«Վարդենիկ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Վարդենիկ»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Վարդենիկ» փոքր ՀԷԿ: «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիկ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Սեւանա լճի ավազանում՝ Սեւանա լիճ թափվող Վարդենիս գետի վրա (երկարությունը 28 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Ջրասահք» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Վարդենիկ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 169մ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի, 153,32մ է, ըստ նախագծի՝ 141.32 մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի, 4.8 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 6170 կՎտ է, ըստ նախագծի` 5690 կՎտ: Ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 12.373 մլն.կՎտ.ժամ է, մինչդեռ 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ այն եղել է 16.71 մլն.կՎտ.ժամ: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 14.80 մլն.կՎտ.ժամ է: «Վարդենիկ» ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը 08.05.2013-08.05.2028թթ.. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ժամկետը` 14.02.2013-14.02.2016թթ..:
  • ՋԹ-ում ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման կետերի կոորդինատները նշված չեն:
  • «Վարդենիկ» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցը հսկայական կառույց է, որն իր  չափերով և արտաքին տեսքով նշված վայրում ստվերում է բնական լանդշաֆտի գեղեցկությունը: Ջրընդունիչ հանգույցում կառուցվածքների տեխնիկական լուծումները չեն  համապատասխանում նախագծային լուծումներին:
  • Պատվարի երկարությունը 18 մ է, բարձրությունը՝ 1,5 մ: Նախագծով նախատեսված է եղել 3 մ բարձրությամբ, 15մ երկարությամբ բետոնե պատվար:
  • Ձկնանցարանը նախագծով նախատեսված է եղել ջրանցքի տեսքով` գլաքարերով պատված հատակով:  Իրականում ձկնանցարանը բետոնե կառույց է` կազմված 12 առանձին բաժանմունքներից, որոնց աջ և ձախ կողմերում առկա են շախմատաձև անցքեր ձկների տեղաշարժի համար: Բաժանմունքներն իրարից բաժանված  են 1 մ երկարությամբ միջնապատերով: Ձկնանցարանի մոտ 2.7մ բարձրությունը, 58.8 մ երկարությունը և հարթ մակերեսը ձկան կենսակերպի համար կարող է հանդես գալ որպես փոփոխված կենսամիջավայր և  ունենալ տարբեր հետևանքներ` ընդհուպ մինչև  փոփոխություն մտցնել վարքագծում: ՓՀԷԿ-ի աշխատակցի համոզմամբ՝ նախագծի փոփոխությունը պայմանավորված է եղել KFW բանկի պահանջով:
  • Առկա են 2.2 մ երկարությամբ 6 աղբորսիչ ցանցեր, որոնց ճաղերի միջև եղած հեռավորությունը 3 սմ է: Ճաղերի նման հեռավորությունը չի կարող արգելել մինչև 12 սմ երկարություն ունեցող մանրաձկների՝ ճնշումային խողովակաշարում հայտնվելուն:
  • Վարդենիս գետի վերին հոսանքում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  կարող են հանդիպել հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, Սևանի կողակ (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), Սևանի իշխան (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում): Հնարավոր է, որ այստեղ բարձրանա նաև Սևանի բեղաձուկը (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում): Բացառված չէ նաև ծիածանախայտի առկայությունը, որին աճեցնում են այս գետի հարևանությամբ գտնվող լճակներում:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարը պողպատյա է, երկարությունը  համապատասխանում է նախագծային տվյալներին: Ըստ նախագծի՝ խողովակաշարի  երկարությունը 3840մ է, տրամագիծը՝1200*2 մմ:
  • Վարդենիս գետի վրա կառուցված  ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (3840մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (28կմ)  հետ կազմում է 13.35%:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Վարդենիկ» ՓՀԷԿ-ը կարող է իրականացնել 150.390 հազար խմ ջրառ՝ գետում ապահովելով 0.18խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով բնապահպանական թողք սահմանված է եղել 0.045 խմ/վ:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Վարդենիկ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 12372616 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է «Wasser kraft» ավստրիական ֆիրմայի արտադրության տուրբինով և չեխական արտադրության գեներատորով համալրված երկու ագրեգատ /յուրաքանչյուրը` 3 Մվտ հզորությամբ/, որոնք ունեն բարձր տեխնիկական արդյունավետություն և ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ: Դիտարկման պահին աշխատում էր մի ագրեգատը, որն օգտագործում էր 400լ/վրկ ջրաքանակ և ապահովում էր 576 կՎտ դրվածքային հզորություն:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված   2 տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և  կանաչապատված է:
  • Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագորմանը ներկայացվող պահանջները կատարված են, սողանքային երեւույթներ չկան, արված է ռեկուլտիվացիա:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացվում է անջրթափանց հորի միջոցով:
  • 2014թ-ին ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 150.000 դրամի վարչական տուգանք:
  • ՓՀԷԿ-ին մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքը «Սեւան» ազգային պարկն է:

Եզրակացություն

Դիտարկման պահին ջրառից հետո Վարդենիս գետով անցնում էր մոտ 100 լ/վրկ ջուր, և ակնհայտ երևում էր, որ այդ քանակը ընդհանարապես չի կարող բավարարել՝ գետի էկոհամակարգի և կենսաբազմազանության բնականոն վիճակը պահպանելու համար:

 

Եթե Սևանա լճից ձկները ձվադրման նպատակով բարձրանում են այս հատված, ապա այս ՓՀԷԿ-ի բոլոր կառույցները և գետի բնապահպանական թողքի քանակը պետք է այնպիսին լինեն, որ ոչ մի կերպ չխոչընդոտվի ձկների բնականոն տեղաշարժը։ Եթե դա անհնար է ապահովել, ապա պետք է ապամոնտաժել Սևանի ավազանի գետերի վրա կառուցված բոլոր ՓՀԷԿ-երը։

ՋԹ-ով տրված է  0.18մ3/վ. բնապահպանական թողք: Այս դեպքում ՓՀԷԿ-ը կարող է գործել տարվա մեջ ոչ ավել քան 4 ամիս, այն էլ  միայն միջինից բարձր ջրառատության դեպքում: Փոքր ՀԷԿ-ի կողմից օգտագործվող առավելագույն հաշվարկային ելքը՝ 4.8մ3/վ, գումարելով ՋԹ-ով նախատեսված  0.18մ3/վ բնապահպանական թողքին, վկայում է, որ ամբողջ հզորությամբ ՓՀԷԿ-ը կարող է աշխատել միայն մեկ ամիս (հունիս):

Ջրառի ամբարտակը կառուցված է նախագծային շեղումներով` 2 զուգահեռ, անհարկի խորը պարզարաններով: Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի՝ նախագծողը որպես ելային տվյալ է օգտագործել գետի 1954 թվականի  հոսքի մեծությունը ձկնանցարանի համար:  Չնայած գտնվել է ավելի ռացիոնալ լուծում, այնուամենայնիվ կառուցված է նախագծից շեղումներով: Այս ՓՀԷԿ-ում նույնպես առկա է բոլոր ՓՀԷԿ-երում տիրող իրավիճակը. ջրառի կետում չի չափվում ինչպես բնապահպանական թողքը, այնպես էլ ջրառի ծավալը, որի մեծության որոշման հիմք հանդիսացող հիդրոլոգիական տվյալները հավաստի չեն:

Առաջարկություններ 

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Վերանայել ջրատնտեսական հաշվարկը` բնապահպանական թողքի չափաքանակը  ավելացնելու միտումով:
  • Տրանսֆորմատորների տակ տեղադրել յուղորսիչ համակարգ։
  • Տեղադրել ձկնապաշտպան ցանց:
  • Ձկնանցարանի հատակը պատել գետի գլաքարերով:
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութըպատրաստվել է «ԱջակցությունփոքրՀԷԿ-երինվերաբերողբարեփոխումներին` գետայինէկոհամակարգերիկայունօգտագործմաննպատակովհանրությանևՀՀբնապահպանությաննախարարությաներկխոսությանմիջոցով» ծրագրիշրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀՓոքրդրամաշնորհներիծրագրիաջակցությամբ:



16:09 Ապրիլ 04, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news