«ՋԵՐՄՈՒԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«ՋԵՐՄՈՒԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «ՋԵՐՄՈՒԿ-1» փոքր ՀԷԿ: «ՋԵՐՄՈՒԿ-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում` Ջերմուկ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Արփա գետի վրա, որի երկարությունը 128կմ է: «ՋԵՐՄՈՒԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Ջերմուկ Տուրբոշին» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «ՋԵՐՄՈՒԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2017 թ-ին:

• Վերին բիեֆի նիշը, ըստ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), 2010մ է, ըստ ՓՀԷԿ-ի կառուցման հայտի 2014մ: Ներքին բիեֆի նիշը, ըստ ՀԾԿՀ-ի, 1948,0մ է:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 65.4մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի 41.9 մ է, ըստ նախագծի` 54.7է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՓՀԷԿ-ի կառուցման հայտի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 6 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1906 կՎտ է, ըստ նախագծի, 2547 կՎտ, դիտարկման պահին 1000 կՎտ էր: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 11.48 հազ. Կվտ.ժ է, Էլ.էներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ 01.01.2017թ-ի ցուցանիշների, 10.2 մլն.կՎտ.ժամ : ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 20.04.2014- 20.04.2018- 20.04.2031թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 16.03.2007-16.07.2007թթ կառուցման նպատակով:

• «ՋԵՐՄՈՒԿ-1» ՓՀԷԿ-ը, ըստ ՋԹ-ի, կարող է գետից ջրառ իրականացնել շուրջ տարի` ապահովելով 0.96մ3/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին բնապահպանական ելքն ապահովված չէր:

• ՓՀԷԿ-ի գլխամասում հայտով նախատեսվել է ջրթափ բետոնային պատվար` 2.5մ բարձրությամբ, 15.0 մ լայնությամբ:

• Բետոնե կողապատերով և մետաղական թիթեղային միջնորմներով ձկնանցարանը կազմված է 16 միջնորմից: Երկարությունը` 21 մ է, լայնությունը` 145 սմ: Միջնորմների բարձրությունը մոտ 1.4 մ է, որոնք ունեն շախմատաձև դասավորված երկուական ճեղք 40X40 սմ անցքերով:

• Առկա է 2 աղբորսիչ, առաջինը` կիսակլոր` 26 մ երկարությամբ և 6 մ բարձրությամբ, ճեղքերի լայնությունը` 8-9 սմ: Երկրորդը դրված է ճնշումային խողովակի վրա և ունի սեղանի տեսք: Վերին մասում ունի 2.5 մ երկարություն, ստորին մասում` 5.5 մ: Այն ունի 6 մ բարձրություն, ճեղքերի լայնությունը` 2.5-3 սմ:

• Խողովակաշարի երկարությունն, ըստ ՀԾԿՀ-ի և ՓՀԷԿ-ի կառուցման հայտի, 2357մ է, տրամագիծը`1.4մ: Խողովակաշարը վերգետնյա է:

• Արփա գետի վրա կառուցված «ԱՐԵՆԻ ՀԷԿ», «Ջերմուկ ՀԷԿ-2» , «Արփա», «Արփա-3» ՓՀԷԿ և «Ջերմուկ 1» փոքր Հեկ-երի դերիվացիայի գումարային երկարության (11600մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (126կմ) հետ կազմում է 9.06%:

• Կայանում տեղադրված է տեղական «Խորդա» մակնիշի 3 հիդրոագրեգատ: Գենրատորները սինքրոն են: ՓՀԷԿ-ի կայանում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:

• Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 2 տրանսֆորմատոր, մեկը` սեփական կարիքների համար: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչներ տեղադրված չեն:

• Նախագծով նախատեսված է ՓՀԷԿ-ի տարածքի կանաչապատում, ինչը արված չէր:

• Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ կատարված չեն:

• Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար բացակայում էր համապատասխան լուծումը:

• ՓՀԷԿ-ի կառուցումն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

• ՓՀԷԿ-ում աշխատում է 9 հոգի Ջերմուկ համայնքից:

Առաջարկություններ

1. Ջրընդունիչ հանգույցում իրականացնել վերակառուցման աշխատանքներ այնպես, որ անկախ ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառից և ջրօգտագործման ռեժիմից գետում բաց թողնվի 960լ/վրկ բնապահպանական ելք, քանի որ դիտարկման պահին սահմանված բնապահպանական ելքի չափաքանակն ապահովված չէր: Ջրառից ավելի ներքև ընկած նիշում համապատասխան տեխնիկական լուծման միջոցով ապահովել գետի բնապահպանական ելքի անցումը:

2. ՓՀԷԿ-ի ջրառ կառուցվածքում և բնապահպանական թողքի կետում ապահովել ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգեր, որոնք համալրված կլինեն ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մարմնի կողմից կնքված` տվյալների առցանց հաղորդման ջրաչափական սարքավորումներով և կապահովեն ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակի և բնապահպանական ելքի կարգավորումն ու վերահսկումը:

3. ՓՀԷԿ-ի ագրեգատները վերազինել ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգով, որը կայուն մակարդակի վրա կպահի ջրառի քանակը և քիչ ջրաքանակով կապահովի բարձր արդյունավետություն:

4. Տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով:

5. ՓՀԷԿ-ի կառույցների տարածքներում իրականացնել բավարար վերականգնան/ռեկուլտիվացիայի և կանաչապատման աշխատանքներ:

6. Աշխատողների կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսել անջրթափանց հոր կամ «mini» մաքրման կայան:

7. Քանի որ Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության և առողջարանային քաղաք է, անհրաժեշտ է վերգետնյա խողովակաշարը ողջ երկարությամբ անցկացնել ստորգետնյա և իրականացնել տարածքների ռեկուլտիվացիա` բերելով նախնական վիճակի:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Ապրիլ 09, 2018 at 18:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր