ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներգրավվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի գույքի ապօրինի օտարման քրեական գործում որպես կասկածյալ

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներգրավվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի գույքի ապօրինի օտարման քրեական գործում որպես կասկածյալ

ԷկոԼուր

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի գույքի օտարման գործընթացի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թ-ի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես, առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետև, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թ-ի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և 16.12.2010թ-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Նշենք, որ ՀՀ դատախազության հաղորդագրության համաձայն՝ ըստ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության, «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի շուկայական արժեքը 2010թ. դեկտեմբերի դրությամբ պետք է կազմեր շուրջ 8 միլիարդ դրամ, իսկ 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ շուրջ 12 միլիարդ դրամ: Ըստ դատախազության՝ ՀԷԿ-ն օտարվել է 4 անգամ ցածր գնով: Էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Սեյրան Օհանյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է՝ վատնում իրենք թույլ չեն տվել:

«Խոսքը վերաբերում է «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության օտարմանը, որն իրականացվել է կառավարության կողմից: 2002 թ-ին այն փոխանցվել է Պաշտպանության նախարարությանը, 2010 թ-ին օտարվել է: Բնականաբար, ես և Պաշտպանության նախարարությունն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ:

Կառավարության որոշմամբ փոխանցվել է և կառավարության որոշմամբ օտարվել է, իսկ կառավարության որոշումները գիտեք, որ անցնում են միջգերատեսչական համաձայնություն և պետության, գործադիրի կարևոր բոլոր մարմինների կողմից համաձայնեցում ստանում են: Օտարման հիմնական գործընթացն իրանացրել է Էներգետիկայի նախարարությունը: Անգամ գնորդ կողմի հետ է բանակցությունները վարել Էներգետիկայի նախարարությունը», - պնդել է Սեյրան Օհանյանը՝ առանց սակայն փակագծեր բացելու, թե ով էր գնորդ կողմը և այլն. - «Անուններ ես չգիտեմ»:

«Ազատության» հարցին՝ Միքայել Մինասյանի՞ն է օտարվել, նա պատասխանեց. - «Ոչ, ես Միքայել Մինասյան անուն այնտեղ չգիտեմ, չեմ տեսել»:

Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն շահագործել է Լոռու մարզում Ձորագետ գետի վրա կառուցված 26,4 ՄՎտ դրվածքային հզորությամբ «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանը: ՀԷԿ-ի մասնավորեցումից մեկ տարի անց՝ 2011թ-ի սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» 1300–Ա որոշումը, որով բարձրացվեց փոքր ՀԷԿ-երի հզորության շեմը մինչև 30 Մվտ: Այդպիսով «ՁորաՀԷԿ»-ը համարվեց փոքր ՀԷԿ՝ օգտվելով փոքր ՀԷԿ-երի համար սահմանված արտոնություններից, մասնավորապես բարձր սակագնով էլեկտրաէներգիայի վաճառքի հնարավորությունից: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 159-Ն որոշման 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում է՝ 24.276 դրամ/կՎտxժ` առանց ԱԱՀ:

Ներկայումս «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի ակտիվներում է, որի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է: Այս ընկերության բաժնետոմսերի սեփականատերն է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն։

13:31 Մարտ 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news