«Որոտան-7» ՓՀԷԿ-ը վերակառուցման դեպքում` ավելի շատ ջրառ, ավելի մեծ բնապահպանական թողք և ավելի շատ էլեկտրաէներգիայի արտադրություն

«Որոտան-7» ՓՀԷԿ-ը վերակառուցման դեպքում` ավելի շատ ջրառ, ավելի մեծ բնապահպանական թողք և ավելի շատ էլեկտրաէներգիայի արտադրություն

ԷկոԼուր

«ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն մտադիր է վերակառուցել իր կողմից շահագործվող «Որոտան-7» փոքր ՀԷԿ-ը: Բնապահպանական փորձաքննության ներկայացված ՓՀԷԿ-ի վերակառուցման հայտի լսումները նշանակված են սույն թվականի մայիսի 26-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի համայնքապետարանում:

«Հիդրոէլեկտրակայանի բարձր տնտեսական շահավետություն և էներգաարտադրություն ապահովելու համար, ինչպես նաև ջրային ռեսուրսի արդյունավետ օգտագործման նպատակով որոշվել է վերակառուցել և վերազինել «Որոտան-7» ՓՀԷԿ-ը», - նշված է հայտում:

«Որոտան-7» ՓՀԷԿ-ը կառուցված է ՀՀ Սյունիքի մարզում, Որոտան գետի վրա (երկարությունը 178 կմ): Ընկերությունը փոքր ՀԷԿ-ը սկսել է շահագործել 2012 թ-ին:

2016 թ-ին ԷկոԼուրի փորձագիտական խումբը մոնիտորինգ էր անցկացրել այս ՓՀԷԿ-ում  և հայտնաբերել խախտումներ՝ մասնավորապես կապված բնապահպանական թողքի, ձկնապաշտպան հանգույցների և լանդշաֆտի հետ:

ՓՀԷԿ-ի համար ՋԹ-ով սահմանված էր 0.58 խմ/վ բնապահպանական թողք: Փորձագետներն առաջարկել էին ընկերությանը ուսումնասիրել՝ արդյոք 0,58 խմ/վ բնապահպանական թողքը բավարար է Որոտան գետի և շրջակա բնական էկոհամակարգերի նորմալ կենսագործունեության համար: Նոր նախագծով սահմանվել է 1.25 խմ/վրկ բնապահպանական թողք:

Փոփոխվել են նաև ջրաէներգետիկ որոշ ցուցանիշներ: Այսպես, նոր նախագծով ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 24.9 մ է՝ նախկին 23.8 մ փոխարեն, հաշվարկային ելքը 7.0 խմ/վրկ է՝ նախկին 5.0 խմ/վրկ փոխարեն: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը սահմանվել է 1.35 ՄՎտ, իսկ ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը եղել է 730 կՎտ:

Նոր նախագծով ՓՀԷԿ-ը տարեկան պետք է արտադրի 3.58 միլիոն Կվտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ նախկին նախագծով այս ցուցանիշը սահմանված էր 3.26 միլիոն Կվտ/ժ: Նոր նախագծով ՓՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կկազմի 1.32 ՄՎտ, հաշվարկային ճնշումը՝ 24 մ, իսկ ՓՀԷԿ-ով անցնող հոսքը՝ 67.45 միլիոն խմ:

Վերակառուցումից հետո ՓՀԷԿ-ի պատվարը կունենա 7.2 մ բարձրություն և 27.0 մ երկարություն: Իսկ ներկայում ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 18 մ է, բարձրությունը՝ 5.5 մ: Կփոփոխվի նաև պատվարի ձախ կողմում կառուցված ձկնանցարանի կառուցվածքը, որն ապահովում է բնապահպանական թողքի անցումը: Նոր նախագծով այն կունենա 1.5 մ լայնություն և 39.9 մ երկարություն, բաղկացած կլինի 22 սեկտորներից: Ներկայում ձկնանցարանն ունի նույն 1,5 մ լայնությունը, բայց ավելի պակաս՝ 24 մ երկարություն, և բաղկացած է 15 սեկտորներից:
Հայտում Որոտան գետի ձկնաշխարհը ներկայացված է 3 տեսակով՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, արծաթափայլ լճածածան: Ըստ հայտի՝ Որոտան գետը չի ունեցել ձկնաբանական նշանակություն և չունի անգամ սիրողական ձկնորսության արժեք:

Նշենք, որ ըստ ձկնաբան Սամվել Պիպոյանի՝ Որոտանի այս մասում կարող են հանդիպել կարմրախայտը, կողակը, Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, կուրի սպիտակաձուկը, թեփուղը:
ՓՀԷԿ-ի շենքը տեղակայված է Որոտան գետի աջ ափին: Ներկայում ՓՀԷԿ-ի շենքում աշխատում է 3 հիդրոագրեգատ և ապահովում է 748 կՎտ դրվածքային հզորություն: Նախատեսվում է տեղադրել ևս 3-ը՝ 1320 կՎտ հզորություն ապահովելու համար: Ըստ հայտի՝ հիդրոագրեգատերը կունենան ավտոմատ կարգավորման համակարգ: Տրանսֆորմատորային ենթակայում նախատեսվում է տեղադրել յուղորսիչ, փակել տարածքը, ինչը ներկայում բացակայում է:

Ներկայում ջուրը ՓՀԷԿ-ի շենք տեղափոխվում է 162 մ երկարությամբ և 1420 մմ տրամագծով երկճյուղ պողպատե խողովակաշարով: Փոփոխված նախագծով նախատեսվում է ճնշումային ավազանից սկիզբ առնող ևս մեկ պողպատե խողովակաշարի կառուցում՝ կրկին 162 մ երկարությամբ և 1420 մմ տրամագծով, 7.0 խմ/վրկ հաշվարկային ելքը տեղափոխելու համար:

Ըստ հայտի՝ ՓՀԷԿ-ի կառուցվածքների տարածքում բացակայում են կարմիրգրքյան բուսական և կենդանական աշխարհի տեսակները: Տարածաշրջանում կա երկու հատուկ պահպանվող տարածք՝ «Գորիսի» և «Սև լիճ» արգելավայրերը: Նշվում է, որ կառուցվող խողովակաշարի տարածքը գտնվում է «Գորիսի» արգելավայրից 40 կմ հեռավորության վրա, իսկ «Սև լիճ» արգելավայրերից՝ 25 կմ հեռավորության վրա:

ՓՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքների արդյունքում հնարավոր բացասական ազդեցությունը կարտահայտվի հետևյալ գործոններով.
- խողովակաշարի կառուցման տարածքում շինարարական աշխատանքները կարող են վտանգել ցամաքային կենդանիների բնադրման-ձվադրման վայրերը;
- խախտել կենդանիների միգրացիոն, ջուր խմելու հնարավորությունները;
- ծանր տեխնիկայի աշխատանքի ընթացքում առաջացած աղմուկը ի հայտ կբերի վախի գործոն, ինչը կենդանիներին կստիպի փոխել իրենց բնակության վայրը:

«Որոտան-7» ՓՀԷԿ-ի վերակառուցման ժամկետը 7 ամիս է, իսկ շահագործման ժամկետը՝ 15 տարի:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

17:42 Մայիս 23, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news