Ներսես Երիցյան. Չեմ ուզում՝ հիմա խոսենք կենսաթոշակից

Ներսես Երիցյան. Չեմ ուզում՝ հիմա խոսենք կենսաթոշակից

ԷկոԼուր

Մայիսի 14-15-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) 23-րդ տարեկան հանդիպումը, որին մասնակցում էր նաև Հայաստանը: Վարշավայի ազգային ստադիոնում, որտեղ անցկացվում էր բանկի հանդիպումը, ԷկոԼուրը  զրուցեց Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի հետ:

- Պարո՛ն Երիցյան, մի քանի տարի առաջ EBRD-ի հետ հանդիպման ժամանակ Հայաստանը հայտարարել էր, որ կդառնա տարածաշրջանում ֆինանսական կենտրոն, սակայն չհաջողվեց: Ի՞նչ հավակնություններ ունի այժմ Հայաստանը EBRD-ի հետ հարաբերություններում:

-EBRD-ն հրապարակել է իր ռազմավարությունը, և միայն կարելի է նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում, կարծում եմ, երկուսից ավելի անգամ աճել է EBRD-ի գործառությունները Հայաստանում և՛ ֆինանսական առումով, և՛ ծրագրերի քանակով: EBRD-ն նաև ընդլայնել է իր գործունեությունը վերջին տարիներին և ենթակառուցվածքներում, բացի մասնավոր ընկերությունների և բանկային ներդրումներից, նաև իրական հատվածում ներդրումներ է իրականացրել: Ըստ էության, վերջին հաջողությունը, որը արձանագրեցինք EBRD-ի մասով,  իրենց կողմից տեղական արտարժույթով մեր կապիտալի շուկան զարգացնելու համար դրամով պարտատոմսերի թողարկումն էր, և հույս ունենք, որ կենսաթոշակային ֆոնդերի զարգացմանը զուգընթաց այդ ուղղությունն ավելի կխորանա:

- Կենսաթոշակային համակարգի զարգացումը անհրաժե՞շտ է Հայաստանի համար:

- Կենսաթոշակային համակարգն առաջին հերթին ապահովում է բարեկեցիկ ծերություն մեր քաղաքացիների համար: Մենք պիտի ունենանք կենսաթոշակային համակարգ և կարևոր է, որ դա ճիշտ դիզայն արած լինի և սոցիալապես ճիշտ հաշվարկած լինի, բայց նաև այլ օգուտներ է բերելու և տնտեսության վրա ազդեցության տեսակետից, որովհետև տնտեսական աճը շարժվում է խնայողություններով: Որքանով մենք ի վիճակի ենք որպես ժողովուրդ խնայել և այդ խնայողություններով ճիշտ ներդրումներ իրականացնել, այնքանով էլ մեր զարգացումը կարող ենք ինքներս ապահովել: Երբ ասում ենք մենք մեր զարգացումը պետք է ապահովենք, դա նշանակում է, որ մենք պիտի կարողանանք ունենալ մեր խնայողությունները և մեր խնայողություններով ճիշտ ներդրումնել կատարել:

-Բացի կենսաթոշակային համակարգից մենք զարգացման այլ ուղիներ չունե՞նք մեր երկրի համար, որովհետև գիտենք, որ հասարակության մեծ մասը դեմ է կենսաթոշակային համակարգին:

-Չեմ ուզում՝ հիմա խոսենք կենսաթոշակից:

-Զեկույց, հաշվետվություն, ի՞նչ արդյունքներ եք ներկայացրել EBRD-ին, ի՞նչ ձեռքբերումներ ունի Հայաստանը:

-Մերը պատվիրակություն է, այստեղ ֆորմատը տարբեր է: Մասնակցել ենք հիմնականում տնօրենների խորհրդի նիստին, հանդես ենք եկել ելույթով, հայտարարությունով, տարբեր հարցադրումներով, ներկայացրել ենք մեր երկրի առաջնահերթությունները, նաև մենք այստեղ մեզ հետ ունենք մի շարք բանկեր և բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք տարբեր ֆորմատներով հանդիպումներ են իրականացնում և նոր ֆինանսավորման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ են ստեղծում իրենց համար: 

- Գոհ ե՞ք հանդիպումից:

- Այո: 

Հիշեցնենք, որ Վարշավայում ԷկոԼուրը զրուցել էր նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանի հետ, ով նույնպես Հայաստանի տնտեսական զարգացման ուղին տեսնում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մեջ:

Լուսանկարը` ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի

14:47 Մայիս 19, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news