Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո. վարչապետ Նիկոլ Փաշինյան

Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո. վարչապետ Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ի կառավարության նիստին` անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարման խնդրին: 

«Պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնենք էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում, կարծում եմ՝ պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Պետք է որոշենք՝ դա պետական կառավարման է մնում, թե, այնուամենայնիվ, որևէ մասնավոր կառավարման է հանձնվում: Իսկ այսօր կարող ենք շատ հստակ հայտարարել՝ բացառենք, որ այդ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անհատ կամ ընկերություն, բացառենք, որ որևէ օՖշորային ընկերություն կարող է ներգրավված լինել այդտեղ, բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթում պետք է այդ ամենն արվի: Կա երկու նախապայման՝ օֆշոր չի լինելու և իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ և ընկերություն չի լինելու դրա կառավարողը», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսվում էր 25 տարի ժամկետով կառավարման հանձնել ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ» ընկերությանը: Սակայն ՀՀ կառավարության հետ պայմանագիրը դադարեցվեց: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մեկնաբանել էր, որ «պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»:

Իր հերթին «Տաշիր կապիտալ»-ը հակադարձել էր` նշելով, որ իրենք են հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումից, և ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր իրենց չի հետաքրքրում:

Հիշեցնենք, որ «Տաշիր կապիտալ»-ը 2017 թվականին ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 70% բաժնետոմսերը:

Լուսանկարը` www.primeminister.am

15:57 Հունիս 01, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news