ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման վարկը էլէներգիայի սակագնի վրա չի ազդի. էներգետիկայի նախարար

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման վարկը էլէներգիայի սակագնի վրա չի ազդի. էներգետիկայի նախարար

panorama.am

«Ռուսական վարկը, որը տրամադրվել է հայկական ատոմակայանին, չի ազդի սակագնի վրա, քանի որ մենք հաշվարկել ենք նաև այդ ռիսկերը»,- այս մասին այսօր լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների՝ մասնավորապես 270 մլն դոլար գումարի չափով ռուսական վարկի վերադարձը կհաշվարկվի էլէներգիայի սակագնում:

Նախարարի խոսքով՝  թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագների կառուցվածքի վերաբերյալ քննարկումներ են սկսվել: «Ուսումնասիրությունները շուտով կվերջացնենք և կպարզվի՝ ինչպես կորուստների, այնպես էլ սակագնի հարցը»,- նշեց նա: 

Հարցին, թե կան տեսակետներ, որ հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել ամբողջ բնակչության համար, Արթուր Գրիգորյանն ասաց, որ սակագնի նվազեցման, վերանայման բոլոր հարցերով լիազոր, իրավասու մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: «Մենք աշխատանքներ սկսել ենք, դրանք արդյունք կտան, եթե ՀԾԿՀ-ն կկայացնի որոշում: Իհարկե մենք մեր համապատասխան վերլուծությունը կտրամադրենք Հանձնաժողովին»,- նշեց նախարարը:

Գազի սակագնի մասով էլ, ըստ նրա, քայլեր նույնպես սկսվել են։ Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ ուսումնասիրություն են կատարում՝ հասկանալու գազի գինը սահմանին և գազի գինը սահմանից ներս ինչպիսինն է: «Պետք է հասկանանք սակագնի կառուցվածքը, ավելացումները, փոփոխություններն ինչպիսի ռիսկեր են պարունակում, արդյոք այդ ավելացումները կամ կորուստները տեղին են, թե ոչ։ Ամեն ինչը հաշվի ենք առնելու։ Խնդրում եմ մի քիչ համբերություն և ժամանակ, որպեսզի աշխատենք, իսկ դրա արդյունքն անպայման կտեսնեք»,- ընդգծեց նա:

Արթուր Գրիգորյանի խոսքով՝ ընդհանրապես սակագնի նվազման հետ կապված բոլոր վերլուծությունները պետք է ունենան հիմք։ Դրա համար, ըստ նրա,  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀԷՑ-ի և մնացած բոլոր արտադրող կայանների հետ էներգահամակարգ են ստեղծում, որպեսզի հասկանան՝ տվյալ ոլորտում ինչ վիճակ է և ինչի կարող են հասնել։

Անդրադառնալով էներգետիկայի շուկայի ազատականացման հարցին՝ նախարարն ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքները վաղուց սկսվել են։  Ըստ նրա՝ կա բավականին լավ իրավական և օրենսդրական դաշտ և երկու տարվա ընթացքում կավարտեն շուկայի ազատականացման գործընթացը:

«Ես ինքս շատ կարևորում եմ այդ ծրագիրը, քանի որ զարգացած երկրներում շուկայի ազատականացումը էներգետիկ համակարգի մասով բավականին առաջընթաց է ապահովել»,- ասաց նա։

16:27 Հուլիս 02, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news