ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի օրոք նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց մասնակցությամբ ապօրինի ջրօգտագործման թույլտվություն է տրվել ՀԷԿ-երից մեկին: Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետին: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ չնշելով ՀԷԿ-ի անունը:
ՔԿ-ի հաղորդագրության մեջ նշված է.
«Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու վերաբերյալ:
Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի, նախարարության մի խումբ այլ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից, առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ այն հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ»:
Նույն քրեական գործի շրջանակներում ավելի վաղ որոշում էր կայացվել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասն առանձին վարույթ անջատելու և ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլ 22, 2020 at 16:20