«Ձորագյուղ 1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Ձորագյուղ 1»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ձորագյուղ 1» փոքր ՀԷԿ: «Ձորագյուղ 1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում` Ձորագյուղ համայնքի վարչական տարածքում: «Ձորագյուղ 1» և « Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-երը կասկադային ՓՀԷԿ-եր են, որոնք շահագործում է «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» ՍՊԸ-ն: Ըստ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի` « Ձորագյուղ 1» ՓՀԷԿ-ը կառուցվել է Ձորագյուղի ոռոգման ջրատարի վրա, ըստ վերազինման նախագծի` Ձորագյուղ գետի անանուն վտակի վրա:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Ձորագյուղ 1» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2008թ-ին: 2015թ. իրականացվել է ՓՀԷԿ-ի վերազինում, որը ենթակա չի եղել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
• «Ձորագյուղ 1» ՓՀԷԿ-ի ջրառն իրականացվում է «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-ի ջրահեռացումից հետո: «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-ից հեռացված ջուրը մարիչ հորից միանգամից ուղղվում է ճնշումային խողովակաշար, որտեղից` «Ձորագյուղ 1»-ՓՀԷԿ-ի շենք: «Ձորագյուղ 3»-ի ՓՀԷԿ-ի ջրօգտագործումն իրականացվում է ոռոգման և խմելու համար նախատեսված աղբյուրների կապտաժային ջրառներից հետո: Ջուրն ավազանից ճնշումային խողովակաշարով ուղղվում է «Ձորագյուղ-1» ՓՀԷԿ-ի կայան: Ջրհավաք ավազանից հետո գետը ցամաքած էր:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` «Ձորագյուղ-1 » ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` x=45006'51,05'', y=40008'53,13'', ջրահեռացման կոորդինատներն են` x=45009'45,63'', y=40009'35,25'': Վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և նախագծի տվյալների, 2513,0 է, ներքին բիեֆի նիշը, ըստ ՀԾԿՀ-ի և ՋԹ-ի, 2197մ է:
• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ կառուցման նախագծի, 665.3մ է, վերազինումից հետո` 316մ: Հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի, 295.2 է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, Ըստ ՀԾԿՀ-ի և վերազինման նախագծի ` 0.24 մ3/վ է, ըստ կառուցման նախագծի, 0.115 մ3/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի և ըստ վերազինման նախագծի, 530կՎտ է, ըստ նախագծի, 0.493 մՎտ: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 3.813414 մլն.կՎտ.ժամ է, ըստ նախագծի՝ 2.846 մլն.կՎտ.ժամ, ըստ վերազինման նախագծի, 4.10 մլն.կՎտ.ժամ: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 29.12.2008- 29.12.2023թթ. է, ՋԹ-ի ժամկետը`16.11.2015-16.11.2020թթ.:
• Ըստ վերազինման նախագծի` նախատեսված էր կառուցել նոր ջրընդունիչ հանգույց անանուն վտակի վրա, որտեղ հեռացվում է «Ձորագյուղ-3» ՓՀԷԿ-ից հեռացվող ջուրը և ոռոգման ջրատարին զուգահեռ կառուցել 530մմ տրամագծի և 4500 գծ.մ երկարությամբ ճնշումային խողովակաշար: Իրականում «Ձորագյուղ 1» ՓՀԷԿ-ի ջրառն իրականացվում է «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-ի ջրահեռացումից հետո: «Ձորագյուղ 3»-ից հեռացված ջուրը մարիչ հորից միանգամից ուղղվում է 4500մ երկարությամբ և 0.53մ տրամագծով ճնշումային խողովակաշար, որտեղից` «Ձորագյուղ 1» ՓՀԷԿ-ի շենք: Իրականացված է ռեկուլտիվացիա:
• ՓՀԷԿ-ը ձկնանցարան չունի այն հիմնավորմամբ, որ գետի հոսքը ներծծվում է և հոսք չի լինում:
• ՋԹ-ի համաձայն՝ «Ձորագյուղ 1» ՓՀԷԿ-ը 6,68 մլն.մ3 ջրառ է իրականացնում տարվա բոլոր ամիսների ընթացքում` ապահովելով 0,01 մ3/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին բնապահպանական թողքն ապահովված չէր:
• Քանի որ Ձորագյուղ գետի անանուն վտակի երկարությունը հայտնի չէ, ՓՀԷԿ-երով գետի ծանրաբեռնվածությունը հաշվարկվել է Ձորագյուղ գետի երկարությամբ, որը 18կմ է: Այսպիսով` ստացվում է, որ շուրջ 18 կմ երկարությամբ գետի վրա կառուցված «Ձորագյուղ 1» և «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (ըստ ՀԾԿՀ տվյալների` «Ձորագյուղ 1» ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը ` 4500մ է, «Ձորագյուղ 3»-ինը`5800մ: Գումարային `10300մ ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 57.22 տոկոս:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Ձորագյուղ 1» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 3806162 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• Կայանում տեղադրված է 2 ագրեգատ: Նախկինում եղել է մեկը, վերազինման արդյունքում ավելացել է ևս մեկը` «Որոտան-Տուրբո»ՍՊԸ արտադրության: 2 տուբինները շերեփային են, 2 գեներատորները` ասինքրոն:
• Առավելագույնը կայանում 240 լ/վրկ ջրաքանակով ապահովվում է մինչև 450կՎտ դրվածքային հզորություն: Մինչդեռ վերազինման նախագծով նախատեսված է 530 կՎտ:
• Ցանկապատված տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է երկու տրանսֆորմատոր, որոնք չունեն յուղորսիչներ:
• Գործում է կիսավտոմատ կառավարման համակարգ:
• Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք տեղադրված չէ:
• Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված չէ:
• Սողանքային երևույթներ չկան:
• ՓՀԷԿ-ն անցել է կառուցման Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն: Վերազինման համար փորձաքննական եզրակացությունը բացակայում է:
• Առկա է զուգարան, ջուրը թափվում է միանգամից գետ:

Առաջարկություններ

- Քանի որ «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» ՓՀԷԿ-երը կասկադային են /մոտ` 10 կմ երկարությամբ գետահատված վերցված է խողովակաշարի մեջ/ գետի հունում բնական հոսքի ապահովման և բնապահպանական եքի անարգելք բաց թողնման համար անհրաժեշտ է վերակառուցել «Ձորագյուղ-3» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ ավազանը` հեռացնելով գետի հունը փակող քարերը:
- Անհրաժեշտ է վերանայել ջրատնտեսական հաշվարկները` ջրային հոսքի համար սահմանված` 10լ/վրկ բնապահպանական ելքի չափաքանակը ավելացնելու միտումով /դիտարկման պահին բնապահպանական ելքը ջրային հոսքի երկարությամբ գրեթե բացակայում էր/:
- Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման և ջրաչափի տվյալների վերահսկման առցանց կապի համակարգերով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:
- Հսկելու համար ջրառում ջրի և բնապահպանական ելքի քանակները, ինչպես նաև ապահովելու համար 530 կՎտ նախագծային հզորությունն, անհրաժեշտ է տեխնիկապես վերազինել ՓՀԷԿ-ը, քանի որ ՓՀԷԿ-ը սահմանված` 240լ/վրկ ելքով չի ապահովում դրվածքային հզորությունը:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ «mini» մաքրման կայանի, կամ անջրթափանց հորի միջոցով` բացառելու համար արտահոսքը գետ:
- Կայանային հանգույցի տարածքում իրականացնել կանաչապատում:
- Տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



18:03 Սեպտեմբեր 15, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news