2013 թ-ին EBRD-ին ունեցել է ռեկորդային թվով գործարքներ. Սումա Չակրաբարտի

2013 թ-ին EBRD-ին ունեցել է ռեկորդային թվով գործարքներ. Սումա Չակրաբարտի

ԷկոԼուր

Այսօր՝ մայիսի 14-ին,  Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD)  23-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը անցկացվում է Վարշավայի ազգային ստադիոնում: Հանդիպմանը ներկա են 67 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանը:

Ներկաներին ողջունեցին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը  և EBRD-ի նախագահ Սումա Չակրաբարտին:

«Զարգացման յուրաքանչյուր փուլում  մեր բաժնետերերն աջակցում են մեզ: Այսօր մենք աշխատում ենք երեք մայրցամաքներում՝ Եվրոպա, Ասիա եւ Աֆրիկա: Ես ուրախ եմ հայտնել ձեզ, որ անցյալ տարի մենք կրկին ունեցել ենք շատ ուժեղ ինստիտուցիոնալ գործունեություն: 2013 թ-ին մենք ունեցել ենք ռեկորդային թվով գործարքներ՝ 392: Դա բավականին բարձր ցուցանիշ է մեկ կարճ տարվա համար: Բանկի տարեկան ներդրումները կազմել են 8,5 միլիարդ եվրո»,- ասաց Սումա Չակրաբարտին՝ հավելելով, որ բանկը պետք է նաև ազնիվ լինի այն խնդիրների նկատմամբ, որոնց հետ բախվում են բանկի հետ համագործակցող շատ  երկրներ:  

Նշենք, որ Հայաստանից ժամանած պատվիրակության ղեկավարն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Հանդիպմանը ներկա է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում EBRD-ին ֆինանսավորում է ծրագրեր հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում: Հայաստանում EBRD -ի կողմից ֆինանսավորվող ամենասկանդալային ծրագիրը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն է:

15:06 Մայիս 14, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news