ՓՀԷԿ-երի խնդիրը ենթարկել համակարգային ուսումնասիրման, ուժեղացնել դրանց շահագործման նկատմամբ վերահսկողությունը. ՄԻՊ

ՓՀԷԿ-երի խնդիրը ենթարկել համակարգային ուսումնասիրման, ուժեղացնել դրանց շահագործման նկատմամբ վերահսկողությունը. ՄԻՊ

ԷկոԼուր

ՓՀԷԿ-երի խնդիրը պետք է ենթարկվի համակարգային և պարբերական ուսումնասիրման: Անհրաժեշտ է ուժեղացնել ՓՀԷԿ-երի շահագործման նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի կանխվեն և վերացվեն դրա հետևանքով առաջացող ջրային ռեսուրսների գերօգտագործումն ու էկոհամակարգերի հետ կապված խնդիրները:

Սա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2019 թ-ի տարեկան հաղորդման մեջ արձանագրված եզրակացությունն է:

ՄԻՊ-ը նշում է, որ ՀՀ-ում գետային էկոհամակարգերի հետ կապված խնդիրների պատճառը ջրային ռեսուրսների գերօգտագործումն ու վատնումն է, իսկ ջրային ռեսուրսների գերօգտագործման հիմնական աղբյուրը ՓՀԷԿ-երն են և դրանց շահագործման ընթացքում եղած խախտումները:

Զեկույցում ՄԻՊ-ն արձանագրել է 2019 թ-ի ընթացքում ստացված բողոքները:
Մասնավորապես, հունիս ամսին Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ Գեղարոտ գետի վրա կառուցված «Գեղարոտ» և «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործմանը՝ պահանջելով դադարեցնել ՓՀԷԿերի շահագործումը, քանի որ բնակիչների պնդմամբ՝ ՓՀԷԿ-երի շահագործումը հանգեցրել էր ջրի որակի փոփոխմանն ու այդ ջրով ոռոգված բերքի փչանալուն: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2019 թ-ի օգոստոսի 13-ի հրամաններով կասեցվել են Գեղարոտ գետի վրա կառուցված «Գեղարոտ» և «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները:

2019 թ-ի ընթացքում խնդիրներ են արձանագրվել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Դարանակ բնակավայրի Դարանակ գետի «Դարանակ» ՓՀԷԿ-ի հետ կապված։

Ըստ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրած տեղեկությունների՝ 2019 թ-ի ընթացքում ջրօգտագործող 40 ընկերություններում տեսչական մարմինն իրականացրել է ստուգումներ, որոնց արդյունքում նշանակվել է 6,700,000 ՀՀ դրամի տուգանք և հաշվարկվել 657,186,135 ՀՀ դրամի վնաս։ Թվով 5 ընկերության գործ գտնվում է բողոքարկման փուլում՝ ՀՀ վարչական դատարանում։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների ընթացքում 2019 թ-ին հայտնաբերվել է 382 խախտում, որոնցից 89-ը հայտնաբերվել է ՀԷԿ-երում և ՓՀԷԿ-երում ջրօգտագործման թույլտվությունների պայմանների խախտման կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերում։

Ըստ նախարարության՝ 2019 թ-ի ընթացքում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր 97 ՓՀԷԿ-ում։ 152 ծանուցված ՓՀԷԿ-ից ջրաչափեր են տեղադրվել և կնքվել 133 ՓՀԷԿ-ի ջրառի կետում:

ՄԻՊ-ը նշում է, թր 2019 թ-ի հունիսի 28-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են նոր ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գոտիները և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման լրացուցիչ հիմքերը, օրինակ, այն դեպքերում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, գետերի հոսքի ձևավորման տարածքներում։ Ավելին, նշված մերժման հիմքերը սահմանող նույն 30.1-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է Կառավարության պարտավորությունը սահմանել այն գետերի ցանկը, որոնց վրա արգելվում է կառուցել ՓՀԷԿ-եր:

Հավելենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գոտիների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով արգելվում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը 25 գետի վրա: Նախագծի հիմքում ԷկոԼուրի մշակած ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակաշարերով գետերի ծանրաբեռնվածության հաշվարկի մեթոդն է:

14:31 Ապրիլ 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news