«Նամախվանի» ՀԷԿ-երի կասկադի ուրվականը թույլ չի տալիս զարգացնել Վրաստանի Լեչխումի շրջանի գյուղերը

«Նամախվանի» ՀԷԿ-երի կասկադի ուրվականը թույլ չի տալիս զարգացնել Վրաստանի Լեչխումի շրջանի գյուղերը

ԷկոԼուր

Վրաստանի Լեչխումի շրջանի մի քանի գյուղերի ենթակառուցվածքներ չեն զարգանում «Նամախվանի ՀԷԿ-երի կասկադ» նախագծի պատճառով: Գյուղերը չունեն բարեկարգ ճանապարհներ, գազ, կոյուղու համակարգ, տանը խմելու ջուր (միայն տեխնիկական ջուր), ինտերնետ և դեղատուն: Նրանցից որոշները նույնիսկ խանութներ, դպրոցներ, մանկապարտեզներ և բուժկետեր չունեն: Այս գյուղերը դատարկվում են վատ կենսապայմանների և զարգացման հեռանկարի հույսի բացակայության պատճառով: Նույնիսկ մի քանի բիզնես է հեռացել, և այստեղ ներդրումներ չեն արվում աշխատատեղերի բացման և տարածաշրջանային զարգացման համար:

Քորենիշի գյուղ տանող ճանապարհը

Տվիշի գյուղի ճանապարհը


Բայց այստեղ կարելի է տեսնել բնություն, խաղողի եզակի միկրոգոտիներ, խորհրդավոր և պատմական Խվամլի լեռը և հայրենանվեր բնակիչներ, որոնք իրենց գյուղերը զարգացնում են՝ հյուրատներ բացելով զբոսաշրջիկների համար և մշակելով խաղողի այգիներ:

Այս տարածաշրջանում ապրող մարդիկ լսել են «Նամախվանի ՀԷԿ-երի կասկադ» նախագծի մասին դեռևս Խորհրդային Միության ժամանակներից: Նախագիծը չի իրականացվել, բայց որոշ ներդրողներ ժամանակ առ ժամանակ բարձրացնում են այս հարցը: Մի քանի տարի առաջ նորվեգական «Clean Energy Group» ընկերությունը «ENKA» թուրքական շինարարական ընկերության հետ միասին սկսեց մշակել «Նամախվանի ՀԷԿ-երի կասկադ» շինարարական նախագիծը: Նախագծի ՇՄԱԳ-ին տրվեց դրական կարծիք 2015 թվականի դեկտեմբերին Վրաստանի Գյուղատնտեսության և բնապահպանության նախարարության կողմից, սակայն հետագայում կատարվեցին տեխնիկական փոփոխություններ նախագծի փաստաթղթերում:

Նախագծի վերջին փաստաթղթերի համաձայն՝ ՀԷԿ-երի կասկադը կկառուցվի Րիոնի գետի վրա, որը թափվում է Սև ծով:

Րիոնի գետ

Այն բաղկացած կլինի երկու ամբարտակներից ՝ 57,5 մ բարձրություն ունեցող ինքնահոս ամբարտակ՝ 88.3 հեկտար ջրամբարի տարածքով և 86.8 ՄՎտ հզորությամբ և 105 մետր բարձրությամբ բետոնե ձգողական ամբարտակ՝ 510 հեկտար ջրամբարի տարածքով և 324 ՄՎտ հզորությամբ: Կասկադի տարեկան ընդհանուր արտադրողականությունը կկազմի 1,5 միլիարդ կվտ/ժամ: Հնարավոր ազդեցության տակ գտնվող գյուղերը 12-ն են` Ալփանա, Լախեպա, Տվիշի, Օրխվի, Քորենիշի, Մեքվանա-Վանիշալա, Դերչի, Բենտկուլա, Կվեդա Օնեիշիշ, Զեդա Օնեիշիշ, Ջոնետի և Նամախվանի:

ԷկոԼուրը վրացական «Green Alternative» (Կանաչ այլընտրանք) ՀԿ-ի իր գործընկերների հետ այցելեց ՀԷԿ-երի ազդակիր գյուղեր՝ պարզելու, թե բնակիչները ինչ են մտածում նախագծի մասին:

Ըստ տեղի բնակիչների, «Նամախվանիի ՀԷԿ-երի կասկադ» ծրագրի հիմնական ռիսկերը հետևյալն են՝
• Ռիոնի գետի էկոհամակարգի ոչնչացում
• լանդշաֆտի փոփոխություն
• սողանքների ակտիվացում
• միկրոկլիմայի փոփոխություն
• խաղողագործության համար նպաստավոր եզակի միկրոգոտիների կորուստ
• գինեգործության և տուրիստական բիզնեսի կորուստ
• մի քանի գյուղերի ոչնչացում
• հսկայական ժայռերի և նույնիսկ պատմական Խվամլի լեռան փլուզում
• ջրհեղեղներ
• խոնավության աճ
• առողջության հետ կապված խնդիրների աճ
• ռիսկեր կյանքի անվտանգության համար

Ալփանա գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք չեն ցանկանում, որ «Նամախվանի ՀԷԿ-երի կասկադ» ծրագիրը կյանքի կոչվի «Լաջանուրի» ՀԷԿ-ի պատճառով, որը կառուցվել է 1962 թվականին Ալփանա գյուղի մոտ: Այն վերցրել է գյուղի գյուղատնտեսական նշանակության հողերի 60%-ը:

«Լաջանուրի» ՀԷԿ-ի ջրամբար (Լուսանկարը վերցված է www.wikipedia.org կայքից)

Գյուղում բանջարեղենն ու մրգերը նույնիսկ բավարար չեն գյուղացիների կարիքների համար, և գյուղացիները դրանք գնում են Քութաիսիից: Բնակիչները նշեցին, որ «Լաջանուրի» ՀԷԿ-ի ջրամբարն առաջացնում է մառախուղ, ինչը վնասում է նրանց խաղողի այգիները: «Եթե մենք այստեղ ունենանք ևս մեկ ջրամբար, այստեղ ավելի հաճախ մառախուղ կունենանք: Նույնիսկ այժմ մենք ունենք բարձր խոնավություն, և դժվար է շնչելը: Նոր ջրամբարի դեպքում խոնավությունն էլ ավելի կբարձրանա, այստեղ ապրել անհնար կլինի… Գյուղը գտնվում է սողանքային գոտում, և ջրամբարը կակտիվացնի սողանքային գործընթացները ... Վրաստանի էներգետիկ կարիքների համար մենք մեր հողերը տվել ենք մի ՀԷԿ-ի: Մենք այստեղ ոչ մի այլ հիդրոէլեկտրակայան չենք ուզում», - ասացին բնակիչները:

Ալփանա գյուղում

Քորենիշի, Օրխվի և Տվիշի գյուղերը գտնվում են Ցոլիկաուրի տեսակի խաղողի այգիների միկրոգոտում: Այստեղ բնակիչների հիմնական զբաղմունքը գինեգործությունն է, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը: Այստեղ աճում են Վրաստանում խաղողի ամենաթանկ տեսակները, և այստեղ տեղակայված են նաև Վրաստանում հայտնի գինիների ապրանքանիշերը՝ ինչպես օրինակ Տվիշի բրենդը:

Մի կողմից՝ Վրաստանի կառավարությունը դրամաշնորհներ է տալիս այս գյուղերում գինեգործության զարգացման համար, մյուս կողմից, ներդրողներին հրավիրում է կառուցել «Նամախվանի» ՀԷԿ-երի կասկադը, որը կվնասի գինեգործությանը:

«Մոտ 200 տարի իմ ընտանիքը զբաղվում է գինեգործությամբ: Ես ուզում եմ իմ գյուղում ընդլայնել գինեգործությունը և զարգացնել զբոսաշրջությունը: Սա հրաշալի վայր է: Մենք չենք ցանկանում կորցնել այս միկրոկլիման և այս եզակի միկրոգոտին», - ասաց Քորենիշի գյուղի բնակիչ Լևանի Խմելիձեն: Եթե «Նամախվանի ՀԷԿ-երի կասկադ» նախագիծը իրականություն դառնա, Քորենիշի գյուղի որոշ տարածքներ ջրածածկ կլինեն: «Այս գյուղը գտնվում է Խվամլի լեռան ստորոտում: Մի քանի տարի առաջ ճապոնացի մասնագետներից մեկը մեզ խորհուրդ տվեց թույլ չտալ «Նամախվանի» ՀԷԿ-երի կասկադի կառուցումը: Նա ասաց, որ Խվամլի սարը կարող է փլուզվել: Սողանքային գործընթացները կակտիվանան, և մենք կկորցնենք մեր գյուղը: Մեզ պետք չէ ՀԷԿ, լավ ճանապարհ է պետք», - ասաց մեկ այլ գյուղացին:
Խվամլի սար

Տվիշի գյուղը գտնվելու է «Նամախվանի» ՀԷԿ կասկադի երկու ջրամբարների միջև: Այստեղ հսկայական ժայռերը յուրահատուկ միկրոգոտի են ստեղծում խաղողի այգիների համար: Տվիշիի որոշ բնակիչներ ցանկանում են, որ ՀԷԿ-երը կառուցվեն, քանի որ նրանք աշխատատեղեր կունենան երիտասարդության համար որպես փոխհատուցում, բայց մյուսները՝ հատկապես գինեգործները, դեմ են:

Ռևազի Նեմսիվերիձեն Քութաիսիից եկել է Տվիշի՝ այստեղ գինեգործություն զարգացնելու համար: Նա այդ նպատակով կառավարությունից ստացել է դրամաշնորհ: Նրա գինին Վրաստանում լավագույն գինիներից մեկն է:

Ռևազի Նեմսիվերիձե

Նա որդու հետ միասին ցույց տվեց Վրաստանի կառավարությունից ստացած պատվոգրերը և մրցույթներում ստացած վկայագրերը:

«Դժվար կլինի, նույնիսկ անհնար կլինի խաղող աճեցնել այստեղ ՀԷԿ-երի կառուցումից հետո, քանի որ միկրոկլիման կփոխվի: Մենք առաջարկել ենք ՀԷԿ-երի ընկերության ներկայացուցիչներին ապահովագրել մեր խաղողի այգիները, բայց նրանք հրաժարվել են՝ ասելով, որ եկեք սպասենք հինգ տարի, եթե ՀԷԿ-երի բացասական ազդեցությունը հաստատվի խաղողի այգիների վրա, այդ ժամանակ կապահովագրենք խաղողի այգիները ... Մենք նրանցից հետաքրքրվեցինք, թե ինչ օգուտ կունենանք ՀԷԿ-ի կառուցման դեպքում, նրանք չպատասխանեցին», - ասաց Ռևազի Նեմսիվերիձեն:

«… Մեր ժայռերն ամուր չեն: Քարերն անընդհատ ջարդվում են: Մենք վախենում ենք, որ ՀԷԿ-երի ջրամբարները կբարձրացնեն խոնավությունը, ինչը կնպաստի ժայռերի փլուզմանը, և տարածաշրջանի համար աղետ կլինի », - ասում են տեղի բնակիչները:

Օրխվի գյուղի տակով ստորգետնյա ջրեր են հոսում: «Եթե մենք այստեղ ջրամբար ունենանք, ստորերկրյա ջրերի մակարդակը կբարձրանա, և այստեղ ապրել հնարավոր չի լինի», - ասացին տեղի բնակիչները:

Մեքվենա գյուղի բնակիչները ապրում են վախի և սպասումների մեջ: Նրանք գիտեն, որ ՀԷԿ-ի կասկադի նախագծի իրականացման դեպքում գյուղը ջրածածկ կլինի: Տեղացիների խոսքով՝ նրանք նույնիսկ չեն վերանորոգում իրենց տները, քանի որ ՀԷԿ-ի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ իրենք փոխհատուցում չեն վճարելու վերանորոգման համար: «ՀԷԿ-ի ներկայացուցիչները նույնիսկ չեն նշել, թե գյուղի ո՞ր տարածքները ջրածածկ կլինեն... Նրանք մեզ խոստացան, որ այլ ճանապարհ կկառուցեն մեզ համար նոր վայրում: Ի՞նչներիս է պետք նոր ճանապարհը, եթե գյուղը տեղահանվի: Այս շրջանը Քութայիսին տրամադրում է օրգանական բանջարեղեն և մրգեր: Վրաստանի հին մայրաքաղաքը նույնպես կտուժի այս ծրագրի իրականացումից», - ասաց տեղի բնակիչը:

Մակա Սուլաձեն, ով Մեքվենա գյուղի «Կերա» հյուրատան սեփականատերն է, գյուղի ապագան տեսնում է զբոսաշրջության զարգացման մեջ: «Մենք այստեղ հրաշալի բնություն ունենք: Մենք կարող ենք զարգացնել տուրիզմը, ալպինիզմը և բուսական դեղագործությունը: Ես ինձ պատասխանատու եմ զգում պաշտպանելու այս բնությունը ապագա սերնդի համար և զարգացնելու զբոսաշրջությունը իմ գյուղում», - ասաց նա:

Մակա Սուլաձեն իր երեխաների հետ

Մի քանի ամիս առաջ նորվեգական «Clean Energy Group» ընկերությունը փակեց իր գրասենյակը Տվիշիում և հեռացավ, բայց դա մարդկանց չի հանգստացնում: Նրանք շարունակում են սպասել, որ մի օր կրկին կակտիվանա «Նամախվանի» ՀԷԿ-երի կասկադի կառուցման հարցը, և նրանք ստիպված կլինեն պայքարել իրենց կյանքի, հայրենիքի, պապենական հողերի, իրենց գյուղերի պատմության և մշակույթի, իրենց կյանքի անվտանգության, յուրահատուկ խաղողի միկրոգոտիների համար:

Օգոստոս 06, 2019 at 13:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր