Կոնֆլիկտ Տավուշում՝ փոքր ՀԷԿ-ի և հանգստի գոտու բիզնեսների միջև

Կոնֆլիկտ Տավուշում՝ փոքր ՀԷԿ-ի և հանգստի գոտու բիզնեսների միջև

ԷկոԼուր

Մայիսի 10-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ բողոքելով Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին պատկանող «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի «Կոկ» փոքր ՀԷԿ-ի գործունեության դեմ:

Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները»:

«ԿՈԿ Սիստեմ» ՍՊԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է.

«Արդեն տևական ժամանակ է, որ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող Հեքիաթ համալիրի սեփականատեր Սամվել Մատինյանի կողմից ակնհայտ դիտավորությամբ սուտ տեղեկատվություն է տարածվում ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող և Տավուշի մարզում գործող ԿՈԿ ՓՀԷԿ-ի գործունեության մասին:...

  1.      «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր հաայնքի 13 փողոց 2 հասցեում(նշված հասցեում գտնվում է Կոկ ՓՀԷԿ-ի շենքը) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է «ԴԱՎՍԵՐ» ՍՊԸ-ից դեռևս 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.04 հա հողամսից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Տեղեկացնենք նաև, որ նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 25.02.2014թ.-ին, իսկ կառուցապատման իրավունքը գրանցվել է 07.06.2013թ.:
  2.      Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում (նշված տարածքի վրա կառուցված է Կոկ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցը/պատվար/) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.042 հա հողամասից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 13.06.2013թ.-ին:
  3.      Դեռևս 25.04.2013 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմտեն ՀՀ Տավուշի մարզպետի գրությանն ի պատասխան տեղեկացրել է, որ Լուսաձոր համայնքի վարչական սահմաններում փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով ջրային հողերից հողհատկացում կատարելու վերաբերյալ առարկություններ չունի:
  4.      «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ն ջրօգտագործման թույլտվություն ստացել է 28.12.2015թ-ին, այնուհետև' համապատասխան կարգով' 09.2017թ ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն ՀԷԿ-ի շահագործման համար, որից անգամ մեկ քայլ շեղում չի իրականացրել շահագործման օրվանից առ այսօր:
  5.      Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ստացված 16.03.2016թ, լիցենզիայի համաձայն Ընկերությունն ունի 973 կՎտ հաշվարկային հզորություն, սակայն դեռևս երկու տարի առաջ ընդառաջելով վերոնշյալ համալիրի սեփականատիրոջ խնդրանքներին կատարվել է լիցենզիայով հատկացված հզորության 25 տոկոսի իջեցում, ինչի արդյունքում Ընկերությունը կրել է տնտեսական էական վնասներ: Անգամ քաջատեղյակ լինելով այս հանգամանքին համալիրի սեփականատերը շարունակում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածել այն մասին, թե իբր ՓՀԷԿ-ը նախատեսվածից շատ էլեկտրաէներգիա է արտադրում:
  6.      Ինչ վերաբերում է Մատինյանի կողմից արվող պնդումներին, թե ՓՀԷԿ-ի շինարարությունը իրականացվել է «ճարտարապետանախագծային կոպիտ խախտումներով» հարկ ենք համարում նշել, որ Կոկ Սիստեմ Ընկերությունը 05.04.2016թ. ստացել է շինթույտվություն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում գտնվող 420 քմ հողատաևածքի վրա գլխամասային հանգույց կառուցելու համար: 2017թ-ին արդեն հաստատվել է ավարտական ակտը, համաձայն որի ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում ավարտվել է ԿՈԿ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի շինարարությունը և պատրաստ է շահագործման և համապատասխանում է 05.04.2016թ. շինթույտվության: Վերոնշյալ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն էլ իրականացվել է օրենքի տառին համապատասխան, և ցավում ենք, որ ներկայացվող չհիմնավորված պնդումներով նաև անուղղակի կերպով մեղադրանք է ներկայացվում  ՀՀ պետական այն մարմիններին, որոնք տվել են շինթույլտվություն և հետագայում նաև գրանցել անշարժ գույքը:
  7.      2019թ. թվականի ապրիլ ամսին «Հեքիաթ» համալիրի սեփականատիրոջ պահանջով Տավուշի մարզպետարանը հանձնարարել է Լուսաձոր համայնքին իրականացնել համապատասխան փորձաքննություն-չափագրում Կոկ Սիստեմ ՍՊԸ-ի նախագծի, շինթույտվության և կադաստրային գրանցման օրինականությանը համապատասխանության վերաբերյալ: Անկախ փորձագետի կողմից իրականացված փորձաքննության արդյունքում ևս մի ավելորդ անգամ հաստատվել է, որ «Կոկ Սիստեմ» ընկերությանը պատկամող ՀԷԿ-ի ջրամբար (տղմազտարանը) ամբողջովին համապատասխանում է չափագրումներին, ճարտարապետանախագծային որևէ շեղում չի հայտնաբերվել, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետին:
  8.      Նկատենք, որ ի տարբերություն «Կոկ Սիստեմ Ընկերության, որն իր ողջ գործունեությունն իրականացրել և իրականացնում է օրենքի տառին համապատասխան, «Հեքիաթ» համալիրի սեփականատերը կատարել է ինքնակամ կառուցապատում` առանց համապատասխան շինթույլտվության և փորձաքննության, որի համար էլ տուգանվել է համապատասխան պետական կառույցների կողմից: Ավելին՝ նշյալ կառուցը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, հաշվի առնված չէ այն պարզ հանգամանքը, որ Աղստև գետը բնական վարարումների ժամանակ ըստ Հիդրոմետ ծառայության տվյալների ունենում է մակարդակի առնվազն 2 և ավելի մետր բարձրացում, ինչը պարտավոր է հաշվի առնել գետափնյա ցանկացած կառույց: Իսկ տվյալ ինքնակամ կառույցի դեպքում անզեն աչքով էլ տեսանելի է, որ վերջինիս բարձրությունը գետի մակարդակից և բնական հոսքից 1 մետրից էլ ցածր է»:

Դեպքի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ Տավուշի մարզպետարանը:

«Հարգելի՛ տավուշցիներ,

Խաշթառակ համայնքի բնակիչ Սամվել Մատինյանին պատկանող հանգստի գոտու հեղեղման հետ կապված հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև առաջացած հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մայիս ամսին մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Նախնական եզրակացությամբ իրականացված կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք թույլ են տրվել խախտումներ: Արդյունքների հիման վրա ՀՀ դատախազությունում ընթանում է նախաքննություն։

Դատապարտում ենք իրականության խեղաթյուրման ցանկացած նախաձեռնություն, այն համարում քայքայիչ գործունեություն ՀՀ պետականության և քաղաքացու հանդեպ։

Աղստեւ գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում։

Խնդրում ենք պահպանել առավելագույն զգուշություն։

Առողջություն ենք մաղթում բոլորին։

Հ.Գ. Միջպետական ճանապարհի երթեւեկությունը խաթարվել է առավելագույնը 5 րոպեով (ոչ թե 1 ժամով), մեղավորները կենթարկվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Նշենք, որ «Կոկ» փոքր ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2017թ-ին: Այս փոքր ՀԷԿ-ը, թեպետ զգալի ազդեցություն ունի անդրսահմանային Աղստև գետի վրա, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցել, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն մինչև 1 Մվտ հզորությամբ ՓՀԷԿ-երը բնապահպանական փորձաքննություն չեն անցնում: 2017թ-ին ԷկոԼուրի կողմից իրականացված փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ ծրագրի շրջանակներում փորձագետներն ուսումնասիրել են այս փոքր ՀԷԿ-ը: Ուսումնասիրության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ

11:13 Մայիս 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news