեկ աստիճան:

- Մանրաձկների մուտքը խողովակաշար արգելելու համար մուտքամասում անհրաժեշտ է տեղադրել մանրաբջիջ ցանց:

- Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման, առցանց վերահսկման համակարգերով և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կնքված ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:

- Տեխնիկապես վերազինել ՓՀԷԿ-ի ագրեգատներն ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգով՝ հսկելու համար ջրառում ջրի քանակը` բնապահպանական ելքի քանակը:

- Պարբերաբար իրականացնել ջրընդունիչ հանգուցում ջրաբերուկներից կուտակված աղբի հավաքում և կուտակում` գետի ջրածածկ տարածքներից դուրս տարածքներում և սահմանված կարգով հեռացում:

- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ անջրթափանց հորի, կամ «mini» մաքրման կայանի միջոցով:

- Տրանսֆոմատորը կահավորել յուղահավաք համակարգով:

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրվածքային հզորության ցուցանիշով պայմանավորված «Կոկ» ՓՀԷԿ-ը ենթակա չէ փորձաքննության, իսկ «Կոկ» ՓՀԷԿ-ի կառուցումը և շահագործումը շրջակա միջավայրի վրա ունի զգալի ազդեցություն` ՓՀԷԿ-ի համար Աղստև գետի ամբողջ լայնությամբ կառուցված հսկայական չափերի ջրընդունիչ հանգույցը` բոլոր կառուցվածքներով, գետից վերցվող 10.0 խմ/վրկ ջրաքանակ: Առաջարկվում է վերը նշված օրենքի դրույթներում սահմանել կետ, որով գետերի վրա կառուցվող բոլոր ՀԷԿ-երը ենթակա լինեն փորձաքննության:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



15:32 Օգոստոս 10, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news