ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին՝ կապված փոքր ՀԷԿ-երի ոլորտում իրականացվող քաղաքականության և կարգավորումների հետ:
ԷկոԼուրը խնդրել էր տրամադրել տեղեկատվություն.
- քանի՞ փոքր ՀԷԿ-ի վրա է տեղադրված ջրաչափ, որոնք չափում են բնապահպանական թողքը, ե՞րբ է նախատեսվում ավարտել ջրաչափերի տեղադրման գործընթացը,
- քանի՞ փոքր ՀԷԿ-ի վրա է տեղադրված ՓՀԷԿ-ի ջրառը չափող ջրաչափ,
- արդյո՞ք ՓՀԷԿ-երում տեղադրված է բնապահպանական թողքի առցանց վերահսկման համակարգ, և եթե այո, ապա քանի՞ ՓՀԷԿ-ում է տեղադրված և ո՞ր մարմինն է համակարգում առցանց համակարգի անխափան աշխատանքը,
- մինչև 2020թ-ի հունիսի վերջ ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս որոշման ընդունմամբ ի՞նչ միջոցառումներ է նախարարությունը մտադիր ձեռնարկել այն գետերի էկոհամակարգերի պահպանման համար, որոնց 40 տոկոսից ավելին արդեն իսկ հոսում է խողովակներով և այն գետերի համար, որոնք էնդեմիկ և կարմիրգրքյան ձկնատեսակների ապրելավայրեր են,
- արդյո՞ք գնահատված է Հայաստանի Հանրապետության հիդրոռեսուրսը և եթե այո, ապա այն որքա՞ն ՀԷԿ-ի և փոքր ՀԷԿ-ի կառուցման հնարավորություն է տալիս, ո՞ր գետերի վրա և ի՞նչ հզորությամբ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Վահե Ջիլավյանի պատասխան նամակում նշված է.
«Ի պատասխան Ձեր 2020 թ-ի փետրվարի 10-ի գրության հայտնում եմ, որ
- փոքր հէկերի բնապահպանական թողքերի վրա տեղադրված չեն ջրաչափիչ սարքեր, քանի որ համաձայն փոքր հէկերին տրված ջրօգտագործման թույլտվության, ջրաչափիչ սարքերը պետք է տեղադրվեն ջրառի կետերում,
- 133 փոքր հէկի ջրառի կետերում տեղադրված են ջրաչափիչ սարքեր, մյուս փոքր հէկերում ջրաչափիչ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են,
- ներկայումս աշխատանքներ են տարվում փոքր հէկերի կառուցման համար արգելված գետերի ցանկի սահմանման ուղղությամբ: Շահագործվող փոքր հէկերի ջրօգտագործման թույլտվությունների ժամկետի ավարտից հետո կվերանայվեն ջրօգտագործման թույլտվությունները՝ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
- գոյություն ունեցող 6 ջրավազանային կառավարման տարածքից 3-ի համար՝ Արարատյան (2016 թվականի 31 մարտի N338-Ն կառավարության որոշում), Հարավային (2016 թվականի 26 մայիսի N539-Ն կառավարության որոշում) և Ախուրյան (2017 թվականի 9 մարտի N240-Ն կառավարության որոշում), հաստատված կառավարման պլաններում ներկայացված է գնահատված հիդրոլոգիական պոտենցիալն ըստ ջրառաջարկի և ջրապահանջարկի կանխատեսումների»:
Փետրվար 27, 2020 at 18:05