Մեղրաձորցիներ. «ՀԷԿ են դրել, թող գյուղացիներին էլ ձրի հոսանք տան: Էդքան մի բան»

Մեղրաձորցիներ. «ՀԷԿ են դրել, թող գյուղացիներին էլ ձրի հոսանք տան: Էդքան մի բան»

ԷկոԼուր

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը ոռոգման ջրի կարիք ունի: 

«Մեղրաձոր համայնքը հիմնականում ոռոգման ջուր ստանում է ցեմենտի գործարանի խողովակաշարից, որն անցնում է Մեղրաձոր համայնքի վարչական տարածքով:  Ժամանակին պայմանագրեր են եղել, որպեսզի բնակչությանը սպասարկեն ոռոգման ջրով: Մինչ այդ սպասարկել են, նորմալ ընթացել է գործընթացը, իսկ անցյալ տարի, երբ արդեն վճարովի դարձրեցին, արդեն այնտեղ խախտվեց, այսպես ասած, ռեժիմը: Մինչ այդ գյուղացիները անվճար են օգտվել ջրից, սարքեցին վճարովի, էլ նորմալ ջուր չտվեցին», - ասաց Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ գյուղապետարանը և ցեմենտի գործարանը համատեղ փորձում են միջոցներ ձեռնարկել՝ բնակչությանը ոռոգման ջրով ապահովելու համար: 

Կառլեն Հովհաննիսյանը նշեց, որ գյուղի փոքր հատվածը՝ մոտ 10 տոկոսը, ոռոգման նպատակով օգտվում է Թեժ գետի ջրից: Թեժ գետի և նրա Արջաձոր վտակի վրա կառուցված են երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք, հատկապես ամռանը, խնդիրներ են առաջացնում համայնքի հողատարածքների ոռոգման համար:

«ՀԷԿ-երը հիմնականում ամռանն իրենց կողմից կառուցված դամբայում կուտակում են ջուրը, որից հետո ջրազրկում են ընդհանուր գետը: Հետո բաց են թողնում որոշակի ժամանակահատվածում՝ հոսանք արտադրելու նպատակով, այդ իսկ պատճառով գյուղացին հնարավորություն չի ունենում ժամանակին ջրելու իր հողամասը: Երբ նրանք կուտակումներ են կատարում, ոռոգման ջրի խնդիր է առաջանում», - ասաց Մեղրաձոր համայնքի ղեկավարը՝ նշելով, որ հիմնականում խնդիրներ առաջանում են հուլիս, օգոստոս ամիսներին:

Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ իրականացվում են արդյոք սոցիալական ծրագրեր համայնքի համար ՓՀԷԿ-երի կողմից: 

«Ոչ, միայն իրենց տարեկան հողի վարձն են վճարում: Ժամանակին ոսկե սարեր էին խոսք տալիս, շահագործումից հետո ոչ մի բան», - նշեց Կառլեն Հովհաննիսյանը:

Ինչ աջակցություն կցանկանային ստանալ ՓՀԷԿ-երից հարցին ի պատասխան Մեղրաձորի բնակիչներից մեկն ասաց. «Կցանկանայինք, որ հոսանքը ձրի լիներ գյուղի համար: Եթե իրենք օգտվում են էս ջրից, ՀԷԿ են դրել, թող գյուղացիներին էլ ձրի հոսանք տան: Էդքան մի բան»: 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:



14:39 Սեպտեմբեր 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news