էներգասպառող ապրանքատեսակների համար կսահմանվեն էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ

էներգասպառող ապրանքատեսակների համար կսահմանվեն էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ

ԷկոԼուր

Ս.թ. դեկտեմբերի 5-ի նիստին ՀՀ կառավարությունն ընդունեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ oրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էներգասպառող ապրանքատեսակների համար սահմանել էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ:

Ըստ օրինագծի՝ ներկայում օրենքը սահմանում է էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, բայց էներգաարդյունավետության բնութագրերի մասով պահանջներ չի ներառում:

Կարգավորման բացակայության հետևանքով պետական գնումների համակարգով ձեռք են բերվում էներգասպառող ապրանքատեսակներ, որոնք խիստ անարդյունավետ են և դրանց հետագա շահագործման ընթացքում ծախսած էներգիայի դիմաց վճարումները պետությանը հասցնում են զգալի վնասներ: Անհրաժեշտություն է առաջացել պետության կարիքների համար ձեռք բերվող էներգասպառող ապրանքատեսակների որոշակի խմբերի սարքերի և սարքվածքների ցանկի համար սահմանել էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ՝ հետագայում դրանց արդիականացման հնարավորությամբ, ինչպես նաև ակնկալվող արդյունքների վերստուգելի մեխանիզմների ստեղծմամբ ու չափանիշների սահմանմամբ:

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ էներգաարդյունավետության նվազագույն պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության և էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը:

Նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

12:27 Դեկտեմբեր 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news