ԷկոԼուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է էկոանձնագրավորել փոքր ՀԷԿ-երը

ԷկոԼուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է էկոանձնագրավորել փոքր ՀԷԿ-երը

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` առաջարկելով էկոանձնագրավորել փոքր ՀԷԿ-երը: Վարչապետին ուղղված դիմումում նշված է.

«Հարգարժան պարոն վարչապետ,
ջրի դեֆիցիտը, կայուն ջրօգտագործման խնդիրը և ջրային էկոհամակարգերի պահպանումը Հայաստանի համար ամենաակտուալ հարցերից են: Ջուրը պետք է պահպանվի ամենից առաջ բնական ջրային էկոհամակարգերում` ջրային աղբյուրներում, գետերում, լճերում: Սակայն ջրային էկոհամակարգերը մեծ ծանրաբեռնվածության են ենթարկվում ջրօգտագործողների կողմից և խախտվում են:

Պատճառներից մեկը փոքր ՀԷԿ-երի ճնշումն է: Հայաստանում շահագործվում է ընդհանուր 184 փոքր ՀԷԿ` 353Մվտ գումարային հզորությամբ, 69Մվտ գումարային հզորությամբ ևս 36 փոքր ՀԷԿ կառուցվում է: Այդպիսով, ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգում պլանավորած ՓՀԷԿ-երի 400Մվտ գումարային հզորությունը գերակատարվել է:

Հաշվի առնելով այն, որ 132 փոքր ՀԷԿ կառուցված է 47 գետերի և բնական ջրհոսքերի վրա, և որ նրանք օգտագործում են ջրի մայր աղբյուրները, որոնց միջոցով ձևավորվում են ջրային ավազաններ, ՓՀԷԿ-երը մտնում են բնության հատուկ պահպանվող տարածքներ, ստեղծում են կասկադներ` խողովակի մեջ վերցնելով գետերի երբեմն 50-70% երկարությամբ հատվածները, փակում են գետային ձկների բնական տեղաշարժը, չեն ապահովում գետում ջրի ազատ հոսքը (էկոլոգիական թողք), հարկավոր է` որքան հնարավոր է արագ բարեփոխել այս ոլորտը, որպեսզի թույլ չտալ ջրային էկոհամակարգերի խախտում, ջրի դեֆիցիտ, գետային ձկնատեսակների անհետացում` այդ թվում և կարմիրգրքյան տեսակների, բնական լանդշաֆտների խախտում, անտառի փեշի վեր բարձրացում: Էկոլոգիական վնասներն ուղեկցվում են համայնքներում սոցիալական կոնֆլիկտներով վերը թված խնդիրների և ջրից օգտվելու հնարավորություն չունենալու պատճառով, որի կողքին մարդիկ բնակություն են հաստատել և ապրել:

Գետային էկոհամակարգերի պահպանման համար հասունացել է ՓՀԷԿ-երի սեկտորում բարեփոխումների անհրաժեշտությունը։ 2014-2016թթ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրեց «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրը, որի ընթացքում ուսումնասիրվեց 87 փոքր ՀԷԿ: Եվս 38 փոքր ՀԷԿ ուսումնասիրվեցին ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ իրականացված հաջորդ` «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ընդհանուր ուսումնասիրվել է 125 փոքր ՀԷԿ:

Յուրաքանչյուր փոքր ՀԷԿ-ի համար լրացվել է 75 ցուցանիշ ինչպես փաստաթղթերից, այնպես էլ հիդրոէլեկտրակայանների ուսումնասիրություններից, որոնք մտել են փոքր ՀԷԿ-երի տվյալների բազայի մեջ, որն օգտագործում են բոլոր շահագրգիռ օգտատերերը, առաջին հերթին ՀՀ բնապահպանության նախարարություն, որը ծրագրերի գործընկերն է:

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի առաջարկած գլխավոր բարեփոխումներից է փոքր ՀԷԿ-երի էկոանձնագրավորման անցկացումը: Դա նոր մեխանիզմ է, որը մշակել են Ծրագրի փորձագետները, որը հնարավորություն է տալիս Էկոանձնագրում հավաքված և գրանցված տվյալների հիման վրա իրականացնել վերահսկում և ինքնավերահսկում: Այն հնարավորություն է տալիս խրախուսել այն փոքր ՀԷԿ-երին, որոնք աշխատում են առանց խախտումների` պահպանելով շրջակա միջավայրը: Էկոանձնագրավորման շուտափույթ ներդրման անհրաժեշտության մասին հաստատում է այն փաստը, որ «Մարտունի» փոքր ՀԷԿ-ի գործունեության դեմ Մարտունի համայնքի բնակիչների բողոքի արդյունքում ՓՀԷԿ-ի սեփականատերերը խոստացել են, որ կիրականացնեն էկոանձնագրավորում:

Փոքր ՀԷԿ-երի տվյալների բազայի ստեղծման հետ միաժամանակ էկոանձնագրավորումը երկու ծրագրերի գլխավոր կոմպոնենտն է, որը հավանության է արժանացել բոլոր շահագրգիռ կողմերից` այդ թվում ՀՀ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների նախարարություների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱԺ բնապահպանական և գյուղատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի, UNDP-ի, WWF-Հայաստանի, ՓՀԷԿ-երի միության, «Հիդրոէներգետիկա» ընկերության, Էկոլոգիական հասարակական դաշինքի, Օրհուս կենտրոնների ցանցի, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից:

Մենք ուղարկում ենք փոքր ՀԷԿ-երի էկոանձնագրավորման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը շուտափույթ շրջանառության մեջ դնելու և կառավարության կողմից ընդունելու համար:
Ուղարկում ենք նաև Ծրագրի շրջանակներում մշակված ՀՀ կառավարության մյուս` «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1680-Ն և 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2017թ-ի հոկտեմբերի 19-ի, 1343 - Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Այս որոշման նախագծի նպատակն է ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման փուլերում ապահովել արդյունավետ բնապահպանական վերահսկողություն:

Հարգանքով`
Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի համակարգող
01.06.2018թ.»:

18:06 Հունիս 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news