ՀԱԷԿ-ի արդիականացման համար վերցված վարկը պետք է վերադարձվի 2020 թ-ից` 10 տարվա ընթացքում

ՀԱԷԿ-ի արդիականացման համար վերցված վարկը պետք է վերադարձվի 2020 թ-ից` 10 տարվա ընթացքում

ԷկոԼուր

ՀԱԷԿ-ի արդիականացման համար վերցված վարկը պետք է վերադարձվի 2020 թ-ից` 10 տարվա ընթացքում: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման գծով տնօրեն Գերա Սևիկյանը Հայաստանի միջուկային էներգիայի վետերանների միության կազմակերպած միջոցառման շրջանակներում:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացավ 2016թ-ին: Կառավարությունը որոշեց 10 տարով երկարաձգել ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, և էներգաբլոկի արդիականացման նպատակով Ռուսաստանից վերցրեց 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

«Արդիականացման համար վերցված վարկը մենք պետք է վերադարձնենք 2020 թ-ից` 10 տարվա ընթացքում: Մենք բացի մեր արտադրած էլեկտրաէներգիայից այլ եկամուտ չունենք, մեր արտադրած էլեկտրաէներգիան համարվում է ամենաէժանը, դրա շնորհիվ բոլորս էլեկտրաէներգիա ստանում ենք համեմատաբար էժան սակագնով: Եթե ՀԱԷԿ-ը կանգնի, էլեկտրաէներգիան կրկնակի անգամ կթանկանա», - ասաց Գերա Սևիկյանը:

Գերա Սևիկյանը՝ ձախից առաջինը

Նշենք, որ ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան Հայաստանի էլեկտրական ցանցերը գնում է 5.7 դրամով:

Ըստ Սևիկյանի` վերակառուցումից հետո էներգաբլոկը կարող է ծառայել ամենաքիչը 30 տարի: Վերակառուցման արդյունքում ակնկալվում է, օգտագործելով նույն քանակությամբ վառելիք, ստանալ 20 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա: Բացի այդ, բարձրացվելու է ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակը` 8 բալ սեյսմակայունությունից մինչև 9 բալ:

«Այդ 300 միլիոն դոլար գումարից մոտ 180 միլիոն դոլարը ծախսվելու է միայն անվտանգության մակարդակի բարձրացման համար: Մեր նպատակն է ապահովել ավելի բարձր մակարդակով սարքավորումների աշխատանք: Հիմնական սարքավորումների մի մասը նախատեսված է փոխել, մյուս մասը` մոդեռնիզացնել: 2019 թ-ին նախատեսում ենք ավարտել աշխատանքները», - նշեց Գերա Սևիկյանը:

15:11 Ապրիլ 20, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news