«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը հակասում է Օրհուսի կոնվենցիային

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը հակասում է Օրհուսի կոնվենցիային

ԷկոԼուր

Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստում մի անգամից երեք ընթերցմամբ ընդունեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: Ըստ հասարակայնության ներկայացուցիչների` օրենքն ունի բացեր: Այս կապակցությամբ մի շարք հասարակական գործիչներ նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով վերադարձնել օրենքը քննարկման:  

«Այս նոր օրենքով նախատեսված չեն նախկին օրենքում առկա գործընթացները: Քաղաքաշինությանը վերաբերող շատ հատվածներ դուրս են եկել, մենք ունենք լուրջ խնդիրներ՝ կապված Օրհուսի կոնվենցիայի կատարման հետ»,- հուլիսի 8-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը: Նա  մասնավորապես նշեց, որ Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությունը՝ ի դեմս Համապատասխանության կոմիտեի, արդեն 3 որոշում է կայացրել Հայաստանի դեմ: Վերջին որոշման մեջ նշված է 4 կետ, որով պարտադրում է մեր պետությանը, որ օրենսդրության մեջ համապատասխանություն մտցվի, և դա վերաբերում է հենց այս օրենքին: «Ժամկետները այնպես պետք է լինեին, որ ոչ թե դա ձևական լինի, այլ հասարակությունը, իրոք, հնարավորություն ունենա ծանոթանալ ամբողջ փաթեթին: Նախկին օրենքում 30 օր առաջ պետք է ծանուցված լինեին և տրվում էր 15 օր, որպեսզի հասարակությունը իր կարծիքը հայտներ: Կոնվենցիայի քարտուղարությունը գրել է, որ 30 օրը շատ քիչ է, պետք է ավել տալ, որովհետև 300-400 էջանոց փաթեթը հասկանալու համար պետք է մասնագետներ հրավիրել, կարդալ, հասկանալ, որպեսզի կարողանանք հանրային լսումներին մեր կարծիքը ասել: Նոր օրենքում այդ 30 օրը դարձել է 7 օր, և կարծիք հայտնելու համար ժամկետ ընդհանրապես տրված չէ…. Ստեղծված է մի մեխանիզմ, որով ամբողջությամբ վերանում է հանրության մասնակցությունը:… Մյուս պահանջն այն էր, որ բոլոր դերակատարների ֆունկցիաները սահմանազատված լինեն և հստակ նշված: Այս օրենքում չես հասկանում՝ ով ինչով պետք է զբաղվի:  …Բրյուսելում անցկացվող Օրհուսի կոնվենցիայի 5-րդ հանդիպման ժամանակ նշվեց, որ Հայաստանը անհամապատասխան երկիր է: Սա մեծ վտանգ է, նման երկրներում միջազգային կառույցները չեն ֆինանսավորում բնապահպանական ծրագրեր»,- իր խոսքում մասնավորապես ասաց Նազելի Վարդանյանը` նշելով որ իր կողմից արված եւ ոչ մի առաջարկ օրենքում չի ներառվել:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը նշեց, որ մասնակցել է օրենքի մշակման աշխատանքներին, սակայն երեք ամիս անց դուրս եկավ աշխատանքային խմբից: «Երբ ստեղծվեց այդ աշխատանքային խումբը և դրա մեջ ներգրավվեցին որոշակի մասնագետների, հասարակության ներկայացուցիչների, այդ թվում նաև ես, հենց առաջին օրը պարզ դարձավ, որ այդ մեթոդաբանությամբ և այդ մասնագիտական ունակություններով հնարավոր չէ նոր օրենք գրել: Ես հույս ունեի, որ ընթացքում կմիանային մասնագետներ, որոնք կկատարեին լուրջ մասնագիտական ներդրում օրենքի ստեղծման գործընթացում, բայց փաստացի դա տեղի չունեցավ: Այդ պատճառով 3 ամիս անց ես դուրս եկա ստորագրել են հանձնաժողովի մյուս անդամները, որը պետք է ներկայացվեր Ազգային ժողով, տարբերվում է այս օրենքից, որը ներկայացվել է Ազգային ժողով: Ամենակարևոր տարբերությունը ինձ համար այն է, որ մինչև 10 մեգավատ հզորության ՀԷԿ-երը դրեցին Գ  կատեգորիայի մեջ, իսկ 10-ից մինչև 30-ը՝ Բ կատեգորիայի մեջ: Այդ օրենքը հասնում է ԱԺ և, ամենայան հավանականությամբ, էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարությունների ճնշման արդյունքում իրենք դա փոխեցին: Ես չեմ կարծում, որ այս օրենքը իրականում ավելի վատն է, քան նախորդ օրենքը: … Մյուս մեթոդաբանական խնդիրը հետևյալն է. եղավ պայմանավորվածություն, որ այս օրենքը պետք է ներկայացվի հաստատման միայն բոլոր ենթաօրենսդրական ակտերի և կառավարական որոշումների նախագծերի հետ միասին, որոնք կվերաբերեն և հանրային լսումներին, և շրջակա կիջավայրի վրա ազդեցության վնասի գնահատման մեթոդոլոգիային և այլն: Այդ բանավոր պայմանավորվածությունը նույնպես չկատարվեց: Օրենքում նաև բաց է այն, թե պատասխանատվության ինչ լծակներ կան օրենքը խախտելու դեպքում: Երրորդը սխալը, ինչի արդյունքում ես դուրս եկա, այն էր, որ մենք ոչ մի կերպ չկարողացանք մտցնել այն գաղափարախոսությունը օրենքի նախագծի մեջ, որ եթե հանրային լսումների արդյունքում ձևավորվում է հստակ, հիմնավորված բացասական կարծիք ազդակիր համայնքի և հանրային, մասնագիտական, բնապահպանական շրջանակներում, ապա այդ դեպքում պետք է տալ բացասական եզրակացություն: Այս գաղափարախոսությունը մտցնել հնարավոր չեղավ, և արդեն մնացածի մասին խոսելը դառնում է անիմաստ, որովհետև ինչպես էլ անցնեն հանրային լսումները և որքան էլ հիմնավորված ներկայացնես խնդիրները, միևնույն է՝ չկա մեխանիզմ` իրավական արդյունք ստանալու: Եկեք ընդունենք մի փաստ, որ ՀՀ-ում օրենքները չեն գործում»,- ասաց Լեւոն Գալստյանը:

«Մենք որոշեցինք դիմել երկրի նախագահին:  ՀՀ Ազգային ժողովի հունիսի 21-ին ընդունված օրենքը իր բովանդակությամբ հակասում է Օրհուսի կոնվենցիայի պահանջներին և չի բխում մեր երկրի բնապահպանական և ժողովրդավարական սկզբունքներից, չի նպաստում բնապահպանական խնդիրների լուծմանը»,- իր խոսքում նշեց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ  օրենքը չստորագրելու խնդրանքով ՀՀ Նախագահին  նամակով դիմել են Հայաստանի Օրհուս կենտրոնները:

Մամուլի ասուլիսի մանրամասները` տեսանյութում:



12:21 Հուլիս 09, 2014


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news