Արագածի բնակիչներն ընդդեմ փոքր ՀԷԿ-երի, ինչպե՞ս կլուծվի խնդիրը

Արագածի բնակիչներն ընդդեմ փոքր ՀԷԿ-երի, ինչպե՞ս կլուծվի խնդիրը

ԷկոԼուր

Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործման: Նրանք պահանջում են ընդհանրապես դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շահագործումը, քանի որ վերջիններիս աշխատանքի արդյունքում փոխվել է ջրի որակը և այդ ջրով ոռոգված բերքը փչանում է: Գեղարոտ գետի վրա կառուցված են «Գեղարոտ» և «Արագած-1» ՓՀԷԿ-երը:

ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում Արագածի բնակիչներից մեկը հայտնեց, որ իրենք այսօր ոչ թե ճանապարհ են փակել, այլ բարձրացել են ՓՀԷԿ-երի գլխամասեր՝ ապամոնտաժելու ՓՀԷԿ-երի պատվարները: Սակայն գործողությունների չեն դիմել, քանի որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ իրենց խնդրին լուծում կտրվի:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը, այսօր նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Արագած գյուղի բնակիչներին: Որոշվել է, որ խնդիրը պետք է լուծվի օրենքի սահմաններում: Նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացնում են Գեղարոտ գետի ջրի մոնիտորինգ: Խնդրի առնչությամբ նախարարությունում ստեղծված է աշխատանքային խումբ, որը, ջրի մոնիտորինգի արդյունքներին ծանոթանալով, կներկայացնի խնդրի կարգավորման իր որոշումը: Հանդիպան ընթացքում նախարարն առաջարկել է բնակիչներն մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքների արդյունքների ամփոփմանը:

Հիշեցնենք, որ Արագածի բնակիչները ՓՀԷԿ-երի դեմ բողոքի ակցիա իրականացրեցին նաև այս տարվա մարտ ամսին՝ փակելով Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհը:

Այդ ժամանակ ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան տարածեց տեղեկատվություն, որի համաձայն՝Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը շահագործող «Էլ-Կաս» և «Վակուֆլօ» ընկերությունները գետի ջրի որակի փոփոխությունները կապում են 1988 թ-ի երկրաշարժի հետ: Ըստ ընկերությունների՝ 1988 թ-ի երկրաշարժից հետո երկրաբանական կատակլիզմների հետևանքով գետում տեղի է ունեցել ջրի քիմիական բաղադրության կատաստրոֆիկ փոփոխություն, վերացել են գետում եղած ձկնատեսակները: Ընկերությունները, հիմնվելով, իրենց պատվիրած հետազոտությունների արդյունքների վրա, հայտնել էին, որ ՓՀԷԿ-երը գետի ջրի որակի վրա բացասական ազդեցություն չեն ունենում:

Հունիս 06, 2019 at 18:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր