«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի բնապահպանական խոստումները

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի բնապահպանական խոստումները

ԷկոԼուր

2017թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Դաշինքը միավորել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Դաշինքը իր ընտրողներին է ներկայացնում բնապահպանական ծրագիր` սկսած բնապահպանական ոստիկանության ստեղծումից, վերջացրած Երևանի անապատցման դեմ պայքարով:

Դաշինքի նախընտրական ծրագրի «Բնապահպանություն» բաժնում գրված է.
«Արդյունաբերության (հատկապես հանքարդյունաբերության), էներգետիկ և այլ ոլորտների զարգացումը չպետք է խաթարի մեր երկրի բնապահպանական հավասարակշռությունը։ Հանքաքարի հարստացումից դեպի մետաղի ձուլմանը և վերջնական արտադրանքի ցիկլի վերականգնմանը անցումը անհրաժեշտ է կատարել բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ: Մեր դաշինքը հատուկ ուշադրություն է դարձնելու բնապահպանական խնդիրներին։

բ. Հատուկ ուշադրության ենք արժանացնելու «Ամուլսարի» նախագիծը, որը կարող է կոտրել Հայաստանի «էկոողնաշարը»,
գ. հանձնաժողով ենք ստեղծելու, որը զբաղվելու է փոքր ՀԷԿ-երի՝ բնությանը հասցվող վնասը զրոյին մոտեցնելու համար,
դ. համալիր ծրագիր ենք իրականացնելու անտառների նոսրացումը կանխելու, դրանց վերականգնման, ծանր մետաղներով հողերի աղտոտվածությունը վերացնելու ուղղությամբ,
ե. հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծելու ենք ջրային ավազանների՝ գետերի և լճերի աղտոտվածության խնդիրը. Սևանը լինելու է մեր էկոլոգիական մշտական հոգածության և ուշադրության առարկան:

Մեր դաշինքի համոզմամբ՝ Հայաստանը չպետք է լինի որպես հանքահումքային կցորդ: Հանքերի շահագործումը պետք է համապատասխանեցվի բնապահպանական պահանջներին:

Մենք համոզված ենք, որ պետք է տասնապատկվեն բնությանը վնաս հասցնելու համար սահմանված տուգանքները:

Նաև իրականացնելու ենք հետևյալ գործնական քայլերը՝
• Ընդունելու ենք բնական պաշարների արդյունավետ օգտագործման մասին ՀՀ օրենք, որը կկարգավորի հետևյալ սկզբունքային խնդիրները. որոշումների ընդունում առավելագույնս ամբողջական տեղեկատվության հիման վրա և դրանց ամրապնդում համապատասխան սոցիալ-տնտեսական միջոցառումներով, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք համակարգի ներդրում, բնական պաշարամիջոցների պահպանման և կայուն օգտագործման արտադրաեղանակների մատչելիության ապահովում, շրջակա միջավայրի աղտոտման, բնօգտագործման համար պատասխանատվության բարձրացմանը միտված գանձումների համակարգի ներդրում` բնապահպանական նախագծերի ու ծրագրերի իրականացման նպատակով:
• Վերացնելու ենք բնապահպանության ոլորտը և բնական պաշարամիջոցների շահագործումը կարգավորող օրենսդրական ակտերում առկա հակասությունները, կրկնություններն ու տարընթերցումները և ամբողջությամբ համապատասխանեցնելու ենք բնապահպանական ոլորտի միջազգային կոնվենցիաների պահանջներին:
• Խստացնելու ենք բնապահպանության ոլորտի պահպանման և կարգավորման հիմնախնդիրների լուծմանն ուղղված նորմատիվային-իրավական պահանջները, հիմնելու ենք բնապահպանական ոստիկանություն` չարաշահումներին արագ արձագանքելու կամ դրանք կանխելու հիմնական առաքելությամբ:
• Բնապահպանական ցանկացած նորմի խախտման դեպքում կիրառելու ենք վարչական խստագույն միջոցներ` տույժեր և տուգանքներ, ինչպես նաև քրեական պատասխանատվության միջոցներ:
• Օրենքը խստագույնս կիրառելու ենք մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում քաղաքաշինության, կանաչ տարածքների պահպանման գործում պետական պատասխանատուների նկատմամբ:
• Ապահովելու ենք գործող օրենքի լիարժեք կիրառում ՀՀ տարածքում հաշվառված 470 հանքարդյունաբերական օբյեկտի շահագործման արդյունքում գոյացող «դատարկ ապարների» տեղահանման և տեղադրման համար դրանց շահագործող տնտեսվարող սուբյեկտներից բնապահպանական վճարների լիարժեք գանձման նպատակով:
• Ապահովելու ենք «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրառում պահանջվող շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց, ինչի հաշվին հանքարդյունահանողներից բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում առնվազն 428 մլրդ դրամ (շուրջ 1,1 մլրդ ԱՄՆ դոլար) կմուտքագրվի պետբյուջե, ընդ որում՝ դրա մի մասը` գույքի և բաժնեթղթերի ձևով:
• Էկոլոգիական դաստիարակության ու մշակույթի ձևավորման միջոցով անտառների, կանաչ տարածքների վերականգնումը և շրջակա միջավայրի պահպանությունը վերածելու ենք համաժողովրդական հոգածության առարկայի` ծառատնկումների, տարածքների մաքրման՝ սիզամարգերի խնամքի գործը դարձնելով յուրաքանչյուր քաղաքացու վսեմ պարտքը:
• Օզոնաքայքայող նյութերի, ավտոտրանսպորտի արտանետումների կրճատման ուղղությամբ կիրառելու ենք արդյունավետ և գործուն միջոցներ:
• Վճռականորեն կասեցնելու ենք հայրենի բնության ինքնատիպ կենդանական աշխարհն ամլացնող համատարած որսագողությունը և անօրինական անտառահատումները:
• Անհապաղ միջոցներ ենք ձեռնարկելու հանրապետության, այդ թվում` Երևանի անապատացման վերահաս վտանգը կանխելու համար:
• Արդյունավետ և խստագույն պայքար ենք մղելու քաղաքաշինական նորմերի խախտմամբ իրականացվող շինարարության դեմ:
• Փոփոխություններ և լրացումներ ենք առաջարկելու «Բուսական աշխարհի մասին»,
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին», «Թափոնների մասին» «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքներում` շրջակա միջավայրի պաշտպանության, նրա վերարտադրության երաշխավորված մեխանիզմների ամրապնդման, խաթարման համար պատասխանատվության ու վերահսկողության խստացման նպատակով:
• Վերը թվարկված խնդիրները լուծելու նպատակով լրամշակել «Ջրային օրենսգիրքը», «Անտառային օրենսգիրքը», «Ընդերքի մասին օրենսգիրքը», «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքները:
• Փոփոխություն կատարել բնօգտագործման հարկատեսակների մասին օրենքում` ներմուծվող ավտոմեքենաների հարկման չափը դնելով կախվածության մեջ ոչ թե մեքենայի գնից, այլ շարժիչի ծավալից և օգտագործվող վառելանյութի տեսակից:
• Լրամշակել «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքները»:

14:11 Մարտ 16, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news