ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Գնդասար» ՓՀԷԿ: ՓՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում: Այն կառուցված է Հրազդան գետի Ակունք վտակի վրա (երկարությունը 13կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2014թ-ին:
- ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ ընկերության, 110-120մ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի, 107մ է, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 103.6մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 925 կՎտ է: ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 01.01.2016թ-ի ցուցանիշների, 4.4192մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 03.12.2014- 03.12.2029թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 14.02.2013-14.02.2016թթ..:
- Բետոնե պատվարի երկարությունը 17 մ է, բարձրությունը՝ 2,7 մ, որի արդյունքում առաջացել է արհեստական լճակ։
- Պատվարի աջ մասում կառուցված է 0,75-1,2 մ լայնությամբ և 9 մ երկարությամբ աստիճանաձև ձկնանցարան՝ 9 աստիճանով։ Աստիճանների բարձրությունը հասնում է մինչև 30 սմ, ինչը կարող է դժվարություն ստեղծել ձկների տեղաշարժի և գետի վերին հոսանք բարձրանալու համար: Դիտարկման պահին ձկնանցարանի մուտքը զոդված էր մետաղյա թիթեղով, որը հնարավոր չէր շարժել, և ջուր ընդհանրապես չէր անցնում։ Հայտնի չէ, թե ինչպես է բաց թողնվում և կարգավորորվում գետի բնապահպանական թողքը: Կառուցված ձկնանցարանը ֆունկցիոնալ նշանակություն չունի:
- ՓՀԷԿ-ի խողովակաշարի մուտքամասում տեղադրաված է աղբորսիչ, որի ճեղքերի լայնությունը կազմում է 3 սմ:
- Հրազդան գետի տվյալ հոսանքում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ, Սևանի կողակ (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում), անգորական և Կուրի բեղաձկներ, արծաթափայլ կարաս, ամուրյան նրբաձկնիկ, ծիածանախայտ, որոնք կարող են ներթափանցել նաև Հրազդանի մեջ թափվող վտակների մեջ:
- Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 2186մ է, տրամագիծը՝ 1000մմ: Խողովակաշարը թաղված է հողի տա:
- Ակունք գետի վրա կառուցված ՓՀԷԿ-ի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ 16.81% է:
- «Գնդասար» ՓՀԷԿ-ի շահագործման ՋԹ-ում որեւէ տվյալ ներկայացված չէ ոչ ջրառի, ոչ բնապահպանական թողքի մասին: Կառուցման ՋԹ-ով նախատեսված է եղել 0.05խմ/վ բնապահպանական թողք:
- Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարումն ու հաշվառումն ապահովված չէ:
- Դիտարկման պահին գետում շատ քիչ չափաքանակով բնապահպանական թողքն ապահովվում էր միայն տղմազտարանից ավելցուկային ելքերով: Աշխատակցի համոզմամբ, ՓՀԷԿ-ի աշխատանքը ոռոգման սեզոնին /հունիս-օգոստոս/ դադարեցվում է, սակայն պետք է փաստել, որ նախագծում ջրատնտեսական հաշվարկներով ՓՀԷԿ-ն աշխատում է ամբողջ տարին: Աշխատակցի պնդմամբ, ՓՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է նաև գետի վարար ժամանակահատվածում /մոտ 2.5-3 ամիս/ գետի ջրաբերուկների՝ բնակավայրերի կենցաղային թափոնների պատճառով:
- ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է չինական արտադրության 2 հիդրոագրեգատ, որոնք կարող են աշխատել 0.5-0.8խմ/վրկ ջրաքանակով և ապահովել 500 կՎտ դրվածքային հզորություն` նախագծային 925 կՎտ-ի փոխարեն: Դիտարկման պահին աշխատում էր մեկը և ապահովում էր 140 կՎտ հզորություն:
- ՓՀէԿ-ի շենքում առկա է չափիչ սարքավորում, որը ցույց է տալիս ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրի մակարդակը: Այդ սարքի միջոցով ՓՀԷԿ-ի շենքից ավտոմատ ռեժիմով կարգավորվում է ՓՀԷԿ-ի ջրառը:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Գնդասար» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 5 ամիս` օգոստոսից մինչեւ դեկտեմբեր՝ արտադրելով 345975 կՎտ էլեկտրաէներգիա:
- Կայանային հանգույցի տարածքը քարե պարիսպով պարսպապատված է, ծառերով կանաչապատված և բարեկարգված է:
Եզրակացություն
Այս ՓՀԷԿ-ը պետք է դադարեցնի աշխատանքը ջրասակավ ժամանակաշրջանում։
Առաջարկություններ
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
- Վերանայել ՋԹ-ն՝ սահմանելով այնպիսի բնապահպանական թողք, որը կապահովի գետի էկոհամակարգի եւ կենսաբազմազանության բնականոն վիճակը, վերանայել ջրատնտեսական հաշվարկները, հաշվի առնել նաև ոռոգումը:
- Ստուգել ջրաբանական տվյալների հավաստիությունը։
- Վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելու ձկների բնականոն տեղաշարժը։ Մինչ այդ պետք է հեռացնել ձկնանցարանի մուտքը փակող կոնստրուկցիան։
- Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
- Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով:
- Խողովակաշարի մուտքամասը կահավորել մանրաբջիջ ցանցով:
Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ապրիլ 25, 2016 at 13:50