«Մանե» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Մանե» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Մանե» փոքր ՀԷԿ: «Մանե» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Գորայք համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի վերին հոսանքում, որի երկարությունը 178 կմ է: «Մանե» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԿԱՅՈՒՐ ՀԷԿ» ՍՊԸ -ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Մանե» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2014 թ-ին:

• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` x=45045' 29.1'', y=390 47'06.3'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և նախագծի` H=2387մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` x=45044'27,8'', y=39 046'03,1'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, ՀԾԿՀ-ի և նախագծի, H=2292մ է:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 80 մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի տվյալների, 80.7 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի 3.0մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի 1879կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի հուլիսի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 2.161301մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 15.04.2015-18.11.2029թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 05.03.2015-05.03.2025թթ.:

• Որոտան գետի վերին հոսանքներում գետի հունը հունային ջրընդունիչով կիսվել էր երկու մասի: Մոտ 30 մ երկարությամբ ներքև գետի հոսքի մի մասն ուղղվում էր Որոտան գետ` որպես բնապահպանական ելք, մյուս մասը ՝ ՓՀԷԿ-ի ջրընդունիչ ջրանցք, որի միջոցով ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրաքանակն ուղղվում էր ճնշումային ավազան, այնուհետև՝ ճնշումային խողովակաշար:

• Ջրանցքը բաց տիպի էր, ուներ բետոնյա հատակ, մետաղական պատեր: Ջրանցքն ուներ փաստացի 3.8 կմ երկարություն, ցանկապատված չէ: Սակայն նախագծով նախատեսված է 3.6 կմ երկարությամբ ջրանցք, որը պետք է ցանկապատվեր: Ջրանցքի երկարությամբ առկա էին քարաթափության երևույթներ, որը հետևանք էր ջրանցքի կառուցման և սպասարկման աշխատանքների: Տեղ-տեղ որպես պաշտպանիչ միջոցառում ջրանցքի երկարությամբ նախատեսվել էր գաբիոնե պատ: Ջրանցքի վերջնամասում, ջուրը հավաքվում էր 2մ բարձրությամբ և 10 մ ջրթափային ճակատով ջրահավաք ավազանում, որտեղից ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ելքը` 980 մ երկարությամբ, 1220 մմ տրամագծով պողպատյա ճնշումային խողովակաշար, որը վերգետնյա է, ուղղվում է ՓՀԷԿ-ի շենք: Գլխամասում բետոնյա ջրթափ պատվար չկա: Սակայն նախագծով նախատեսված է եղել 2.0 բարձրությամբ, 10.0 մ ջրթափային ճակատով պատվար:

• Բաց ջրանցքն անջրպետում է ցամաքային կենսաձև վարող կենդանիների` կաթնասունների, սողունների, երկկենցաղների, անողնաշարավորների ազատ տեղաշարժը տեղանքով` թույլ չտալով նրանց մոտենալ գետին: Բացի այդ, ջրանցքի մեջ ընկած պատահականորեն կենդանիները, նաև մարդիկ դեպքերի մեծ մասում կարող են խեղդվել, քանի որ այդտեղից դուրս գալու հնարավորություններ գրեթե չկան:

• Նախագծով նախատեսված է եղել ձկնանցարան, որն իրականում բացակայում էր:
Բացակայում էր նաև աղբորսիչը: Առկա է հունային ձկնուղի: Սակայն գետի ներքին հոսանքներից վերին հոսանքներ ձկների բարձրանալը կասկածի տակ է դրվում, քանի որ Որոտան գետում ջուրը դիտարկման պահին շատ քիչ էր, ավելին, ջրանցքի երկարությամբ տեղ-տեղ գետը գրեթե ցամաքած էր:

• Հունային ջրընդունիչով գետի հունը կիսվելուց հետո մոտ 30 մ երկարությամբ ներքև գետի հոսքի մի մասն ուղղվում է Որոտան գետ` որպես բնապահպանական ելք: Կատարված շինարարական աշխատանքների արդյունքում գետի հունը խախտվել է. գետից հանվել են գլաքարեր, որոնք լցված էին ջրընդունիչի հարևանությամբ: Ջրառից մոտ 1.5-2 կմ ներքև Որոտան գետին միանում էին ջրային հոսքեր:

• ՋԹ-ի համաձայն` ՓՀԷԿ-ը գետում պետք է ապահովի 0.30 մ3/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին բնապահպանական ելքն ապահովված չէր, ավելին` Որոտան գետը տեղ-տեղ գրեթե ցամաքած էր ջրանցքի երկարությամբ:

• Ջրառի կետում ջրաչափը բացակայում է:

• Որոտան գետի վրա կառուցված «Որոտնա ՀԷԿ» (ըստ ՀԾԿՀ-ի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 3220մ), «Շինուհայր» (ըստ ՀԾԿՀ-ի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 1555մ), «Ապրես» (ըստ ՀԾԿՀ-ի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 1700մ), «Որոտան-7» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 931.37 մ), «Իշխանասար» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4356 մ), «Մանե» (ըստ ՀԾԿՀ-ի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4720 մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (16482.37մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (178կմ) հետ 9.25%:

• Որոտան գետում հանդիպում են կարմրախայտը, Կուրի բեղաձուկը և արևելյան տառեխիկը: Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չկան: Գետի աղտոտվածության պատճառով այստեղ անբարենպաստ պայմաններ են ստեղծված ձկների կենսագործունեության համար:

• ՓՀԷԿ-ի կայանում տեղադրված է տեղական «Խորդա» մակնիշի 3 հիդրոագրեգատ` 1 1200 կՎտ, 2-ը 600 կՎտ հզորությամբ, սակայն չեն ապահովում արտադրական ցուցանիշները: ՓՀԷԿ-ն առավելագույնն օգտագործում է 1700լ/վրկ ջրաքանակ: ՓՀԷԿ-ն ապահովվել է նախագծային հզորություն միայն ապրիլ-մայիս ամիսներին: Դիտարկման պահին աշխատում էր ՓՀԷԿ-ի մեկ հիդրոագրեգատը` 800լ/վրկ ջրաքանակով ապահովելով 370 կՎտ հզորություն:

• ՓՀԷԿ-ի տրանսֆորմատրային ենթակայանում տեղադրված է 2 տրանսֆորմատոր, որոնցից մեկը` սեփական կարիքների համար: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչ տեղադրված չէ:

• ՓՀԷԿ-ի շենքի տարածքը կանաչապատված է:

• «Հաշվակային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով 2016թ-ին ՓՀԷԿ-ն աշխատել է 8 ամիս` բացառությամբ ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսների, արտադրելով 2,161,301կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

• ՓՀԷԿ-ի տարածքում իրականացվել է ծառատունկ:

• Իրականացված է ռեկուլտիվացիա, սակայն ոչ բավարար:

• Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագորմանը ներկայացվող պահանջները և ռեկուլտիվացիան իրականացված են ոչ բավարար:

• Առկա է լանդշաֆտի խախտում. բաց ջրանցքի երկարությամբ առկա է քարաթափություն:

• ՓՀԷԿ-ն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

• Ազատ ջրօգտագործման պահանջները կատարվում են:

• Նախագծով նախատեսված է բիոզուգարան: Կառուցվել է հորով զուգարան:

• 2015թ իրականացվել է տեսչական ստուգում, ՓՀԷԿ-ը տուգանվել են 200.000 դրամ վարչական տուգանքով ՋԹ-ի պայմանների խախտման համար:

• ՓՀԷԿ-ում աշխատում է 5 հոգի Սիսիանի տարածաշրջանի Լոր, Շամբ, Սիսիան համայնքերից:

• Գետի և ափամերձ տարածքների սանիտարական վիճակը ոչ բավարար էր, քանի որ գետափնյա տարածքներն ամբողջովին խախտված էին, գետում չկար բավարար քանակի ջուր:

Առաջարկություններ

1. Գետային էկոհամակարգի պահպանության և ձկների անարգելք տեղաշարժի համար անհրաժեշտ է ջրընդունիչ հանգույցում իրականացնել վերակառուցման աշխատանքներ այնպես, որ անկախ ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառից և ջրօգտագործման ռեժիմից` մշտապես, տարվա բոլոր սեզոններին, գետում բաց թողնվի 300լ/վրկ սահմանված բնապահպանական ելքը /քանի որ դիտարկման պահին այն ապահովված չէր, ավելին գետը տեղ-տեղ ցամաքած էր/:

2. ՓՀԷԿ-ի ջրառ կառուցվածքում և էկոլոգիական թողքի կետում ապահովել ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգեր, որոնք համալրված կլինեն ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մարմնի կողմից կնքված` տվյալների առցանց հաղորդման ջրաչափական սարքավորումներով և կապահովեն ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակի և բնապահպանական ելքի կարգավորումն ու վերահսկումը:

3. ՓՀԷԿ-ի ագրեգատները վերազինել ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգով, որը կայուն մակարդակի վրա կպահվի ջրառի քանակը և քիչ ջրաքանակով կապահովվի բարձր արդյունավետություն:

4. Տրանսֆորմատորներըը կահավորել յուղահավաք համակարգով:

5. ՓՀԷԿ-ի կառույցների տարածքներում իրականացնել բավարար վերականգնան/ռեկուլտիվացիայի և կանաչապատման աշխատանքներ:

6. Աշխատողների կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսել անջրթափանց հոր կամ «mini» մաքրման կայան:

7. Մարդկանց, վայրի կենդանիների անվտանգության ապահովման, ինչպես նաև լանդշաֆտի բնական տեսքն ապահովելու համար անհրաժեշտ է բաց մետաղական ջրանցքը ծածկել, կամ անցկացնել ստորգետնյա և լանդշաֆտը բերել նախնական տեսքի` քարաթափության և սողանքային երևույթների կանխման համար:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



18:17 Ապրիլ 18, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news