Գյուղ Լեհվազ` շատ խնդիրներ և ոչ մի լուծում

Գյուղ Լեհվազ` շատ խնդիրներ և ոչ մի լուծում

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Լեհվազ գյուղը գտնվում է շրջակա միջավայրի վրա ազդող ամենածանր ռիսկերի ներքո, սակայն չի ճանաչվել ազդակիր համայնք, չունի սոցիալական և բնապահպանական ծրագրեր, գազաֆիկացված չէ, փոխարենն ունի ոչ որակյալ խմելու ջուր, աղտոտված հողեր և օդ, գործազրկություն:

Գազաֆիկացման բացակայության պայմաններում Լեհվազը տաքանում է փայտով, որը բերվում է Կապանից, քանի որ գյուղի տարածքի որոշակի հատված «Արևիք» ազգային պարկի տարածքում է: Թեպետ գյուղի տարածքում կառուցված է 2 փոքր ՀԷԿ, բնակիչները, ինչպես և մյուս ազդակիր համայնքներում, էլեկտրաէներգիայի վճարման հարցում արտոնություններ չունեն: Ըստ Լեհվազի նախկին գյուղապետ Սասուն Զաքարյանի` ՓՀԷԿ-երը ոռոգմանը չեն խանգարում, սակայն ձուկը վերացել է, ու ՓՀԷԿ-ի աղմուկն է խանգարում:

«Գետում ձուկ եղել է մինչև ՀԷԿ-երը, ՀԷԿ-երը որ եղան, էլ ձուկ չի լինի: Ինչքան էլ կա պետական ծրագրով, որ ձկնուղի պետք է պահեն, բայց դա ձևական անուն է, գծում են և պատրաստում են, բայց մեկ է, այդ ձուկը, որ գալիս է, փոքրները գնալու են դեպի տուրբին»,- ասաց Սասուն Զաքարյանը:

Խմելու ջուրը Լեհվազի կարևոր խնդիրն է: «Դեպի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ գնացող խողովակից ենք խմելու ջուր վերցրել: Կոմբինատից քաշված ջուրը մաքուր ջուր չի, ոչ մի մաքրման կայան չի մտնում, ուղղակի ճար չկար, ժողովուրդը ջուր չուներ: «Վեոլիա ջրի» հետ գործ չունենք: Դիմել էինք նախկինում իրենց, որ մեզ մաքուր ջուր տան, բայց այդպես էլ չստացվեց, մեզ պատասխանեցին, որ քլորացման կայանը Կարճևանում է կամ Լիճքում, մեզ համար շատ դժվար է, մեծ ծախսեր է, որ քլորացված ջուր տան: …Մի շատ վտանգավոր խնդիր էլ ունենք մեր համայնքում, կոյուղիների հարցն է, արդեն մարդիկ ուզում են նորմալ կյանքով ապրել, կոյուղիները քաշեն, բայց դեպի գետն են քաշում, ինձ թվում է, դա վտանգ է»,- ասաց Սասուն Զաքարյանը:

Լեհվազը գտնվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Լիճքի պղնձի հանքի, Լիճքվազ-թեյի ոսկու հանքի ազդեցության տակ, սակայն ազդակիր համայնք համարվում է միայն Լիճքվազ-թեյի ոսկու հանքի համար: Համայնքային խոշորացման ծրագրի շրջանակներում Լեհվազը միացավ Մեղրիին: Եվ նույնիսկ հանքից փոքր օգնությունը` տրամադրած աղբատար մեքենան, անցավ Մեղրիին: Նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունը` Լիճքվազ Թեյի հանքում լեհվազցիների աշխատելու վերաբերյալ, նույնպես չի իրականացվում: Գյուղացիները չեն կարողանում վաճառել իրենց հողերը, քանի որ դրանք աղտոտված են հանքարդյունաբերության արգասիքներով:
Լեհվազ բնակավայրը շուրջ 650 բնակիչ և 127 տնտեսություն ունի: Մեղրու տարածաշրջանի ամենամեծ գյուղն է: Լեհվազի բնակիչներն աշխատում են ռուսական, հայկական զորամասերում, Ճանապարհաշինարարական կազմակերպությունում, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

 

11:26 Մայիս 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news