Հանքարդյունաբերություն և կենսաթոշակ

Հանքարդյունաբերություն և կենսաթոշակ

ԷկոԼուր

ԷկոԼուրը երեկ՝ մայիսի 14-ին, Վարշավայում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան հանդիպման ժամանակ հարց էր բարձրացրել, թե ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանա Հայաստանը, երբ 20-25 տարի անց հանքարդյունաբերության ինտենսիվ գործունեության արդյունքում սպառվի երկրի ընդերքը:

EBRD-ի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը, որպես զարգացման ուղի, նշել էր մանր և միջին բիզնեսը:

Այսօր՝ մայիսի 15-ին, ԷկոԼուրը այդ թեմայով զրուցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանի հետ, ով նույնպես մասնակցում է բանկի տարեկան հանդիպմանը:

Ի տարբերություն Էրիկ Բերգլոֆի, Վարդան Արամյանը հանքարդյունաբերությունից հետո Հայաստանի հետագա զարգացումը տեսնում է կենսաթոշակային բարեփոխումների մեջ:

«Կենսաթոշակային բարեփոխումները կձևավորեն խնայողություններ, որն էլ այդ միջոցները կտանի ավելի մրցունակ միջավայր, օրինակ IT (ինֆորմացիոն տեխնելեգիաներ) ոլորտը»,- ասաց Վարդան Արամյանը: Բացի կենսաթոշակային համակարգից, Վարդան Արամյանը Հայաստանի տնտեսական զարգացման համար դժվարացավ այլ հեռանկար նշել:

Ինչ վերաբերում է EBRD-ին, Արամյանի խոսքով՝ «եթե ուզում ենք առաջատար երկիր լինենք պիտի սովորենք, որ ե՛ւ մեր բիզնեսը, ե՛ւ մեր մտածելակերպը լինի եվրոպականի նման: Մեր ժողովուրդն ասում է` մենք եվրոպացի ենք, բայց երկրորդ օրը գնում, այնպիսի բաներ են անում, որ եվրոպական ստանդարտներին հակասում է։ Բիզնեսի մեջ եվրոպական կուլտուրան այն է, որ բիզնեսը պիտի գնա դեպի կապիտալի շուկա։ Իսկ կապիտալի շուկա մտնել, նշանակում է, որ բիզնեսը պիտի բացվի ողջ հանրության առջեւ։ Սովորաբար, բանկն ինքն ունի որոշակի ռազմավարական ուղղություններ՝ ենթակառուցվածքներ, բիզնես, էներգետիկայի ոլորտ, հանքարդյունաբերություն։ Բայց մենք էլ ունենք մեր ստրատեգիան: Մենք էլ ասացինք` եկեք այս անգամ մի քիչ այլ ուղղություններին կարեւորություն տանք՝ փոքր եւ միջին բիզնես եւ արտահանում իրականացնող ձեռնարկություններ։ Ինչպես նաեւ պետական այն նախագծերը, որոնք կարող են սինդիկացված փաթեթներով որոշակի ենթակառուցվածքներ ֆինանսավորել»: ԷկոԼուրի կողմից նշենք, որ և հանքարդյունաբերությունը, և կենսաթոշակային համակարգը, «պատուհաս» են դարձել  Հայաստանի քաղաքացիների համար: Հայաստանում նման զարգացման ուղիները և բարեփոխումները սովորաբար հանգեցնում են արտագաղթի:  Եվ մտահոգիչ է այն հանգամանքը, որ կառավարությունը որպես ելք այլ ուղիներ չի տեսնում: Ստացվում է, որ Հայաստանում ընդերքի սպառմանը կհաջորդի մարդկային պաշարների սպառումը:

18:49 Մայիս 15, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news