ՓՀԷԿ-երի ճնշումը Եղեգիս գետի վրա շարունակում է մեծանալ

ՓՀԷԿ-երի ճնշումը Եղեգիս գետի վրա շարունակում է մեծանալ

ԷկոԼուր

Չնայած Եղեգիս գետի ջրազրկման վերաբերյալ հնչող ահազանգերին՝ ՓՀԷԿ-երի ճնշումը Եղեգիս գետի և նրա վտակների վրա շարունակում է մեծնանալ: «Գետիկ ՀԷԿ» ՍՊԸ-ն մտադիր է կառուցել «Գետիկվանք» փոքր ՀԷԿ-ը` օգտագործելով Եղեգիս գետի և նրա ձախ վտակի ջրային պաշարները: Նախագծված ՓՀԷԿ-ի հզորությունը 2.44 Մվտ է, էլեկտրաէներգայի տարեկան արտադրողականությունը՝ 9.05 միլիոն կՎտ/ժ:
«Գիդէպինվեստ» ՍՊԸ-ի մշակած հայտի համաձայն՝ փոքր ՀԷԿ-ը Եղեգիս գետից կվերցնի 1.5 խմ/վ ջուր՝ ապահովելով 0.050 խմ/վ բնապահպանական թողք, իսկ ձախակողմյան վտակից 0.8 խմ/վ ջուր՝ ապահովելով 0.025 խմ/վ բնապահպանական թողք:

Եղեգիս գետի և նրա վտակների վրա արդեն իսկ շահագործվում է 12 փոքր ՀԷԿ, ևս 4-ը գտնվում են կառուցման փուլում: Նոր ՓՀԷԿ-ի կառուցմամբ խողովակի մեջ կվերցվի Եղեգիս գետը 2.9 կմ, իսկ ձախ վտակը 1.85 կմ տարածքում: Եղեգիս գետը խիստ սակավաջուր կդառնա գումարային 27088մ երկարությամբ հատվածում: Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչները նշում են, որ Եղեգիս գետն ու իր վտակներն ամռանը միասին «մի առվակ էլ չեն կազմում», և որ Եղեգիսի վրա հիդրոէներգետիկայի զարգացումը խախտում է իրենց բնական իրավունքը, քանի որ կորցրել են գետից օգտվելու հնարավորությունը: ՓՀԷԿ-երի պատճառով խախտվել է գետի էկոհամակարգի հավասարկշռությունը, բարձրացել է ջրի ջերմաստիճանը, նվազել է թափանցելիությունը, վերացել են գետում ապրող ձկնատեսակները:

ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները կանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով 2017թ-ին մշակեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով արգելվում էր ՓՀԷԿ-երի կառուցումը մի շարք գետերի վրա, այդ թվում` Եղեգիսի: Սակայն որոշման նախագիծը վերջերս փոփոխության ենթարկվեց և գետերի վրա ՓՀԷԿ-եր կառուցելու արգելքը հանվեց:

Եղեգիսի ավազանում «Գետիկվանք» փոքր ՀԷԿ-ի կառուցման հայտի լսումները
տեղի կունենան սույն թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Վայոց ձորի մարզի Վարդահովիտի համայնքապետարանում:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Սեպտեմբեր 19, 2017 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր