5 ամսում «Լուսավոր Սահման» նախաձեռնությունը էներգախնայող լամպեր է բաժանել 8 սահմանամերձ համայնքներում

5 ամսում «Լուսավոր Սահման» նախաձեռնությունը էներգախնայող լամպեր  է բաժանել 8 սահմանամերձ համայնքներում

ԷկոԼուր

5 ամսվա ընթացքում «Լուսավոր Սահման» նախաձեռնությունը էներգախնայող լամպ է բաժանել Հայաստանի 7` Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեպար, Դովեղ, Բերքաբեր, Վազաշեն, Այգեպար, Չինարի և Արցախի Թալիշ սահմանամերձ համայնքների բնակիչներին: «Մինչ այժմ հանգանակել ենք 21 միլիոն դրամ և այդ միջոցներով գնել և բնակիչներին ենք բաժանել 8000 էներգախնայող լամպ»,- էկոԼուրին հայտնեց նախաձեռնության աջակից «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Կարապետյանը: Նա նշեց, որ բազում ընտանիքներում էլեկտրաէներգիայի դիմաց վճարը նվազել է ամսական մինչև 4000 դրամ:

Նախաձեռնությունը շարունակական է: Կազմակերպիչները մտադիր են էներգախնայող լամպեր բաժանել Հայաստանի 35 սահմանամերձ և Արցախի բոլոր համայնքներին:

«Լուսավոր Սահման» նախաձեռնության մեկնարկը տրվել է 2016թ. նոյեմբեր ամսին: Նախաձեռնության նպատակն է սահմանամերձ համայնքներում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել բնակիչների հոգսերը՝ կրճատելով նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:

Նախաձեռնությունն իրականացվում է նվիրատվություններից, հանգանակություններից ստացված միջոցներով: «Ցանկացած մարդ կարող է աշխարհի ցանկացած վայրից մասնակցել հանգանակությանը նույնիսկ ամենափոքր գումարով: Հանգանակությանը մասնակցելու ձևերը ներկայացված են www.ledify.am կայքում»,- ասաց Հովհաննես Կարապետյանը:

Մինչ այժմ նախաձեռնությանն աջակցել են՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, «Սահման» ՀԿ-ն, «Շտիգեն» ՍՊԸ-ն, ՀՀ կենտրոնական բանկը, «Բրեյնդ» ՍՊԸ-ն, «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ-ն, PAN.am-ը, «Իզի Փեյ» ՍՊԸ-ն, TelCell-ը, Օպերա Սուիթ հյուրանոցը, RenderForest-ը, MI PRODUCTION, Photo Atelier Marashlyan-ը, RepatArmenia-ն, Barev Today-ը, Cross Social-ը, Khachatryan Art Collection-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն, Վերկանագնվող էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, «ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԲԲԸ-ն, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ն, «Սերունդ» ՀԿ-ն, Հայկ Հարությունյանը, Ալեքսանդր Հակոբյանը, Դանիել Քելեգյանը, Եվգենիա Էվոյանը, Վարուժան Ավետիքյանը, Արմինե Ավետիսյանը, Էլեոնորա Մկրտչյանը, Կոմիտաս Ստեփանյանը:
Նախաձեռնության հետ համագործակցում է լամպերի 3 մատակարար կազմակերպություն: Կազմակերպիչները հույս ունեն, որ մատակարարները կավելանան:

13:09 Մարտ 09, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news